Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։19

Ա. Լոպուխին

«Իսկ երբ հարկ լինի դուրս գալ արտաքին գավիթ՝ արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, այդ ժամանակ նրանք հանեն իրենց այն հանդերձները, որոնցով նրանք ծառայում էին, և դրանք պետք է թողնեն սուրբ սենյակներում, ու ուրիշ հանդերձներ պիտի հագնեն, որպեսզի իրենց սրբազան հանդերձներով չդիպչեն ժողովրդին»։ [19] (Սինոդական թարգ․)
   

    Ժողովրդի առջև, այսինքն՝ արտաքին գավիթ դուրս գալուց առաջ քահանաները հատուկ սուրբ սենյակներում պետք է հանեն իրենց սրբազան հագուստները, որպեսզի դրանցով «չսրբացնեն ժողովրդին» (ռուսերենում ըստ Թարգումի` «չդիպչեն», սակայն Յոթանասնից թարգմանության մեջ` «Ժողովուրդը թող չսրբագործի»): Ահա մինչև իսկ այս աստիճանի սրբությունը պետք է պաշտպանված լինի աշխարհային որևէ բանի հարձակումից, և չնայած որ աստվածային սրբությունը (որով հեղված էին քահանայական զգեստները) իր հպման միջոցով սրբագործում է աշխարհային ամեն բան, սակայն այդ սրբագործումը այստեղ պետք է «զոհաբերվի», որպեսզի աստվածային այդ սրբության ամբողջ բյուրեղյա մաքրությունն «անձեռնմխելի» մնա: Ահա այս աստիճանի տրանսցենդենտալ (անդրանցական) է Աստվածայինի մասին Եզեկիելի հռչակած գաղափարը: Քննադատական ​​դպրոցն այստեղ անիրավացիորեն տեսնում է սրբության գաղափարի ծայրահեղ նյութականացում, մինչդեռ սա խորը սիմվոլիզմի դրսևորում է:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ու երբ դուրս գան արտաքին գաւիթ՝ ժողովրդի մօտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դնելու են դրանք սուրբ սենեակը եւ հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպէսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն:
(Արարատ թարգ․) Բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում, և դրանք սուրբ սենյակներում դնեն. ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն իրենց հանդերձներով։
(Գրաբար) Եւ յելանելն իւրեանց յարտաքին սրահն առ ժողովուրդն, մերկասցին զպատմուճանս իւրեանց որով պաշտիցենն. և դիցեն զնոսա ‘ի սենեակն սրբութեանց, և զգեցցին ա՛յլ պատմուճանս. և մի՛ սրբեսցեն զժողովուրդն պատմուճանօք իւրեանց։