Ելից գրքի մեկնություն 11։1

Ա․ Լոպուխին

1-3. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարավոնին ու Եգիպտոսին, որից հետո փարավոնը ձեզ կարձակի այստեղից: Եվ երբ նա արձակի ձեզ, շուտով ձեզ այստեղից դուրս պիտի անի: [1] Արդ, ժողովրդին գաղտնի հայտնի՛ր, որ յուրաքանչյուր ոք իր ընկերոջից և յուրաքանչյուր կին իր հարևանուհուց ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ խնդրի»: Տերը շնորհ պարգևեց Իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Եվ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրի մեջ շատ մեծ մարդ էր փարավոնի ծառաների և ժողովրդի աչքին: (Սինոդական թարգ․)
   
   Եթե 4-8-րդ համարները 10-րդ գլխի 29-րդ համարի անմիջական շարունակությունն են (տե՛ս նախորդը), ապա ակնհայտ է, որ տասներորդ պատուհասի վերաբերյալ Մովսեսի ունեցած հայտնության (Ելք 4:22, 12:29-32) և Եգիպտոսից ելքի հանգամանքների մասին պատմող առաջին երեք համարները (Ելք 3:21-22) խախտում են խոսքի բնականոն ընթացքը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ այդ համարներում պարունակվող հայտնությունը տեղի է ունեցել Մովսեսի և փարավոնի վերջին խոսակցությունից առաջ (Ելք 10:24-29), իսկ դրա մասին պատմությունն ավելի ուշ է զետեղված (Ելք 11:1-3)՝ հաշվի առնելով այն, որ այդտեղ բավարար չափով նկարագրված է Մովսեսի պատասխանի համարձակությունը (Ելք 10:29):

   Այսպիսի ընկալման տեքստային հիմնավորումը եբրայերեն «վայոմեռ»՝ «ասաց» (Ելք 11:1) բառի թարգմանությունն է՝ վաղակատար անցյալի իմաստով (ավելի ճիշտ կլիներ թարգմանել՝ «ասել էր»): Այն, որ 11-րդ գլխի 1-3-րդ համարները նոր հայտնություն չեն նկարագրում, որը հռչակելու համար անհրաժեշտ կլիներ նորից փարավոնի մոտ գնալ, վկայվում է նման դեպքերում սովորաբար հնչող հետևյալ բանաձևի բացակայությամբ՝ «գնա՛ փարավոնի մոտ և նրան ասա» (Ելք 7:15, 8:1, 8:20, 9:1, 9:13, 10:1), մինչդեռ մյուս բոլոր հայտնություններն այսպես էին սկսվում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կ՚արձակի այստեղից: Բայց երբ նա արձակի ձեզ, կ՚արձակի ձեր ամբողջ ունեցուածքով:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ես մեկ հարված ևս պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին, որից հետո նա ձեզ կարձակի այստեղից: Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս պիտի անի:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Այլ մեւս եւս հարուածս ածից ի վերայ փարաւոնի եւ ի վերայ Եգիպտոսի. Եւ ապա արձակեսցէ զձեզ աստի. այլ յորժամ արձակեսցէ զձեզ, ամենեւին հանցէ զձեզ աստի: