Ելից գրքի մեկնություն 17։6

Ա. Լոպուխին

6-7․ Ես քո առաջ կկանգնեմ այնտեղ ժայռի վրա՝ Քորեբում: Հարվածի՛ր ժայռին և դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»: Եվ Մովսեսն այդպես արեց Իսրայելի ծերերի առաջ: [6] Եվ այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց, որովհետև Իսրայելի որդիները այդտեղ վիճեցին և Տիրոջը փորձեցին՝ ասելով. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսի ձեռքերում հրաշագործ գավազանի առկայությունը ժողովրդին և հենց Մովսեսին վստահեցնում էր կատարվելիք հրաշքի մեջ: Մովսեսին վստահեցնում էին նաև Տիրոջ խոսքերը. «Ես քո առաջ կկանգնեմ այնտեղ»: Աստված կարծես ասում է. «Քեզ մենակ չեմ թողնի, Ես ներկա կլինեմ և Ինքս հրաշք կգործեմ» (հմմտ. Սաղմ. 77:15– 20, 104:41; 113:8): Դա տեղի է ունենում ո՛չ թե Քորեբ անունով լեռան, այլ այդ անունը կրող լեռնաշղթայի վրա, քանի որ այդ ժամանակ հրեաները դեռևս չէին մոտեցել Սինային:

   «Այն Վեմը, որից ջուր հոսեց,- ինչպես ասում է Պողոս Առաքյալը,- Ինքը՝ Քրիստոս էր (Ա Կորնթ. 10:4), և այդ Վեմը թեպետ չոր ու կարծր է անհավատների համար, սակայն դյուրությամբ հագեցնում է ծարավյալներին և Քրիստոսին իրենց սրտերում ընդունողներին» (սբ. Գրիգոր Նյուսացի):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ: Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»:
(Արարատ թարգ․)Ահա Քորեբում, այնտեղ՝ այն ժայռի վրա, կկանգնեմ քո առաջ: Դու կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և թող ժողովուրդը խմի»: Եվ Մովսեսն այդպես արեց Իսրայելի ծերերի առաջ:
(Գրաբար) Եւ ես հասեալ կայցեմ անդ յառաջագոյն քան զքեզ ի վերայ վիմին ի Քորէբ: Եւ հարցես զվէմն եւ ելցէ ի նմանէ ջուր, եւ արբցէ ժողովուրդդ: Եւ արար այնպէս Մովսէս առաջի որդւոցն Իսրայէլի: