Ա. Լոպուխին
««Ծերին, երիտասարդին և կույսին, երեխային ու կանանց ծեծելով սպանե՛ք, բայց մի՛ դիպչեք որևէ մի մարդու, ում վրա նշանը կա, ու սկսե՛ք Իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին»։[6] (Սինոդական թարգ․)
«Ծերին, երիտասարդին և կույսին» – Այստեղ թվարկումը տեղի է ունենում ըստ անմեղության և արտահայտած ափսոսանքի աստիճանի՝ աճման կարգով, որը հետագայում փոխարինվում է՝ վերածվելով նվազման կարգի։
«Երեխային ու կանանց» - Երեխաները պետք է սպանվեն, քանի որ ժառանգականության օրենքի ուժով ամբարշտության հակումներ ունեն, որոնք զարգացնելու դեպքում էլ կարող էին ժողովրդին դարձյալ կորստյան մատնել, ինչպես նաև ա՛յն պատճառով, որ նրանք երբեմն-երբեմն անկարողց էին խուսափել իրենց ծնողների մեղքի մեջ մասնակցություն ունենալուց (Երեմ․ 7։18)։
«Ծեծելով սպանե՛ք» (ծեծե՛ք այնքան, մինչև որ մահանան) – ասել է թե՝ առանց ֆիզիկապես վերականգնվելու, առողջանալու հնարավորություն թողնելու։ Սակայն այստեղ ավելի շուտ պարզապես պլեոնազմի՝ խոսքի գերհագեցման հետ գործ ունենք, որի նպատակն է արտահայտել զայրույթի ուժգին աստիճանը:
«Սկսե՛ք Իմ սրբարանից» - այսինքն՝ նրանցից, ովքեր գտնվում են տաճարում և ովքեր ավելի ծանր մեղքեր են գործել, քան մնացած մարդիկ (Յոթանասնից թարգմանությունն այստեղ ավելի ազատորեն է թարգմանում. «Ինձ համար սրբագործվածներից», այսինքն՝ նրանցի՛ց, ովքեր նվիրվել էին Աստծո ծառայությանը և ովքեր պարտավոր էին սուրբ լինել): Պատժող հրեշտակները կարող էին սկսել այն վայրից, որտեղ որ նրանք գտնվում էին. դատաստանը որևէ տեսակի հապաղում չի հանդուրժում:
«Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին» - ասել է թե՝ 8:16-րդ համարում հիշատակված կրակապաշտներից, որոնք թեև այնտեղ «երեցներ» չէին կոչվում, այլ պարզապես «մարդիկ» («տղամարդիկ»), սակայն դա ինքնին հասկանալի էր՝ ելնելով իրենց զբաղեցրած դիրքից։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին: Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք: Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք: Սկսեցէ՛ք իմ սրբարանից»: Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին:
(Արարատ թարգ․) Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։
(Գրաբար) ծերոյն և տղայոյն, կուսին և երիտասարդին. և զկանայս կոտորեսջիք ‘ի սատակումն. բայց յորոյ վերայ նշանն իցէ՝ մի՛ մերձենայցէք. և սկիզբն՝ ‘ի սրբութեանց իմոց արասջիք։ Եւ սկսան յարանց ծերոց որ էին ‘ի ներքս ‘ի տաճարին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: