Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։7

Ա. Լոպուխին

«Ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ․ և մինչ ես մարգարեանում էի, մի աղմուկ եղավ, և ահա մի շարժում, և ոսկորները սկսեցին մոտենալ՝ ոսկորն իր ոսկորի մոտ»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Մինչ ես մարգարեանում էի» - իսկ թե ինչի՞ մասին, տե՛ս 5-րդ և հաջորդող համարներում (տե՛ս նաև 4-րդ համարի բացատրությունը)։

   «Աղմուկ եղավ» - սկզբում այդ աղմուկը, հավանաբար, այնքան խուլ և անորոշ էր, որ մարգարեն չկարողացավ որոշարկել, թե այն որտեղից էր հնչում։ Իսկ այնուհետև էլ այդ աղմուկը սահմանվեց որպես «շարժում»՝ եբրայեցերեն «ռաաշ» բառի համապատասխան, մի բառ, որով Եզեկիելի մարգարեության 3:12-րդ համարում մատնանշվում էր երկրաշարժը (սակայն 12:18-րդ համարում էլ այն նշանակում էր «դող»)։ Այստեղից էլ հետևում է սլավոներենում «վախ» բառի կիրառությունը, որը պետք է որ մատնացույց աներ վերաբերմունքը ոսկորների միջև առկա այն շարժման նկատմամբ, որն առաջանում էր ոսկորների՝ միմյանց հետ հպումից․ դյուրին է պատկերացնել, թե այդ տեսարանի առջև ինչպիսի մեծ սարսափ կարող էր առաջանալ, իսկ այդ նշյալ շարժումն էլ եթե ոչ իր ուժգնությմաբ, ապա առնվազն իր թողած տպավորությամբ կարող էր երկրաշարժ հիշեցնել: Ուստի անտեղի է Քլիֆոթի այն ենթադրությունը, համաձայն որի՝ այդ աղմուկը շեփորի կամ Աստծո ձայնն էր (որը լսելով՝ մարմինները հարություն պիտի առնեն), իսկ շարժումն էլ, ըստ այդ մեկնաբանի, երկրի ցնցումն էր, որի արդյունքում հարության ժամանակ պիտի բացվեն գերեզմանները։

   «Ոսկորն իր ոսկորի մոտ» - ա՛յն ոսկորի, որի հետ այն պիտի կապված լինի․ այս «արդյունքին» հասնելու համար յուրաքանչյուր ոսկոր պետք է տեղաշարժվեր մեծ կամ ավելի փոքր տարածության մեջ, ինչից էլ որ առաջանում էր աղմուկն ու շարժումը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին:
(Արարատ թարգ․) Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։
(Գրաբար) և մարգարէացայ որպէս և հրաման ետ ինձ Տէր։ Եւ եղև բարբառ ‘ի մարգարէանալն իմում, և ահա շարժո՛ւմն. և մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւրաքանչիւր յօդս.