Ա. Լոպուխին
31-34. «Դու գնացիր քո քրոջ ճանապարհով, դրա համար էլ քո ձեռքում պիտի դնեմ նրա բաժակը»։ «Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի խմես քո քրոջ բաժակը՝ խոր ու լայն, և ծաղր ու ծանակ պիտի դառնաս դրա մեծ տարողունակության համեմատ»։ «Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը»։ ««Եվ պիտի խմես այն ու պիտի քամես և նրա բեկորները պիտի լիզես և կուրծքդ պիտի պատառոտես, որովհետև Ե՛ս ասացի դա»,- ասում է Տեր Աստված»։
Աստծո բարկության բաժակի պատկերն այստեղ առաջին անգամ է հանդիպում Եզեկիելի մարգարեության մեջ, սակայն այդ համեմատությունը բավականին տարածված երևույթ էր՝ դեռևս մինչև Եզեկիել մարգարեն (Սաղմ․ 74:9, 10, Ես․ 60։17, Ամբ․ 2:15 և այլ տեղիներ) և հատկապես սիրված պատկեր էր Երեմիա մարգարեի համար (հիշատակվում է 25:15-րդ, 16-րդ համարներում և ևս 3 այլ տեղիներում): «Ինչպես դեղամիջոցը (cathartiam) հիվանդին տրվում է մարմնի մեջ եղած վնասակար վիրուսները հեռացնելու համար, այդպես էլ Տերն է տալիս դառը տառապանքների բաժակը, որպեսզի մեղավորների միջից հեռացնի նրանց ունեցած ամբողջ մաղձն ու դառնությունը և վերականգնի նրանց նախկին առողջությունը»: (Հերոնիմոս Երանելի): Ինչպես ցանկացած պատկեր և համեմատություն, այս պատկերը նույնպես Եզեկիել մարգարեի կողմից մշակված է մանրամասնորեն, իր բոլոր հանգամանքներով հանդերձ (31-34-րդ համարներ)։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Քրոջդ ճանապարհով ընթացար, եւ նրա բաժակը քո ձեռքն եմ տալու»: Այսպէս է ասում Տէր Աստուած.
(Արարատ թարգ․) Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։
(Գրաբար) Զճանապարհս քեռ քո գնացեր. և տա՛ց զբաժակ նորա ‘ի ձեռս քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: