Ա. Լոպուխին
«Քանդակված էին քերովբեներ ու արմավենիներ․ մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և յուրաքանչյուր քերովբեն երկու դեմք ուներ»։[18] (Սինոդական թարգ․)
Այս խորհրդավոր տաճարի հիմնական զարդարանքը ճիշտ նույնն էր, ինչ Սողոմոնի տաճարում (Գ Թագ. 6:29) և Վկայության խորանում․ խոսքը քերովբեների պատկերների մասին է։ Մարդկային միտքը բարձրացնելով դեպի Աստծո գահը՝ այս պատկերները տաճարը վերածում էին բարձրագույն մի Երկնքի: «Պատերի երկայնքով՝ լուռ շարքերում արմավենիների ընդմիջարկումներով կանգնած այս քերովբեները նման էին Թեբեի և Կորսաբադի պատերին պատկերված նույնանման կերպարների շարքին» (De Vogue, Le temple de lerusalem pp. 32): Սուրբ Գրքում այդքա՜ն խորհրդանշական նշանակություն ունեցող արմավենու ծառի հետ (Եզեկ․ 40:16-րդ ) ընդմիջարկումներով ներկայացող քերովբեների պատկերներն այնպիսի տպավորություն էին թողնում, որ այդ պատկերները դրված էին այգում, իհարկե, մի սրբազան, դրախտային այգում, Աստծո պարտեզում, այսինքն՝ դրախտում: Առաջին տեսիլքում մարգարեին հայտնվել էին 4 դեմք ունեցող քերովբեներ. այստեղ արդեն՝ պատի վրա պատկերված լինելով, դրանք բնականորեն չէին կարող «ցուցադրել» իրենց բոլոր 4 դեմքերը: Իսկ ինչպե՞ս են ստեղծվել քերովբեների պատկերները․ դրանք փորագրվե՞լ են, թե՞ պատկերվել են որպես խորաքանդակներ․ եբրայեցերեն «ասուի» բայն այս հարցին չի պատասխաոնում, այլ նշանակում է միայն՝ «ստեղծվել են»: Սակայն Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «քանդակներ» բառը, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի շատ հակված լինել խորհելու հենց խորաքանդակների մասին։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) քերովբէներ էին քանդակուած ու արմաւենիներ. մի արմաւենին քերովբէների արանքում էր, երկու քերովբէները՝ իրար դիմաց:
(Արարատ թարգ․) Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։
(Գրաբար) քերովբ քանդակեալ ՝ և արմաւենիք. և արմաւենի մի 'ի մէջ քերովբէիցն, և երկու քերովբէքն հանդէպ միմեանց. միոյ քերովբէին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: