Ա. Լոպուխին
11-12. «Քո հպարտությունը դժոխք իջավ քո ամբողջ աղմուկի հետ. որդը պիտի տարածվի քո տակ, և որդերը քո ծածկոցը պիտի լինեն»: [11]«Ինչպե՜ս դու երկնքից ընկար, արուսյա՛կ, արևածագի՛ որդի, խորտակվեցիր դու՝ երկրի վրա ազգերին ոտնակոխ անողդ»:(Սինոդական թարգ․)
Մարգարեն էլ իր կողմից է հաստատում բաբելոնական թագավորի կործանման՝ բոլորի համար զարմանալի փաստը:
«Հպարտությունը», այսինքն՝ ամբողջ ճոխությունը, և «աղմուկը», այսինքն՝ տավիղի ձայնը, որոնցով զվարճանում էր Բաբելոնի թագավորը (հմմտ. 5:12, 24:8), դժոխք իջան, այսինքն՝ վերջնականապես անհետացան: Ինքը՝ արքան, մեռած-պառկած է ու նրան՝ ասես ինչ-որ լեշի, ուտում են որդերը…Իսկ առաջ նա վառվում էր պայծառ լույսով, ինչպես արուսյակը (եբր. «գեյլել»՝ «գալալ» բայից, որ նշանակում է «փայլել»), ասել է թե՝ ինչպես փայլուն աստղ Վեներան, որը երկնակամարի հարավային կողմում ավելի վառ լույսով է շողում, քան թե մեզ մոտ, և որին ասորեստանցիներն անվանում էին «մուստիլիլ» (փայլող աստղ):
«Արևածագի որդի»․ առավոտյան արևածագը դիտվում է որպես մայր, որը ծնում է այս աստղին: Հին ազգերի պատկերացումներում աստղը ծառայում էր որպես թագավորական հզորության խորհրդանիշ (հմմտ. Թվ. 24:17), ու այդ իսկ պատճառով էլ Եսայի մարգարեն, ցանկանալով մատնանշել բաբելոնյան թագավորի՝ հակաքրիստոսի կերպարի քաղաքական բարձր դիրքը, նրան աստղ է անվանում: 3
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի:
(Արարատ թարգ․) Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։
(Գրաբար) Իջին ի դժոխս փառք քո, եւ բազում ուրախութիւնն քո, ի ներքոյ քոյ մէցս տարածեսցեն, եւ ի վերայ քո որդն յարկցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: