Ա․ Լոպուխին
3-10․ Եվ Ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը ու կշատացնեմ Իմ նշաններն ու հրաշքները Եգիպտոսի երկրում, [3] Փարավոնը ձեզ չի լսի, և Ես Իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա ու Իմ զորքերը՝ Իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, մեծ դատաստաններով դուրս կբերեմ Եգիպտոսի երկրից: Եվ երբ մեկնեմ Իմ ձեռքը Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս բերեմ նրանց միջից, այնժամ եգիպտացիները կիմանան, որ Ես եմ Տերը»: Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրեց: Նրանք այդպես էլ արեցին: Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ: Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. «Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ «Մի հրաշք ցույց տվեք», այնժամ կասես Ահարոնին. «Ա՛ռ գավազանդ և գցի՛ր փարավոնի առաջ», և այն օձ կդառնա»: Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը: Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա ծառաների առաջ, և այն օձ դարձավ: (Սինոդական թարգ․)
Այս գլխի 15-րդ և 17-րդ համարները համեմատելով 19-րդ համարի հետ՝ անկասկած կարող ենք եզրակացնել, որ Ահարոնի գավազանը (Ելք 3:10) նույն Մովսեսի գավազանն է, որը դեռ Քեբրոնում հրաշքով օձ դարձավ (Ելք 4:2-4) և որը պետք է ծառայեր որպես հետագա հրաշագործությունների գործիք: Եթե այն «Ահարոնի գավազան» է կոչվում, ապա դա միայն այն պատճառով, որ այն անցնում է Ահարոնի ձեռքը ճիշտ այնպես, ինչպես Մովսեսի խոսքերը «հայտնվում» են նրա բերանում (Ելք 4:30): «Օձ»-ը, եբրայերեն բառը՝ «տաննին», որի փոխակերպվեց գավազանը, նշանակում է հրեշ, որը գոյություն ունի բոլոր ծովերում ու գետերում և հատուկ կցվում է կոկորդիլոսին՝ որպես Եգիպտոսի խորհրդանիշ (Ես. 51:9, Եզեկ. 32:2, Սաղմ. 73:13): Իսկ տվյալ հատվածում, ինչպես կարծում են մեկնիչները, այս տերմինը նշանակում է մի որևէ եզակի օձի տեսակ՝ գուցե քարբ, կամ էլ թագավորական օձ՝ կոբրա:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․)Ես կը կարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կը բազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում,
(Արարատ թարգ․) Եվ Ես կխստացնեմ փարավոնի սիրտը ու կշատացնեմ Իմ նշաններն ու հրաշքները Եգիպտոսի երկրում:
(Գրաբար)Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի. զի յաճախեցից զնշանս իմ եւ զարուեստս յերկրիդ Եգիպտացւոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: