Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։20

Ա. Լոպուխին

«Եվ ինձ ասաց. «Սա այն տեղն է, որտեղ քահանաները պիտի եփեն հանցանքի համար մատուցված զոհաբերությունը և մեղքի համար մատուցված զոհաբերությունը, որտեղ պիտի թխեն հացի ընծան` առանց այն արտաքին գավիթ տանելու, ժողովրդի սրբացման համար»։ [20] (Սինոդական թարգ․)
   

    Ինչպես երևում է նախորդ համարից` այն սենյակների մոտ, որոնցում քահանաները պետք է ուտեին զոհաբերված կենդանիների այն հատվածները, որոնք պատկանում էին բացառապես իրենց (համաձայն Եզեկ. 42:13-րդ համարի վկայության), տեղ էր հատկացված նաև խոհանոցների' համար, որտեղ էլ եփում էին այդ հատվածները։ Թվարկվում են նաև այն զոհաբերությունները, որոնցից համապատասխան հատվածներ են տրվել քահանաներին (այդ մասին խոսվում էր դեռևս Եզեկ. 44:29-րդ համարում): Ողջակեզի զոհաբերության ժամանակ ամեն բան այրվում էր, իսկ ահա խաղաղության զոհաբերությանը թույլատրվում էր մասնակցել նաև աշխարհիկներին։ Մարգարեն այստեղ խստագույնս զգուշացնում է, որ քահանան չպետք է հաղորդակցվի անսուրբ որևէ բանի հետ, և Եզեկիելի մտահոգությունն այն աստիճանի է հասնում, որ նա նույնիսկ թույլ չի տալիս զոհաբերության ամենասրբազան մասերը դուրս հանել արտաքին գավիթ (ինչպես որ նախկինում հրահանգվել էր սրբազան զգեստների վերաբերյալ – Եզեկ. 13:14, 44:19): Հատկապես զորեղ է «ժողովրդի սրբացման համար» արտահայտությունը, որը զգուշացնում է հեռու զոհաբերության ամենասրբազան մասերով ժողովրդին ինչ-որ կերպ սրբացնելու վտանգից (Վուլգաթայում` «et sanctificelur populus»): Եզեկ. 44:19-րդ համարում ավելի ստույգ է, բայց ոչ այնքան արտահայտիչ. «...որպեսզի իրենց սրբազան հանդերձներով չդիպչեն ժողովրդին» (հմմտ. Ղևտ. 8:31): Յոթանասնից թարգմանության մեջ «հացի ընծան» («mana» - տե՛ս 3-րդ համարի բացատրությունը) արտահայտությունից հետո ավելացվում է «շատ» - «to parapan» - «ամբողջությամբ» արտահայտությունը` այդպիսով հրահանգելով ուտել այդ զոհաբերությունների բոլոր մնացորդները։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, ուր քահանաները եփելու են զոհերի միսը՝ յանցանքների ու մեղքերի թողութեան համար: Այնտեղ են եփելու նաեւ մաննան՝ ամենեւին դուրս չգալով արտաքին գաւիթը ժողովրդին սրբագործելու համար»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Սա այն տեղն է, որտեղ քահանաները պիտի եփեն հանցանքի պատարագի և մեղքի պատարագի միսը, որտեղ հացի ընծան պիտի թխեն, որպեսզի արտաքին գավիթը չտանեն ու ժողովրդին չսրբացնեն»։
(Գրաբար) և ասէ ցիս. Ա՛յս է տեղի յորում եփիցեն քահանայքն զվասն անգիտութեանն՝ և զվասն մեղացն. ա՛նդ եփեսցեն և զմաննայն, ամենևին մի՛ ելանել 'ի սրահն արտաքին սրբել զժողովուրդն: