Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Գոգը Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ»։[2] (Սինոդական թարգ․)
Գոգն այստեղ մի անձնավորություն, մի իշխան է Մագոգի երկրից, սակայն Հայտնության գրքի 20:8-րդ համարում այդ անունը, ինչպես որ Մագոգ անունը, ազգերի անվանումներ են: Սանսկրիտական լեզուներում «Մա» մասնիկը պարունակում է երկրի գաղափարը և, Գոգ անունից առաջ դրված լինելով, կարող է արտահայտել «Գոգի երկիր» իմաստը․․․
«Իշխան» - եբրայեցերենում՝ «նասի»։ Այստեղ խոսքը հետագայում թվարկվող ժողովուրդների իշխանի մասին է, ժողովուրդներ, որոնք նվաճված լինելով, Գոգին պետք է որ ավելի շատ ենթակա լինեին, քան նրան (Գոգին) ենթակա էր իր հայրենի Մագոգ երկիրը։
«Ռովս» - եբրայեցերենում՝ «գլուխ», «գլխավոր», ինչից կարող ենք ենթադրել, որ այն, միգուցե, վերաբերում է իշխան բառին՝ «գլխավոր իշխան», ճիշտ այնպես, ինչպես որ քահանայապետին էլ անվանում էին «կոհեն ռոգա» - «գլխավոր քահանա»։ Վուլգաթայում հենց այդպես է, որ կա․ «Princeps capitis»։ Սակայն Յոթանասնից թարգմանությունը և մնացած բոլոր հնագույն թարգմանությունները «Ռովս»-ը համարում են հատուկ անուն, և հետևաբար՝ մի որևէ ժողովրդի անուն։ Աստվածաշունչն այդպիսի ժողովրդի չի ճանաչում։ Այս անվան հետ համեմատության մեջ է դրվում 10-րդ դարի բյուզանդական և արևելյան գրողների կիրառած «oi RwV» արտահայտությունը (հմմտ․ Ռաս Կորան XXV, 50), որոնք նշյալ անվանումով են կոչում սկյութական լեռնային մի ժողովրդի, որը բնակվում էր Արկտիկական Տավրոսի կամ Սև ծովի և Վոլգայի մերձակայքում՝ այդպիսով, ակնհայտորեն, նկատի ունենալով ռուսներին։ Նմանօրինակ համապատասխանեցման (Gesenius) դեմ արտահայտվելով՝ Հենգստենբերգը նշում է, որ «ռուսները չեն կարող դասվել Աստծո թագավորության թշնամիների շարքում»: Այսպիսի մի համապատասխանեցում են փորձում կատարել նաև Պլինիոսի (Hist. nat IV, 12) և Պտղոմեոսի (III, 5) գործածած «Roxolani» (= Rhos + Alani) և «Ռասի» բառերի հետ, որոնք տեղ են գտել Էլամի արևմտյան սահմանին՝ Տիգրիսի ափին պահպանված սեպագիր արձանագրություններում (Del. W. 1. d. Par. 322. Schr. Keil. u. А. Т., 427)։ Բոլոր դեպքերում սա նույնպես ամենահեռավոր հյուսիսում գտնվող մի ժողովուրդ էր, որը սարսափելի էր իր անհայտության պատճառով։
«Մոսոք» և «Թոբել» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 27:13-րդ համարի բացատրությունը (հմմտ․ Եզեկ․ 32:26)։ 19։4-րդ Սաղմոսում նույնպես «Մոսոքը» մի անողոք ու բարբարոս ժողովրդի կերպար էր մարմնավորում։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Գոգի եւ Ռոսմեսոքի ու Թոբէլի իշխան Մագոգի երկրի դէմ եւ մարգարէացի՛ր նրա մասին, ասա՛ նրան.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Գո՛գը դարձրու Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի գլխավոր իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ Գովգայ, և երկրին Մագովգայ, իշխանին Ռովսմեսովքայ և Թոբելայ. և մարգարեա՛ ‘ի վերայ նորա,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: