Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։16

Ա. Լոպուխին

«Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասի մոտ՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք, և երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին»։ [16] (Սինոդական թարգ․)
   

   «Ներքնագավիթը» - Հետևաբար, մարգարեն վերադառնում է այնտեղ, որտեղ որ գտնվում էր նախկինում, չնայած որ, հնարավոր է, նա կարող էր լինել նաև այդ ընդարձակ գավթի ոչ միևնույն տեղեմասում, համենայն դեպս՝ մարգարեն այստեղ նկատի ունի այդ գավթի մեկ ուրիշ հատվածը:

   «Տաճարի դարպասի մոտ» - «Տաճար»՝ եբրայեցերեն - «հեքալ»՝ «սրբավայրի շենք։

   «Նախասրահի և զոհասեղանի միջև» - այսինքն՝ տաճարի մուտքի անցուղու (Յոթանասնից թարգմանությունը փոխադրում է եբրայեցերեն «Էլամ» բառը) և զոհասեղանի միջև՝ ամենասուրբ վայրում (Հով․ 2։17), որը, անկասկած, իր այդ սրբության համար էլ ընտրվել է որպես վայր կռապաշտության համար՝ մի հանգամանք, որը էլ ավելի է ծանրացնում մեղքը։

   «Մոտ քսանհինգ մարդ» - Դատելով այն վայրից, թե որտեղ էին կանգնած այդ կռապաշտները, և այն հանգամանքից, որ այդ վայրը կարող էր հասանելի լինել միայն քահանաներին, նախկինում մեկնիչները կարծում էին, որ այդ կռապաշտները քահանաներ են եղել։ Մարգարեն նրանց քահանաներ չի անվանում՝ կարծես զարհուրած լինելով նրանց այդ արարքի պատճառով։ Նրանք կարող էին նույնիսկ լինել քահանայական 24 դասերի առաջնորդները (Ա Մնաց․ 26։5 և այլ տեղիներ)՝ քահանայապետի գլխավորությամբ, այսինքն՝ ինչպես այն 70 երեցներն ամբողջ ժողովրդի կռապաշտության ներկայացուցիչներն էին (11-րդ համար), այդպես էլ այս 25 հոգին ներկայացնում էին քահանայական դասը։ Նոր շրջանի մեկնիչները, սակայն, մերժում են այս ենթադրությունը՝ գլխավորաբար ա՛յն ​​պատճառաբանությամբ, որ մարգարեն նրանց քահանաներ չի կոչում և որ այն ժամանակ ներքին գավիթը բաց էր նաև աշխարհիկների ելումուտի համար (ինչպես տեսնում ենք՝ այս հիմնավորումները շատ թույլ են)։ Որպես հիմնավորում է ներկայացվում նաև այն հանգամանքը, որ 9:6-րդ համարում այդ անձինք կոչվում են «երեցներ», ինչպես նաև այն իրողությունը, որ այս կռապաշտների թիվը միայն մոտավորությամբ է սահմանվում (հունարեն ձեռագրերում շրջանառվում է անգամ 20 թիվը)։

   «Թիկունքները դեպի տաճարը» - սա մի դիրք է, որն ընդունելու պարտավորությունը պայմանավորված է արևի առջև խոնարհվելու անհրաժեշտությամբ և այդ ամենը, չնայած որ ոչ միտումնավոր կերպով, սակայն արտահայտում է այդ կռապաշտների լիակատար արհամարհանքը Յահվեի նկատմամբ։ Եբրայական լեզվում «թիկունք դարձնել» արտահայտությունը նշանակում էր որևէ մեկին ամբողջապես և արհամարհանքով լքել (Բ Մնաց․ 29:6, Ես. 1:4, Երեմ․ 7:24): Այս կռապաշտներն արեցին բառացիորեն այն, ինչի մասին Տերը բողոքում էր Երեմիայի միջոցով. «Նրանք Ինձ մեջքով են դարձել, այլ ոչ թե երեսով» (Երեմ․ 2:27, 3:22):

   «Դեմքերը դեպի արևելք, և երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին» - Հետևաբար, կռապաշտները երկրպագում էին հենց ծագող արևին, ինչպես անում էին պարսիկները (Հերոդոտոս, Պատմ., IV, 15, 1, Տակիտոս, Պատմ., III, 24) և մասամբ էլ հեսսենականները (Ֆլաբիոս, De bello judaico, II, 8, 4): Այսպիսով, այստեղ, հնարավոր է, որ խոսվում է արևի պարսկական պաշտամունքի մասին, որը, հավանաբար, առաջին անգամ կատարվել է Մանասեի կողմից (Դ Թագ․ 23:11)։ Մինչև Հոսիայի ժամանակներն այդ պաշտամունքի մատուցման համար տաճարում ձիեր էին պահվում։ Սույն համարը (հմմտ․ Հոբ 31:26 և այլ տեղիներ) ցույց է տալիս, որ Հոսիայի կողմից ոչնչացվելուց հետո այս պաշտամունքը վերականգնվել է արդեն Եզեկիելի ապրած ժամանակաշրջանում (ահա թե որքան մեծ թափով է հետընթաց տեղի ունեցել այս թագավորից հետո): Արևն ի դեմս «Սամաս» աստծո (եբրայեցերեն՝ արև-«շեմեշ») առանձնահատուկ երկրպագության առարկա էր թե՛ ասորա-բաբելոնացիների շրջանում (ինչպես որ հին քանանական կրոնների պարագայում էր, տե՛ս 6:4-րդ համարի բացատրությունը), և թե՛ Սեդեկիայի իշխանության ժամանակահատվածում, երբ Բաբելոնի հետ ունեցած վասալական հարաբերությունների պայմաններում բաբելոնյան պաշտամունքը կարող էր ներթափանցել նաև Երուսաղեմ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եւ ինձ մտցրեց Տիրոջ տան ներքնասրահը: Ահա Տիրոջ տաճարի դռների վերեւում, խորանի ու պատշգամբի միջեւ, կային մօտաւորապէս քսանհինգ մարդիկ, որոնք թիկունքները շուռ էին տուել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դէպի արեւելք ու երկրպագում էին արեւին:
(Արարատ թարգ․) Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։
(Գրաբար) Եւ եմո՛յծ զիս ‘ի ներքին սրահ տանն Տեառն, և ահա ‘ի վերայ դրաց տաճարին Տեառն ընդ սեղանն և ընդ վանդակն՝ իբրև արք քսանևհինգ, որոց զթիկունս ‘ի տաճա՛րն Տեառն դարձուցեալ էր, և զերեսս ընդ արևելս, և երկի՛ր պագանէին արեգական։