Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։13

Ա. Լոպուխին

«Նրանք չպիտի մոտենան Ինձ, որպեսզի քահանայություն անեն Իմ առջև և դիպչեն Իմ բոլոր սրբություններին, Սրբությունների Սրբությանը, այլ պիտի կրեն իրենց նախատինքը և իրենց պղծությունները, որոնք գործել են»։ [13] (Սինոդական թարգ․)
   

    Ղևտացիների պարտականությունների մասին դրականորեն խոսելով՝ մարգարեն բուն ղևտացիների անձերի' վերաբերությամբ բացասաբար է արտահայտվում, ինչը պարզորոշ կերպով և ոչ առանց դառնության բնութագրում է նրանց ցածրակարգ, բայց և իրենց լիովին արժանի աստիճանը։ Նրանք չեն կարող Աստծուն մոտենալ նույնքան մերձավորությամբ, որքան դա կարող են անել քահանաները (Եզեկ. 40:46, 42:13, 43:19)`

    ա) անմիջական քահանայագործության միջոցով (զոհաբերություններ, խունկ մատուցելով և այլն),

    բ) սրբություններին մոտենալով (Յոթանասնից թարգմանության մեջ «Իմ» բառի փոխարեն առկա է «Իսրայելի որդիներ» արտահայտությունը…եբրայեցերենում` «mikvashim», որն այլ հատվածներում ունենալով «սրբարան» նշանակությունը, այստեղ, հավանաբար, ինչպես ցույց է տալիս հոգնակի թիվը, նշանակում է «զոհաբերություններ», որոնցից ամենասրբազանները, օրինակ՝ մեղքի և հանցանքի համար մատուցվող զոհաբերությունները (նախատեսված միայն քահանաների համար) հետագայում կոչվում են «Սրբությունների Սրբություն», ինչպես Եզեկ. 42:3-րդ համարի b մասում, Թվ. 4:19-րդ համարում:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանայ չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայէլի զաւակների սրբութիւններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբութիւններին: Նրանք կրելու են իրենց անարգանքը իրենց արած մոլորութեան համար:
(Արարատ թարգ․) Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։
(Գրաբար) և մի՛ մերձեսցին առ իս քահանայանալ ինձ, և մի՛ հպել յամենայն սրբութիւնս որդւոցն Իսրայէլի, և մի՛ յամենայն սրբութիւն սրբութեանց իմոց. և ընկալցին զանարգանս իւրեանց մոլորութեամբն զոր մոլորեցան: