Ա. Լոպուխին
14-25․ Ահա նրանց ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբենի ազգատոհմն է: [14]Շմավոնի որդիներն են՝ Համուելը, Համինը, Ահոդը, Հաքինը, Սահառն ու քանանացի կնոջ որդին՝ Սավուղը: Սա Շմավոնի ազգատոհմն է: Եվ սրանք էին Ղևիի որդիների անունները՝ ըստ իրենց ծնունդների. Գեթսոն, Կահաթ և Մերարի: Եվ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի: Եվ Գեթսոնի որդիներն էին Լոբենին և Սեմեին՝ իրենց տոհմերով: Եվ Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Ոզիելը: Եվ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի: Մերարիի որդիներն էին Մոոլին եւ Մուսին: Սա Ղևիի տոհմն է՝ ըստ իրենց սերունդների: Ամրամը կնության առավ իր հորաքույր Հովքաբեթին, և սա նրա համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին: Եվ Ամրամի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի: Իսահառի որդիներն էին Կորխը, Նափեկը և Զեքրին: Ոզիելի որդիներն էին Միսայելը, Եղիսափան և Սեթրին: Ահարոնը կնության առավ Ամինադաբի դստերը՝ Նաասոնի քույր Եղիսաբեթին: Եվ սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին: Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը՝ իրենց տոհմերով: Սրանք Կորխի հետնորդներն են: Ահարոնի որդի Եղիազարը կնության առավ Փուտիելի դուստրերից մեկին, և սա նրա համար ծնեց Փենեեսին: Սրանք էին ղևտացիների նախահայրերը՝ իրենց տոհմերով: (Սինոդական թարգ․)
Քանի որ հրեաների ազատագրումը իրագործվում էր Մովսեսի ու Ահարոնի միջոցով, որոնք հանդիսանում էին հետագա իրադարձությունների գլխավոր գործող անձինք, ապա, հաշվի առնելով նրանց ով լինելը, տեղին է նոր բաժինը սկսել նրանց ծագումնաբանությունից: Ռուբենի ու Շմավոնի որդիների ծագումնաբանության շարադրանքը անմտաբար չէ, որ նախադասվում է: Սրանով հեղինակը ուզում է ասել, որ Մովսեսի ու Ահարոնի՝ որպես հրեա ժողովրդի առաջնորդների աստվածային ընտրությունը կատարվում է անկախ տոհմում ավագ լինելու հանգամանքից: Ղևին Հակոբի երրորդ որդին էր, և այնուամենայնիվ նրա՛ հետնորդները արժանացան այս ընտրությանը, իսկ Կահաթը՝ Մովսեսի ու Ահարոնի նախնին, նույնպես Ղևիի ոչ թե առաջնեկն էր, այլ երկրորդ որդին (Ելք 6:16):
Ղևիի հետնորդներին ուղղված Աստծո առանձնահատուկ բարեհաճության ակնարկը ներկայացվում է այդ տոհմի ներկայացուցիչների երկարակեցության միջոցով (Ելք 18:20): Ըստ 20-րդ համարի՝ Մովսեսի ու Ահարոնի հայրը Ամրամն էր: Դատելով համատեքստից՝ այս Ամրամը ոչ այլ ոք է, քան Կահաթի որդին (Ելք 6:18):
Սակայն այս եզրահանգմանը հակված չէ Թվոց գրքի 3:27-28-րդ հատվածը: Ինչպես երևում է տվյալ հատվածից, Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարում՝ ըստ Կահաթի սերնդի հաշվառման, որոնք բաժանվեցին 4 ցեղերի, կար 8600 մարդ: Թե քանի անդամից էր բաղկացած յուրաքանչյուր ցեղը, այստեղ նշված չէ: Սակայն եթե 8600-ը բաժանենք չորսի, ապա կստացվի 2150 մարդ, որն էլ իրենից ներկայացնում է յուրաքանչյուր ցեղի չափահաս տղամարդկանց մոտավոր, միջին թիվը: Եթե տղամարդկանց այս թվին գումարենք նաև կանանց ու երեխաներին, ապա 2150 թիվը պետք է ավելացնել՝ հասցնելով մինչև 6450-ի: Այս քանակի անդամներից կարող էր կազմված լինել Ամրամի ցեղը: Բայց Մովսեսից բացի, Աստվածաշունչը Ամրամի զավակներից նշում է միայն Ահարոնին ու Մարիամին (Ելք 6:20): Հաշվի առնելով Մովսեսի հոր՝ Ամրամի, ու Կահաթի որդի Ամրամի այս նույնացումը, գալիս ենք զարմանալի եզրահանգման, ըստ որի մեկ սերնդի մեջ չորս ներկայացուցիչներից (Ամրամ, Մովսես, Ահարոն, Մարիամ) առաջացավ 6450 մարդ: Այս դժվարության միակ ելքը հանդիսանում է բոլորովին հավաստի ենթադրությունն այն մասին, որ Մովսեսի հայր Ամրամը Կահաթի որդի Ամրամը չէ, այլ Ղևիի հետագա սերնդի համանուն հետնորդն է:
Մովսեսի մայրը՝ Հովքաբեթը, իր ամուսնու՝ Ամրամի «հորաքույր»-ն է կոչվում, և ըստ սրա էլ Թվոց գրքի 26:59-րդ համարում ասվում է. «Ղևիի դուստրը, որը Եգիպտոսում ծնեց Ղևիի ցեղի համար»: Սակայն ինչ վերաբերում է «հորաքույր» տերմինին (եբր. «դոդա»), ապա այն կարելի է այլ կերպ հասկանալ, ինչպես ներկայացվում է Յոթանասնից թարգմանության մեջ՝ “θυγατέρα τοῦ ἀδελφοῦ τοῦ πατρὸς αὐτοῦ”, այսինքն՝ «զարմիկը հոր կողմից», «իր հոր եղբոր դուստրը»: Ինչպես է, որ Ամրամի հորաքույրը՝ Հովքաբեթը, Ղևիի դուստրն է (Ղևիից Կահաթն ու նրա քույր Հովքաբեթն են ծնվել, Կահաթից՝ Ամրամը, Հովքաբեթի եղբորորդին): Բայց եթե Հովքաբեթը Ամրամի կինն է և միաժամանակ նրա զարմուհին, ապա Հովքաբեթը չի կարող Ղևիի դուստրը լինել: Եվ դա փաստում են հույն թարգմանիչները, որոնք չեն ընդունել նրան իբրև այդպիսին, և դա երևում է նրանց թարգմանության մեջ (Թվ. 26:59): Եբրայական բնագրի փոխարեն, ուր ասվում է, որ «Հովքաբեթը՝ Ղևիի դուստրը, որը Եգիպտոսում ծնեց Ղևիի ցեղի համար», Յոթանասնից թարգմանության հեղինակները գրում են հետևյալը` “θυγατηρ Λευι, ἡ ἔτεκεν τούτους τῷ Λευι ἐν Αἰγύπτῳ”՝ «Ղևիի դուստրը, որը Եգիպտոսում ծնեց նրանց Ղևիի ցեղի համար»: Հետևաբար, Մովսեսն իր մոր կողմից Ղևիի անմիջական հետնորդը չէր:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է:
(Արարատ թարգ․) Ահա սրանք են նրանց հայրերից յուրաքանչյուրի տան գլուխը. Իսրայելի անդրանիկ Ռուբենի որդիներն էին Ենոքը, Փաղղուսը, Եսրոնը և Քարմին: Սա Ռուբենի ազգատոհմն է:
(Գրաբար)Եւ այս են նահապետք տանց ազգաց նոցա. որդիք Ռուբինի անդրանկանն Իսրայէլի. Ենոք, եւ Փաղղուս, Ասրոն, եւ Քարմի: Այս ցեղ` Ռուբինի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: