Ա. Լոպուխին
«Եվ Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ կանգնած էին նրանց առաջ, և Հեզոնիան՝ Սափանի որդին, նրանց մեջ․ և ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի թանձր ամպը վեր էր բարձրանում»։ [11] (Սինոդական թարգ․)
Նկարագրված պաշտամունքը կատարողները ոչ թե ժողովրդական զանգվածներն էին, այլ երեցներից մի քանիսը, որոնց թիվը մարգարեն հիշատակում է, անկասկած, խորհրդանշական և ավելի մեծ «70» թվով, որն սպառիչ լրիվություն և բազմություն է նշանակում՝ հատկապես իշխանության որևէ մի ներկայացուցչության պարագայում (70 դատավորներ Մովսեսի օրոք, հետագայում արդեն՝ Սինեդրիոնի 70 անդամներ, սակայն, իհարկե, այստեղ չի ենթադրվում Սինեդրիոնը՝ որպես հետգերության շրջանում ձևավորված կառույց; հմմտ․ նաև Դատ․ 1:7, Դ Թագ․ 10:1)։ Անկասկած, «երեցներ» բառի համար «նշանավոր մարդիկ» բնութագրումն այստեղ ոչ միայն բավարար է, այլ նաև ավելի հարմար է, քան «ցեղերի ղեկավարներ» բնութագրումը (ինչպես 1-ին համարի պարագայում էր), քանի որ անհասկանալի է, թե ինչու միայն ցեղերի ղեկավարները, և այն էլ՝ թվով 70 հոգի, պետք է ի մի հավաքվեին կռապաշտության համար (արդյո՞ք նրանք հանդես էին գալիս որպես մի ամբողջ ազգի ներկայացուցիչներ)։ Այստեղ ամենից առաջ հավանական է, որ խոսքն արիստոկրատների մասին է. այդ մարդկանց ազնվական ծնունդն ու դիրքը կարող էին միավորել նրանց (Ceesemann, p. 49): Երեցների միջից մեկին մարգարեն նույնիսկ դեմքով ճանաչեց․ այս Հեզոնիան, որը Սափանի որդին էր, հետևաբար նաև մեկ ուրիշ անձ էր, և ոչ թե 11։1-ին համարում հիշատակվող Հեզոնիան՝ Ազուրի որդին։ Այս անվանումը, որի կազմության մեջ է մտնում «Յահվե» բառը (ինչը խիստ նշանակալի էր այդ աստվածուրաց ժամանակաշրջանի համար՝ կրոնական սինկրետիզմի առկայության պարագայում), նշանակում է «նա, ում Աստված լսում է» (սլավոներենում գործածվում է «Հեզանիա» ձևով, բայց արդեն 11-րդ գլխում՝ «Հեքոնիա» տառադարձումով, ճիշտ այնպես, ինչպես սույն համարի հունարեն թարգմանության մեջ - «Ιεχονίας)։ «Եթե նա այդքան հաճախ հիշատակվող Սափանի՝ կառավարիչ Եսելիայի որդին էր (Դ Թագ․ 22:3 և այլ հատվածներ, Երեմ․ 29:3, 36:10), ապա նա նման չէր իր վեհանձն հորը (հմմտ․ նաև Երեմ. 39), և եթե Եզեկիելն իր աչքի առջև ուներ այս տեսակին պատկանող էլ ավելի շատ օրինակներ, ապա ուրեմն ավելի հեշտ է հասկանալը, թե նա ինչպես է հանգել 18:20-րդ համարի և նմանատիպ այլ դրույթներին: (Բերթոլետ)։
Կռապաշտությունն ինքնին բաղկացած էր պատկերների առաջ տեղի ունեցող առատ խնկարկությունից, ինչը կարևորագույն դերակատարություն է ունեցել եգիպտական պաշտամունքում և առեղծվածային խորհրդակատարությունների մեջ, առհասարակ, նպաստել է այդ պաշտամունքը մատուցողներին էքստազի վիճակի մեջ գցելու գործողությանը:
«Խնկի ծխի թանձր ամպը» խորհրդանշում էր աղոթքը, քանի որ խունկն ասես մարմնավորված աղոթք լինի (հմմտ․ Հայտն. 5:8; 8։3, 4)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իսրայէլի տան նախնիներից եօթանասուն տղամարդիկ, որոնց մէջ էր նաեւ Սափանի որդի Յեզոնիան, որ կանգնած էր նրանց առջեւ: Իւրաքանչիւրի ձեռքում՝ բուրվառ: Խնկի ծուխն էլ ամպի պէս բարձրանում դիզւում էր:
(Արարատ թարգ․) Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ, նրանց մեջ և Սափանի որդի Հեզոնիան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։
(Գրաբար) Եւ եւթանասուն այր ‘ի ծերոց անտի տանն Իսրայէլի, և Յեզոնիա որդի Սափանայ ‘ի մէջ նոցա կայր առաջի նոցա. և իւրաքանչիւր բուրուառ ‘ի ձեռին իւրում, և ծուխ խնկոյն ելանէ՛ր դիզանէր իբրև զամպ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: