Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։26

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Հանի՛ր պսակդ և հեռացրո՛ւ թագը. դա այլևս չի լինելու. ցածրերը պիտի բարձրացվեն, և բարձրերը պիտի ցածրացվեն»։ [26] (Սինոդական թարգ․)
   
   Թե՛ «հանի՛ր» և թե՛ «հեռացրո՛ւ» բառերը եբրայեցերենում կիրառված են անորոշ ձևով, ինչը մեզ հնարավորություն չի տալիս հասկանալու հրամանի վճռականությունը։ Այդ կոչն, անշուշտ, հասցեագրված է Սեդեկիային։
   «Պսակ» - քահանայապետական ​​գլխաշոր (տիարա): Հնարավոր է, որ Հուդայի թագավորները նույնպես կրել են այն՝ ապօրինաբար յուրացնելով թագավորական իշխանությունը, կամ էլ որպես այդ թագավորական իշխանության հնագույն և ամենուր տարածված պարագա։ Կամ էլ, միգուցե, այն «թագ» բառի հոմանիշն է, և կամ, վերջապես, հնարավոր է, որ սա վկայում է նաև քահանայապետական իշխանության ոչնչացման մասին։

   «Դա այլևս չի լինելու» - բառացիորեն՝ «դա չի լինելու դա»։ Սլավոներենում՝ «սա այդպես չի լինելու», այսինքն՝ Սեդեկիայի թագը թագ չի լինելու։ Գալիք արհավիրքին հաջորդելու է իրերի կարգուկանոնի կատարյալ վերափոխությունը, և այդօրինակ փոփոխության դրսևորումներից մեկը նշված է ստորև՝ «ցածրերը պիտի բարձրացվեն», և այլն։

   «Ցածրերը պիտի բարձրացվեն, և բարձրերը պիտի ցածրացվեն» - այստեղ արտահայտվում է ոչ այնքան համընդհանուր ճանաչում ունեցող ճշմարտությունը, որը հանդիպում է Սուրբ Գրքում (Առակ․ 3։34, Ղուկ․ 1:52, Հակ․ 4:6, Ա Պետ․ 5:5), որքան որ սույն արտահայտությունը վերաբերում է Մեսիային և Սեդեկիային, որոնք միմյանց դեմ հանդիման են ներկայացվում (Եզեկ․ 17:24, Ես. 53:2): Հատկանշական է, որ ասվում է նախ ցածրացվածների (նվաստացածների) մասին, որի ներքո Եզեկիելը, մասնավորապես, կարող էր նկատի ունենալ Հեքոնիային (քանի որ Հեքոնիան շուտով բանտից դուրս էր գալու և բազմելու էր գահին՝ դառնալով Մեսիայի նախահայրը)։ Թարգումում ասվում է. «Աքիկամի որդի Գոդողիան պիտի վերցնի իրեն չպատկանող թագը, և նա այն պիտի վերցնի Սեդեկիայի, որին պատկանում էր այդ թագը»։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) այսպէս է ասում քեզ Տէր Աստուած. «Վերցրո՛ւ խոյրդ, հանի՛ր պսակդ, որովհետեւ այդ այդպէս չի վերջանալու: Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. Հեռացրո՛ւ խույրը և հանի՛ր թագը. այլևս նույնը չի լինելու. ցածրին բարձրացրո՛ւ և բարձրին ցածրացրո՛ւ։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. ‘Ի բա՛ց առ ‘ի քէն զխոյրդ, և հա՛ն զպսակդ. զի այդ՝ ո՛չ այդպէս վճարեսցի. խոնարհեցուցեր զբարձրացեալն, և բարձրացուցեր զխոնարհեալն․