Եզեկիելի մարգարեության մեկնություն 9։8

Ա. Լոպուխին

«Եվ երբ նրանք սպանեցին նրանց, իսկ ես մնացի, այդժամ ես վայր ընկա երեսիս վրա և գոչեցի, ու ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, մի՞թե Դու կործանելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Քո զայրույթը թափելով Երուսաղեմի վրա»»։ [8] (Սինոդական թարգ․)

   «Ես մնացի» - ասել է թե՝ միայնակ մնացի տաճարում։ Չնայած որ կարող էր ինքնին էլ հայտնի լինել, որ Եզեկիելը չի ​​սպանվել պատժիչ-հրեշտակների կողմից (այստեղ զարմանք չի արտահայտվում, - ինչպես կարծում են ոմանք, - ա՛յն հարցի վերաբերյալ, որ մարգարեն ինքն էլ փրկվել է սպանվելուց), սակայն ինքնին հասկանալի չէր, որ նրանից բացի տաճարում ոչ ոք ողջ չէր մնացել։ Նախորդ համարից պարզ է դառնում, որ քաղաքում դեռևս գտնվում էին մարդիկ, որոնք նշված էին փրկության նշանով, իսկ տաճարում, հետևաբար, այդպիսի մարդիկ այլևս չկային։ Այնուամենայնիվ, մարգարեն, - ինչպես նշում է Հերոնիմոս երանելին, - «մնացի» բառին չի ավելացնում «միայնակ» բառը, որպեսզի այդպիսով մատնացույց անի, որ ինքը մնացել է ուրիշների հետ, որոնք իրենց ճակատներին դրոշմ ունեին։

   «Վայր ընկա երեսիս վրա»՝ ջերմագին սրտով բարեխոսություն հայցելու համար (հմմտ․ Թվ․ 16։22)։

   «Իսրայելի մնացորդը» - մարգարեական մի հիշատակություն է այնպիսի մի  ժողովրդի համար, որը վերապրել էր հացահատիկի սակավության պատճառով առաջացած աղետը (սովը), և այդ ժողովրդի հետ էին կապված ապագայի բոլոր հույսերը: Այստեղ Իսրայելի այս մնացորդը (որից բավականին քիչ մաս է մնացել Հեքոնիայի գաղթից հետո) կոչվում է «Երուսաղեմ». նրա կործանումը կնշանակեր Հուդայի թագավորության կործանումը, իսկ Հուդայի թագավորությունն Իսրայելից մնացած այն վերջին «հուշ»-ն էր, որի էին շաղկապված իսրայելացիների բոլոր հույսերը։ Մարգարեն մտավախություն ունի, որ Տերը չի պահպանի նույնիսկ Իսրայելի այդ մնացորդին, որին Նա խոստացել էր պահպանել 5։3-րդ և 6:8-9-րդ համարներում։ Մարգարեն այդ մտավախությունն ուներ, որովհետև բազմաթիվ զոհերի հետ համեմատությամբ նշանով դրոշմվածների և ողորմածության արժանացածների թիվն այնքան չնչին է, որ թվում է, թե ամբողջ ժողովուրդն է ոչնչացվել։

   «Այն զգացումը, որն արտահայտում են այս խոսքերը, և Իսրայելի ճակատագրի հանդեպ ցուցաբերվող այն ցավալի վիշտը հաճախակի չեն հանդիպում Եզեկիելի մարգարեության մեջ (հմմտ․ 11:13), մինչդեռ Երեմիայի համար դրանք սովորական երևույթ են։ Եզեկիելը, առհասարակ, սառնասրտորեն կանգնած է իր ժողովրդի առջև՝ նրանց պատուհասած արհավիրքները քննելով միայն բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով, սակայն հենց այս սույն հատվածը ցույց տալիս, որ այդ դիրքորոշումը ծայրահեղության աստիճանի վրա չէր գտնվում» (Բերթոլետ)։ Մարգարեի այսպիսի վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ գալիս է Աստծո հանդեպ նրա ունեցած լեցուն նախանձախնդրությունից, քանի որ այդ Աստծո անունն այդչափ անպատվվել էր Իսրայելի կողմից:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ ես նայեցի ու տեսայ, որ կոտորում էին նրանց: Երեսս ի վայր ընկայ, աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տէր. ահա դու ջնջում ես Իսրայէլի այդ տան մնացորդներին՝ քո զայրոյթը Երուսաղէմի վրայ թափելով»:
(Արարատ թարգ․) Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։
(Գրաբար) Եւ եղև ‘ի կոտորելն զնոսա, հայեցայ՝ և տեսի, և անկայ ‘ի վերայ երեսաց իմոց, աղաղակեցի՛ և ասեմ. Վա՛յ ինձ Ադովնայի Տէր, ջնջե՛ս դու աւադիկ զմնացորդս տանդ Իսրայէլի, ‘ի հեղուլ զսրտմտութիւն քո ‘ի վերայ Երուսաղեմի: