Ելից գրքի մեկնություն 2։16

Ա․ Լոպուխին

16-22. Մադիանացիների քուրմն ուներ յոթը դուստր։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրեցին ավազանների մեջ, որ ջուր խմեցնեն իրենց հոր հոտին։ [12]Բայց հովիվները եկան ու քշեցին նրանց: Եվ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց ու նրանց հոտին ջուր խմեցրեց: Նրանք իրենց հոր՝ Հռագուելի մոտ եկան: Եվ նա հարցրեց. «Ինչո՞ւ այսօր այսքան շուտ եկաք»: Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի ազատեց մեզ հովիվների ձեռքից: Նա նույնիսկ մեզ համար ջուր քաշեց ու խմեցրեց հոտերին»: Նա ասաց իր դուստրերին. «Եվ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք: Կանչե՛ք նրան, և թող որ նա հաց ուտի»: Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու հետ, ու նա իր դստերը՝ Սեփորային, կնության տվեց Մովսեսին: Նա մի որդի ծնեց, որին Մովսեսը Գերսամ անվանեց, քանի որ,- ասաց,- ես պատդուխտ եղա օտար երկրում: (Սինոդական թարգ․)
   
   Ըստ սուրբ հայրերի, մասնավորապես՝ Գրիգոր Նյուսացու, Մովսեսի՝ 40 տարի բնակվելը երկու՝ Հռագուել և Հոթոր անուններն ունեցող (Ելք 18:1, 2:18) մադիամացի հոգևորականի մոտ (Գործք. 7:23, 30), նրա համար հանդիսացան լուսավորության ու մաքրագործման տարիներ: Նման հոգեվիճակի ցուցիչ է համարվում Մովսեսի երկրորդ որդու՝ Եղիազարի անունը. «Իմ հոր Աստվածը իմ օգնականն էր, և ինձ փարավոնի ձեռքից ազատեց»: Մովսեսի նախորդ կյանքի փորձառությունը նրան ցույց էր տվել, որ նա ոչ թե սեփական ուժին ու իմաստությանը պիտի ապավիներ, այլ միայն իր հայրերի Աստծո մեջ պիտի օգնություն փնտրեր: Նման տրամադրվածությունը առավել քան համապատասխանում էր հրեա ժողովրդի ապագա առաջնորդի կերպարին:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները:
(Արարատ թարգ․) Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները:
(Գրաբար) Եւ քրմին Մադիանացւոց էին դստերք եւթն, որ արածէին զխաշինս հաւրն իւրեանց, եւ եկեալ էին հանել ջուր, մինչչեւ լցին զաւազանսն, արբուցեալ խաշանց հաւրն իւրեանց: