Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։8

Ա. Լոպուխին

«Շատ օրեր հետո դու պետք կլինես. վերջին տարիներին դու պիտի գաս սրից ազատված մի երկիր, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից՝ Իսրայելի լեռների վրա, որոնք մշտական ամայության մեջ էին, բայց այժմ նրա բնակիչները պիտի վերադարձվեն ազգերի միջից, և նրանք բոլորն էլ ապահով պիտի ապրեն»։ [8] (Սինոդական թարգ․)
   

   Չնայած որ Գոգն արդեն իսկ պատրաստ է, սակայն դեռ չի եկել ժամանակը, որպեսզի Տերն օգտագործի նրան, քանի որ նախևառաջ Իսրայելը պետք է բնակվեր իր երկրում:

   «Շատ օրեր հետո» - հմմտ․ Ես․ 24։22-րդ համար։ Նույնն է, ինչ «վերջին տարիները»՝ աշխարհի վախճանին, ըստ Հայտնություն գրքի 20:7-րդ համարի՝ խորհրդանշական 1000 տարիներ անց։

   «Պետք կլինես» - սա ենթադրական թարգմանությունն է եբրայեցերեն «տիպպակեդ» բառի, որը Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ստույգ տարընթերցվում է «կպատրաստվես» (բառացիորեն՝ «քննության ենթարկվել»), Վուլգաթայում՝ «visitaberis»։

   «Սրից ազատված մի երկիր» - «երկիր» բառը «ժողովուրդ» բառի հոմանիշն է, հենց որի մասին էլ միայն, ըստ էության, կարելի է ասել՝ «սրից ազատված», և հատկապես՝ «շատ ազգերի միջից, - այսինքն՝ գերությունից, - վերահավաքված»։

   «Իսրայելի լեռների» - Պաղեստինի վերաբերությամբ կիրառվող Եզեկիելի սիրելի անվանումն է, որի մեջ կարելի է տեսնել լեռնաբնակ մարդու սերը դեպի իր երկիրը, լեռնաբնա՛կ, որը բռնությամբ վերաբնակեցվել է հեռավոր և ցածրադիր օտարության մեջ։

   «Մշտական ամայության մեջ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «շատ դատարկ»՝ «di olon»: Պաղեստինը 70 տարվա գերության ընթացքում ամայի էր, սակայն այս արտահայտությունը կարող է ցույց տալ Փրկչի մահվանից մինչև Նեռի գալուստն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում հրեաները ցիրուցան էին եղած այս ու այն կողմ:

   «Նրանք բոլորն էլ ապահով պիտի ապրեն» - «Այդպիսին պիտի լինի եկեղեցու կացությունը բարու և չարի միջև վերջին պայքարից առաջ» (Տրոշոն):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Պատրաստուի՛ր, որ բազում օրեր յետոյ, երբ գայ ժամանակների վախճանը, հասնէք սրից ապահով երկիրը՝ շատ ազգերի միջից հաւաքուելով Իսրայէլի երկրում, որ ամբողջովին աւերակ է դարձել: Նոյն ազգերի միջից հաւաքուելով՝ բոլորն էլ խաղաղութեամբ են ապրելու:
(Արարատ թարգ․) Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։
(Գրաբար) Յաւուրց բազմաց պատրաստեսցի, և ‘ի վախճան ժամանակաց եկեսցէ՛ և հասցէ յերկիրն յապահով ‘ի սրոյ. ժողովեալ յազգաց բազմաց յերկիրն Իսրայէլի, որ եղև աւերակ համօրէն. և նոյն յազգաց ժողովեալ՝ և բնակեն խաղաղութեամբ ամենեքին: