Ա. Լոպուխին
«Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. «Դուք ասում եք այսպես. «Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք մաշվում ենք նրանց մեջ. ուրեմն մենք ինչպե՞ս կարող ենք ապրել»»։ [10] (Սինոդական թարգ․)
Մարգարեի առջև դրված երկրորդ խնդիրը՝ մեղավորներին նախազգուշացնելուց հետո, նրանց հուսահատությանը դիմակայելն է՝ դրան հակադարձելով Աստծո ողորմության երաշխավորությամբ: Այս համարը հետաքրքրական լույս է սփռում գերիներին համակած տրամադրության վրա. երբ մարգարեների կանխատեսած անհավատալի սպառնալիքն իրականություն դարձավ և Երուսաղեմն ընկավ (կամ էլ՝ գտնվում էր անկման նախօրեին), ժողովրդի հուսահատությունն այն աստիճան մեծացավ, որքան մեծ որ նախկինում նրանց ինքնավստահությունն էր (հմմտ․ Զաք. 7:3, 8:19): Մարգարեն հենց այդպես էլ կանխագուշակել էր (Եզեկ․ 24:23) և այժմ էլ նա հենց դա է կանխատեսում (21-րդ համարում հնչող ակնկալիքը): Մարգարեն, իր սովորության համաձայն, հենց ժողովրդի շուրթերից է վերցնում համապատասխան արտահայտությունը։
«Դուք ասում եք» - ասել է թե՝ «դուք սովորություն և իրավասություն (Կիմխի) ունեք խոսելու:
«Հանցանքները (սլավոներենում՝ «զվարճանքները», որ պետք է լինի ցուցում կռապաշտության վերաբերյալ) և մեղքերը (սլավոներենում՝ «արատները») մեզ վրա են» - այսինքն՝ «մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեղադրում են մեզ Աստծո առաջ և գրգռում են Նրա բարկությունը»:
«Եվ մենք մաշվում ենք նրանց մեջ» - որով և իրականացավ Ղևտացվոց գրքի 26:39-րդ համարի սպառնալիքը. այստեղ վերցված է դիակի պատկերը․ ժողովուրդը մեռած է (Եզեկ․ 37:11):
«Ուրեմն մենք ինչպե՞ս կարող ենք ապրել» - ինչպես կարող է իրականանալ 5-րդ համարի խոստումը։ Այս արտահայտությունը ցույց է տալիս նաև հինկտակարանյան մարդու՝ հետմահու կյանքի վերաբերյալ ունեցած պատկերացումների ամբողջ մռայլությունը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայէլի այդ տանը. «Այսպէս խօսեցէ՛ք ու ասացէ՛ք՝ մեր մոլորութիւններն ու անօրէնութիւնները մեր մէջ են, եւ մենք դրանց մէջ մաշւում ենք, ինչպէ՞ս ազատուենք»:
(Արարատ թարգ․) Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ ասա՛ ցտունդ Իսրայէլի. Ա՛յսպէս խօսեցարուք և ասացէ՛ք, եթէ մոլորութիւնք մեր և անօրէնութիւնք մեր 'ի մե՛զ են, և մեք' ի նոսին մաշիմք. և զիա՞րդ ապրեսցուք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: