Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։4

Ա. Լոպուխին

«Բայց դրանից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր ու կրակով այրի՛ր այն. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։ (Սինոդական թարգ․)[4]
   
   Այդ մազերի մի մասը նույնպես այրվում է, ինչը որոշ մեկնիչների համաձայն խորհրդանշում է Գոդողիելի և Իսմայիլի միջև պայքարը, որը նկարագրված է Երեմիայի մարգարեության 40-րդ գլխում։ Սակայն ավելի շուտ դա խորհրդանշում էր գերությունից վերադարձած որոշ հրեաների մահը: Այստեղից երևում է, որ Եզեկիելը սպասում է գալիք «մաքրագործող» դատաստանի, որի ժամանակ կորստյան կմատնվեն առաջին աղետից փրկվածները (հմմտ․ Ես․ 6:13)։ Այդ միտքն արծարծվում է դեռևս 3։16-21-րդ համարներում. «Մահով պիտի մեռնի» (Բերթոլետ):

   «Այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ» - Այնտեղից, որտեղ որ գտնվում էր մազերի վերջին հատվածը, ասել է թե՝ գերության վայրից, աղետից փրկվածներից, հունարեն՝ «exauthV», այսինքն՝ «քաղաքից»։ Այլ մեկնիչների տեսակետի համաձայն՝ պետք է լինի «ժողովրդից», հենց «կրակից»։ Այս վերջին «կրակ» արտահայտության ներքո, ա՛յն կրակը, որը պիտի տարածվեր ամբողջ Իսրայելի տան վրա, մեկնիչները նկատի ունեին գերությունից հետո պատուհասած տարատեսակ աղետները՝ սկսած Անտիոքոս Եպիփանեսի գործադրած հալածանքներից (Թեոդորետոս Երանելի) և վերջացրած Երուսաղեմի երկու ավերածություններով, որոնք տեղի էին ունեցել Տիտոսի և Ադրիանոսի կողմից (Հերոնիմոս Երանելի)։ Այստեղ ավելի հիմնաքարային տեսակետ պետք է համարել այն, որ այդ մաքրագործող կրակն առհասարակ ամբողջ Իսրայելի համար բոցավառված այն հուրն էր, որը եկավ՝ աշխարհ բերելով Փրկչին (Ղուկ․ 12:9), հմմտ․Ես․6։12, 13, Եզեկ․ 6։8-10։ Սակայն այս բացատրությունը նույնպես անխոցելի չէ. Հին Կտակարանում ամենուր կրակը խորհրդանշում է Աստծո դատաստանը (Երեմ․ 4:4, Սոփ․ 3:8 և այլ տեղիներ)։ Այս դեպքում ուրեմն ի՞նչ նպատակի կարող էր ծառայել այդպիսի կրակը, եթե 2/3-ից ավելին արդեն իսկ ոչնչացված էր, և համաձայն Եզեկիելի՝ բոլորը չէ, որ պիտի կործանվեին։ Այս համատեքստից դատելով՝ մեկնիչները կարծում են, որ հետևելով Յոթանասնից թարգմանությանը՝ «ամբողջ Իսրայելի տան» բառերը պետք է փոխկապակցել հաջորդող նախադասության հետ, իսկ ահա «կրակ պիտի դուրս գա» արտահայտությունը հավանաբար հավելում է 19:1-ին համարից (չնայած որ այս արտահայտությունը առկա է բոլոր թարգմանությունների մեջ):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դրանցից էլի կը վերցնես կը գցես կրակի մէջ, կ՚այրես դրանք կրակի մէջ, եւ այնտեղից կրակ դուրս կը գայ:
(Արարատ թարգ․) Եվ սրանցից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր դրանք և կրակով այրի՛ր դրանք. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։
(Գրաբար) Եւ դարձեալ առցես անտի, և ընկեսցես ‘ի մէջ հրոյ, և այրեսցես զնոսա ‘ի հուր, և անտի ելցէ հուր․