Ա. Լոպուխին
«Քահանան թող վերցնի մեղքի համար մատուցվող այս զոհաբերության արյունից և այն շաղ տա տաճարի դրանդիներին և զոհասեղանի շրջհարթակի չորս անկյուններին և ներքին գավթի դարպասի դրանդիներին»։ [19]
«Քահանան» - Եզեկիելը քահանայապետին չի ճանաչում, ինչը նրա (Եզեկիելի) և Մովսեսի միջև առկա տարբերություններից մեկն է։
«Արյունից» - զոհաբերության մեջ գլխավորը հենց արյունն է:
«Մեղքի համար մատուցվող այս զոհաբերության» - միայն այստեղ, և այն էլ` ասես անցողիկ կերպով բացատրվում է, որ ցլիկը մեղքի համար մատուցվող զոհաբերություն է։
«Դրանդիներին» - եբրայեցերենում` «mezazat» (տե'ս Եզեկ. 41:21-րդ համարի բացատրությունը)…Յոթանասնից թարգմանության, Պեշիթոյի և Վուլգաթայի մեջ, ինչպես նաև նորագույն շրջանի հեղինակների կողմից սխալմամբ ընդունելի է համարվում այս բառի հոգնակի թվով կիրառությունը, մինչդեռ Եզեկիելի մարգարեության մեջ այն ամենուր կիրառվում է եզակի թվով, քանի որ այդ առարկան իրենից ներկայացնում էր մեկ ամբողջություն...Տաճարի միայն դրանդիներն (դռների ամենակարևոր մասերը. Ելք 12:7) էին ցողվում, քանի որ պղծությունը տաճար կարող էր ներթափանցել միայն դրսից։
«Տաճարի» - եբրայեցերենում` «sayt», տներ՝ Սրբարանի և Սրբություն Սրբոցի կառույցները:
«Եվ զոհասեղանի շրջհարթակի չորս անկյուններին» - «շրջհարթակ», «հրապարակ» - եբրայեցերենում` «azara» (տե'ս Եզեկ. 43:14-րդ համարի բացատրությունը): Ինչպես տաճարը, այդպես էլ զոհասեղանը օծվում (սրբագործվում) է միայն իր հիմքի ստորին, ծայրամասային հատվածներում, որտեղ այն շփվում է իրենից ավելի պակաս սրբազան վայրի հետ, և որտեղ հնարավոր է, որ այն «հանդիպի» անմաքրության։ Յոթանասնից թարգմանության մեջ «azara»-ն հավանաբար այլ կերպ է տարընթերցվել. «...և սրբարանի չորս անկյուններում (այսինքն՝ նրա կառույցի, բացառությամբ դրանդիների, և նրա անկյունների) և զոհասեղանի վրա»։
«Եվ ներքին գավթի դարպասի դրանդիներին» - սրբության առումով զոհասեղանին հաջորդող վայրը ներքին գավիթն է. այն նույնպես մաքրվում է իր ստորին, ծայրամասային հատվածներում, իսկ ահա արտաքին կողմից այլևս չէ մաքրվում...
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քահանան կ՚առնի սրբագործման արիւնից, կը ցանի տան սեմերին, տաճարի չորս անկիւններին, զոհասեղանի վրայ, ներքին գաւթի դռան սեմերին:
(Արարատ թարգ․) Եվ քահանան թող վերցնի մեղքի պատարագի արյունից և քսի տան դրանդիներին, զոհասեղանի շրջանակի չորս անկյուններին և ներքին գավիթի դարպասի սյուներին։
(Գրաբար) Եւ առցէ քահանայն յարենէ քաւութեանն, և ցանեսցէ ‘ի վերայ սեմոց տանն, և ‘ի վերայ չորեցունց անկեանց տաճարին, և ‘ի վերայ սեղանոյն, և ‘ի վերայ սեմոց դրանն ներքին սրահին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: