Եսայու մարգարեության մեկնություն 14։13

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ.
   
   Նստելու եմ բարձր լեռան վրա. այսինքն՝ հրեշտակներից վեր:
   Հյուսիսի բարձր լեռների վրա, այսինքն՝ նրա ցուրտ և սառնասառույց չարության վրա, քանզի սառչելով՝ հեռացել էի Աստծուց:
   

Ա. Լոպուխին

13-14. Իսկ քո սրտում ասում էիր. «Երկինք կբարձրանամ, Աստծո աստղերից վեր կբարձրացնեմ իմ գահը ու կնստեմ լեռան վրա՝ հյուսիսային գագաթին, աստվածների շարքում»։ [13] «Կբարձրանամ ամպերից վեր, կլինեմ Բարձրյալի նման»: (Սինոդական թարգ․)
   
   «Իսկ քո սրտում ասում էիր», այսինքն՝ մտածում, երազում էիր:

   «Երկինք կբարձրանամ»․ Բաբելոնի թագավորը կարող էր երազել այնպիսի աստվածացման մասին, որն իրենց էին վերագրում եգիպտական փարավոնները և հետագայում նաև հռոմեական որոշ կայսրեր (հմմտ. Դան. 4:22, 29):

   «…Աստծո աստղերից վեր»: Հին ժողովուրդները երկինքը պատկերացնում էին որպես տանիք, որի ներքին մասում աստղերն էին, որոնք լուսավորում էին երկինքը, իսկ այդ տանիքից վեր, համաձայն նրանց պատկերացման, գտնվում էր Աստծո գահը: Այնտեղ՝ մարդկային հայացքի համար անհասանելի այդ տարածություններն էր ցանկանում մագլցել բաբելոնյան տիրակալը:

   «Կնստեմ լեռան վրա՝ աստվածների շարքում»․ եբրայերենից թարգմանաբար՝ «կնստեմ այն լեռան վրա, որտեղ գտնվում է ժողովատեղին» («բեգար մոեդ»): Հնագույն ժամանակաշրջանի գրեթե բոլոր ժողովուրդները հավատում էին, որ իրենց աստվածները բնակվում են ամենաբարձր գագաթների վրա: Հույներն ու հռոմեացիները այդպես էին ընկալում Օլիմպոսը, Ատլասն ու Իուդը՝ որպես իրենց աստվածների բնակավայր: Հայտնի է նաև, որ հին ասորեստանցիները Արալու լեռը համարում էին աստվածների ծննդավայր և բնակության վայր, ու հենց այս լեռան մասին էր ասում ասորական Թիգլաթպալասար 2-րդ թագավորը, որն իր արձանագրություններից մեկում պարծենում է այն բանով, որ իր քահանայական ազգանունն իրեն կոչել է բնակվելու «աշխարհի երկրների լեռնային տանը» (Eharsagkurkurra): Եզեկիել մարգարեի գրքում Աստված ասում է Տյուրոս արքային. «Դու եղել ես Աստծո սուրբ լեռան վրա, քայլել ես հրե քարերի միջով» (Եզ. 28:14):

   «Կլինեմ Բարձրյալի նման»․ հեթանոս որոշ ազգեր նույնպես ընդունում էին Բարձրյալին՝ բոլոր աստվածներից վեր կանգնած Աստծուն (Ծննդ. 14:20): Մանավորաբար, Բաբելոնի հնագույն բնակիչների մոտ, որոնք այստեղ բնակություն էին հաստատել գրեթե Ք. ա. 2500 թվին, մենք տեսնում ենք Աստծո ընկալումը որպես Միակ հզոր կերպարի: Նրանք հետևյալ կերպ են արտահայտվում՝ Աստված տվեց, Աստված կառավարում է, Աստված Աստված է (Դելիչ Ֆ., Աստվածաշունչն ու Բաբելոնը, 1906, էջ 65): Այնտեղ՝ Ք. ա. 3000 թվին գրված սեպագիր արձանագրություններում հանդիպում է հիշատակություն Բարձրյալի մասին:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ.
(Արարատ թարգ․) Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում,
(Գրաբար) Դու ասէիր ի մտի քում. ելից յերկինս, ի վերոյ քան զաստեղս երկնից արկից զաթոռ իմ. նստայց ի լերինն բարձու, ի վերայ լերանց բարձանց հիւսւսոյ: