Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց:
Գայլը արածելու է գառան հետ․
Գազանաբարո մարդկանց գայլ է անվանում, իսկ զգոններին՝ գառ: Այսինքն՝ թե՛ զորականները, թե՛ սպարապետները, թե՛ շինականները, թե՛ ռամիկները մեկ հոտ են, այն է՝ մեկտեղված են իբրև եկեղեցի, և մեկ օրինակով բարեգործում են միասին և մեղք են գործում իրար հանդեպ:
Դարձյալ որթը, ցուլը և առյուծը միասին են արածելու
Այսինքն՝ իմաստունները, խորհրդականները, իշխանները, տգետներն ու փոքրիկները միասնաբար պիտի հոժարեն և ունկնդիր լինեն ավետարանական խոսքին, որ քարոզում է միամիտ հովիվը՝ ակնարկելով մանուկ տղային:
Եզը և արջը միասին են արածելու, այսինքն՝ արդարներն ու մեղավորները միասին պիտի կերակրվեն խորհրդական Սեղանից՝ Քրիստոսի մարմնից և արյունից։ Այսինքն՝ ավազակները, գողերը, զրկողները, հափշտակողները, որոնք այլոց ինչքերն էին շռայլում լափելով և հարբեցողությամբ, պիտի սկսեն պահք պահել և գոհանալ չափավոր կերակուրներով։ Այդժամ կհիշես մարգարեի խոսքը, թե՝ «Առյուծը եզան պես հարդ է արածելու» (11։7):
Ա. Լոպուխին
6-7․ Այդ ժամանակ գայլն ու գառը միասին պիտի ապրեն, ընձառյուծն ուլի հետ պետք է մակաղի: Հորթը, առյուծի կորյունն ու եզը միասին պիտի լինեն, ու մատաղատի մանուկը պիտի հովվի նրանց: [6] Կովը արջի հետ պիտի արածի, և նրանց ձագերը միասին պիտի շրջեն, ու առյուծը, ինչպես եզը, հարդ պիտի ուտի: (Սինոդական թարգ․)
6-9-րդ համարներ. Մեսիայի գալիք թագավորության բնույթը նկարագրելով՝ մարգարեն իր ընթերցողների ուշադրությունն առաջին հերթին սևեռում է այն կերպարանափոխության վրա, որը տեղի է ունենալու կենդանական աշխարհում: Այդժամ ողջ բնության մեջ խաղաղություն է տիրելու, ամենակատաղի և վտանգավոր գազանները կորցնելու են իրենց գազանական, գիշատիչ բնազդները, բավականանալու են բուսական կերակուրներ ուտելով և սկսելու են խաղաղ ապրել ավելի թույլ կենդանիների հետ: Իսկ այնուհետև արդեն մարգարեն կանխագուշակում է իրական աստվածպաշտության տարածումն ամբողջ աշխարհով մեկ:
Այս հատվածի ընկալման հարցում մեկնիչները տարբեր կարծիքներ են հայտնում: Ոմանք այստեղ հասկանում են իրական կենդանիների, իսկ ոմանք էլ (հատկապես Եկեղեցու հայրերը և նորագույն շրջանի որոշ մեկնիչներ, ինչպես, օրինակ, Smend-ը) կենդանիների խորհրդապատկերների ներքո տեսնում են հեթանոս ժողովուրդներին, որոնք ընտրյալ ժողովրդի հանդեպ վարվում էին այնպես, ինչպես գիշատիչ կենդանիները գառան կամ հորթի հետ կվարվեին (սա, այսպես կոչված, «ալեգորիկ» մեկնությունն է):
Ո՞ր տեսակետն է ճշմարիտ: Ամենայն հավանականությամբ՝ առաջինը: Եվ իսկապես, այն հատվածներում, որտեղ մարգարեն այլաբանորեն է խոսում, դա ընկալելի է դառնում խոսքի համատեքստից (Եր. 5:6), բացի այդ՝ այստեղ որևէ հիմք չկա այլաբանությանը դիմելու համար: Ընդհակառակը, այստեղ մարգարեն բնականորեն, այսպես ասած, հիմք է նախապատրաստում հետագայում նկարագրվող մարդկանց՝ միմյանց հանդեպ ունեցած խաղաղության համար, ինչը հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ «արտաքին» բնության սահմաններում կդադարի գոյատևման համար մղվող պայքարը: Կենդանիները պետք է դիմավորեն նոր մարդուն իրենց իսկ նորոգումից հետո միայն, ճիշտ այնպես, ինչպես որ մի ժամանակ դիմավորել էին նախաստեղծ Ադամին: Կենդանական աշխարհում տիրող այս խաղաղության ամբողջական նկարագրությունը մարգարեի խոսքերում լիովին համաձայնեցված է Ծննդոց գրքում հիշատակվող նախաստեղծ աշխարհում տիրող իրավիճակի նկարագրությանը:
Իրապես, նախքան մարդու մեղսագործումը կենդանիները սնվում էին միայն բույսերով (Ծննդ. 1:30), մարդը նրանց «տերն» էր՝ համենայնդեպս ա՛յն կենդանիների, որոնց հետ Դրախտում առնչվում էր (Ծննդ. 1:26-28, 2:19 և այլն), և ակնհայտ է, որ Եսայի մարգարեն կարող էր խոսել այդ ամենի՝ նախաստեղծ վիճակին վերադառնալու մասին: Հռոմեացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ հենց ա՛յս հատվածը, երբ ասում էր, որ ոչ բանական բնությունը պետք է ազատվի ունայնությանը ծառայելուց (Հռոմ. 8:20-22), ունայնություն, որն, իմիջիայլոց, գոյատևման համար մշտական պայքարի հիմքում իսկ է: Գոյատևման համար կենդանիները պետք է պայքար մղեն միմյանց դեմ և, հետևաբար, Նոր Կտակարանը նույնպես հաստատում է այն գաղափարը, որ Եսային կարող էր նկատի ունենալ իրական կենդանիներին, երբ որ խոսում էր բնությանը սպասվող գալիք խաղաղության մասին:
Սակայն ե՞րբ պետք է տեղի ունենա այս կերպարանափոխությունը կենդանիների միջև հարաբերություններում: Մարգարեն նման փոփոխության համար հստակ ժամանակահատված չի նշում, և այդ պատճառով մեկնիչներից ոմանք այս մարգարեության իրականացումը կապում են ա՛յն դարաշրջանի հետ, երբ նոր երկինք և նոր երկիր պիտի լինի, որտեղ էլ պիտի բնակվի ճշմարտությունը (Բ Պետ. 3։12), իսկ ոմանք էլ հնարավոր էին համարում այն տարբերակը, որ այս մարգարեության մի մասն իրականանալու է արդեն իսկ ներկա, ժամանակավոր կյանքի ընթացքում: Այս երկու տեսակետներից ավելի հավանական է նկատվում երկրորդը: Խոսքի համատեքստը ցույց է տալիս, որ մարգարեն առհասարակ խոսում է Մեսիայի երկրային սպասավորության մասին: Նա դատելու է, այսինքն՝ լուծելու է տարատեսակ վեճեր, և դա անելու է, իհարկե, երկրի վրա, և ոչ թե երկնքում, ուր նմանատիպ սպասավորության կարիք չկա: Նա ոչնչացնելու է ամբարիշտներին և այլն: Հենց այսպես էլ գլխի վերջնամասը (10-16-րդ համարներ) նկարագրում է Մեսիայի երկրային գործունեության պարզ հետևանքները: Այդ իսկ պատճառով էլ տարօրինակ կլիներ, որ մարգարեն այս պատկերի մեջ զետեղեր բացարձակապես այլ դարաշրջանի վերաբերող իրադարձություններ, որոնք արդեն իսկ փառավորված աշխարհի կյանքից են: Եթե առաջին տեսակետի կողմնակիցները մատնանշում են այն հանգամանքը, որ գործող իրականությունը նախապայմաններ չի ստեղծում կենդանական աշխարհում տեղի ունենալիք նմանատիպ կերպարանափոխության հնարավորության համար, այդուամենայնիվ այդ տեսակետին կարելի է հակադարձել՝ նշելով, որ մարգարեն խոսում էր այնպիսի փոփոխությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային քրիստոնյա աշխարհի կյանքում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց:
(Արարատ թարգ․) Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։
(Գրաբար) Եւ ճարակեսցէ գայլ ընդ գառին. եւ ինծ` առ ուլու մակաղեսցի. եւ որթ, եւ ցուլ, եւ առեւծ` ի միասին ճարակեսցին: եւ մանուկ մատաղ` ածցէ զնոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: