Եսայու մարգարեության մեկնություն 25։8

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ Նա պիտի ընկճի հզօրների բազուկները:
   
    Մահը զորացավ և կուլ տվեց
   Չի ասում, թե՝ «կերավ», այլ թե՝ «կուլ տվեց». սա երեք պատճառով է ասվում. նախ՝ որովհետև ուտելը մասնակիությունն է ցույց տալիս, իսկ կուլ տալը՝ ամբողջական ըմբոշխնելը, որպեսզի ցույց տա, թե մահը զորացավ մեր բովանդակ բնության դեմ։ Այդ պատճառով էլ ասում է. «Կուլ տվեց»:
   Երկրորդ՝ որովհետև կուլ տալը անհագ ցանկություն է նշանակում, այսինքն՝ սատանան և մահը բորբոք ցանկությամբ կամենում էին կործանել մարդկանց:
   Երրորդ՝ որովհետև ուտելը մանր ծամելն է, որ հագեցնում է որովայնը, իսկ կուլ տալը ամբողջապես ներս անելն ու դուրս ելնելն է նշանակում, ինչպես այն պարագան էր, երբ ձուկը կուլ տվեց Հովնանին, ու վերջինս ամբողջապես դուրս եկավ ձկան որովայնից: Սա ցույց է տալիս, թե Քրիստոսի միջոցով մարդկային բնությունն ամբողջապես դուրս էր կորզվելու դժոխքի որովայնից ու մահվան ճիրաններից:

   Աշխարհի իշխանները չորս բաների միջոցով երկիրը պահում են խաղաղ և շեն. նախ՝ իմաստությամբ, երկրորդ՝ հարստությամբ, երրորդ՝ զորքով, չորրորդ՝ ամրոցներով: Իմաստությունը պիտանի է, երբ կարողանում է սիրաշահել հնազանդվողներին ու վերադասներին, համաձայն յուրաքանչյուրի ճաշակի: Մեծ հարստությունն անհրաժեշտ է, որպեսզի այն բաշխվի արժանավորներին և աղքատներին: Զորքն անհրաժեշտ է թշնամիներին հաղթելու համար: Շինությունների ամրությունը պետք է բռնավոր հզորներից [պաշտպանվելու համար]: Սա ընդհանուր է ամենքի համար: Սակայն քրիստոնյա իշխանին անհրաժեշտ է ևս մեկը, այսինքն՝ բարեպաշտությունը։ Դա նշանակում է, որ քրիստոնյա իշխանը պետք է գործով լինի սուրբ և արդար, հավատով ու հույսով՝ հաստատուն, ինչպես բարեպաշտ Եզեկիան էր։ Այդ մասին ասվում է․ «Ով պահում է արդարությունը և Քեզ է ապավինում, Տե՛ր», նա պահում է աշխարհի խաղաղությունը: Տերն ասում է. «Սիոնի հիմքում դնում եմ բազմապատիկ վեմ, ընտիր պատվական անկյունաքար նրա հիմքում, և ով նրան հավատա՝ չի ամաչի» (Եսայի 8։14, 28։16): Սա նախ Եզեկիայի թագավորությունն է խորհրդանշում, քանզի նա ընտիր եղավ մյուսներից: «Անկյունաքարը» պատվական սեղանն է, որին հովանի էին քերովբեները: Իսկ թագավորը ժողովրդի գլուխն ու հիմքն է, քանզի ամենքը նրա արդարության վրա են հիմնված, և ովքեր նրան հավատան՝ չեն ամաչելու: Սակայն առավել ճշմարտապես սա ակնարկում է մեր Տիրոջը, [քանզի Նա] վեմ է, որ ծնվեց Կույսից առանց սերմի, ըստ Դանիելի. «Լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկվեց» (Դան. 2։45), ընտիր, այսինքն՝ անարատ, քանզի «մեղք չգործեց և նենգություն չգտնվեց նրա բերանում» (Ա Պետ. 2։22)։ Պատվական անկյունաքարը սեղանն է, որի վրա Նա ամեն օր պատարագվում է: Գլուխ է, քանզի ղեկավարն է Եկեղեցու, ուստի նրա բոլոր անդամները հոդերով ու ջիղերով զորանում են սուրբ աճումով: Եվ հիմքն է, քանզի «նրա վրա կառուցվեց հավատացյալների եկեղեցին» (Մատթ. 16։18), ինչպես Պողոսն է ասում. «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 9։11): Եվ դարձյալ գլուխ է, քանի որ Աստված է ու հիմք է, քանի որ մարդ է: «Եվ ով նրան հավատա՝ չի ամաչելու» (Ա Պետ. 2։6) ո՛չ այստեղի չարից և ո՛չ էլ հանդերձյալ կրակից: Դարձյալ՝ «Ես՝ Տերս,- ասում է,- հիմքում դնում եմ». խոսքը ո՛չ որևէ մարգարեի, և ո՛չ ինչ-որ մի քարի մասին է: Իսկ որ խոսքը ճշմարիտ հիմքի՝ Քրիստոսի մասին է, հայտնի է դառնում «ով Նրան հավատա» խոսքից: Ասում է՝ «հիմքում եմ դնում», քանզի առաջին շինվածքը՝ մեր ապականված բնությունը, կամենում է վերստին, հիմքից նորոգել:

   Քրիստոս է հիմքը. ովքեր նրա վրա չեն կառուցված՝ չեն մտնի շինության մեջ: Այսպես և այլուր Քրիստոս Իրեն «որթ» է անվանում, այսինքն՝ հավատացյալների ճյուղերի սկիզբն ու արմատը: Դարձյալ Նա «վեմ» է կոչվում հաստատության և անշարժության պատճառով, որովհետև ովքեր հենվում են Նրա վրա՝ ամրանում են անշարժ հաստատությամբ: Դարձյալ, «վեմ» է կոչվում, որովհետև Ադամը վեմ լինելու էր կոչված իրեն ընձեռնված անմահության միջոցով, սակայն քանի որ հանցանք գործեց ու հող դարձավ, Տերը, կամենալով կենդանացնել մեր բնությունը, Ինքը վեմ դարձավ ու վեմ անվանեց Եկեղեցին: Դարձյալ վեմը [գոյանում է] հողի խտացումից՝ կարծրացած կրակի վրա եռալուց 1, և ունի բազում հատկություններ, որոնք տեսնվում մեր Տիրոջ մեջ. նախ՝ որովհետև կարծր է, զորեղ է, ամուր, ծանր ու չոր՝ ցամաք է: Այսպես մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր մարդկային մարմնի թանձր, հողեղեն բնությունը խառնելով ձուլեց Իր Աստվածության կրակին համաձայն վեմի նմանության, նախ՝ որովհետև կարծր է, այսինքն՝ անփոփոխելի է ոչ միայն Աստվածությունը, այլև մարմինն է անփոփոխելի՝ միավորված առանց ապականության:
   Երկրորդ՝ ուժով լեցուն, այսինքն՝ զորավոր է, ըստ այն խոսքի. «Որ ամեն ինչ կրում է իր խոսքի զորությամբ » (Եբր. 1։3), նաև՝ «Քրիստոս Աստծո զորությունն է» (Ա Կորնթ. 1։24),- ինչպես ասում է Պողոսը:
   Երրորդ՝ որովհետև ամուր է, սեղմում է փոշու խտացած մասնիկները, և անբաժանելի է Քրիստոսի գերագույն միավորությունը, քանզի Բանի ու մարմնի անճառելի միավորությունից հետո նրանք իրարից չեն բաժանվում․ ո՛չ բնությունները, ո՛չ զգայությունները, ո՛չ ներգործությունները, այլ ինչը Աստծունն է, նույնը նաև մարդունն է, և ինչ մարդունն է, նույնը և Աստծունն է, որովհետև Աստված մարդ [եղավ] և մարդն՝ Աստված:
   Չորրորդ՝ որովհետև ծանր է, ինչը նշանակում է Քրիստոսի անսահման խոնարհությունը, որի մասին Նա Ինքն էր ասում. «Ինձանից սովորեք, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ. 11։29), և չէ՞ որ Նա երկնքից երկիր իջավ, հարուստը մեզ համար աղքատացավ, Նա, Ով Աստծո կերպարանքով էր, ծառայի կերպարանք առավ, և նախանձախնդրությամբ ծառայեց շատերին, ու «հնազանդ եղավ մինչև մահ՝ մինչև խաչի մահվանը» (Փիլիպ. 2։8):
   Հինգերորդ՝ որովհետև ցամաք ու չոր է վիմաժայռը, այդպես և մեր Տերը ցամաք մնաց աշխարհական հյութերից, քանզի «մեղք չգործեց ու նենգություն չգտնվեց Նրա մեջ» (Եսայի 53։9, Բ Պետ. 2։22):
   Վեցերորդ՝ որովհետև վիմաժայռը փոս ու հարթ տեղում է հաստատվում, իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես ո՞ւմ մեջ հանգչեմ, եթե ոչ՝ հեզերի ու խոնարհների մեջ» (Եսայի 66։2)։ Նաև, «եթե մեկն Իմ պատվիրանները պահի, Ես և Իմ Հայրը նրա մոտ կգանք» (Հովհ. 16։23):
   Յոթերորդ՝ որովհետև վիմաժայռը սահում ու գլորվում է շատերի համար անտեսանելիորեն։ Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս անհավատների համար գլորվող վիմաժայռ ու գայթակղության քար է, որովհետև «Նա շատերի համար պատճառ է լինելու գլորման ու բարձրացման» (Ղուկ. 2։34):
   Ութերորդ՝ որովհետև «ով ընկնի այս վեմի վրա, կփշրվի, և ում վրա ընկնի, նրան կճզմի» (Մատթ. 21։44)։ Իսկ մեր Տերը խորտակեց սատանայի զորությունը և խորտակեց կուռքերի պատկերներն Իր խոսքի զորությամբ: Համաձայն Դանիելի տեսիլքի, թե՝ «Վեմը հատված է առանց ձեռքի» (Դան. 2։45), Նա հարվածեց ու փշրեց կուռքերի բոլոր պատկերները:
   

Ա. Լոպուխին

Մահը հավիտյանս պիտի կլանվի, և Տեր Աստված բոլորի երեսից կսրբի արցունքները, և Իր ժողովրդի նախատինքը կվերացնի ամբողջ երկրի վրայից, քանի որ Տերն այսպես է ասում․ [8] (Սինոդական թարգ․)
   
«Մահը պիտի կլանվի»։ Այս մարգարեությունը պետք է իրականություն դառնա Քրիստոսի փառավորված թագավորության մեջ՝ համընդհանուր հարությունից հետո, ինչպես որ մեկնաբանում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ․ 15։54)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ Նա պիտի ընկճի հզօրների բազուկները:
(Արարատ թարգ․) Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։
(Գրաբար) Զաւրացաւ մահ եւ եկուլ. եւ դարձեալ եհատ Աստուած զամենայն արտաւսր յամենայն երեսաց, եւ զնախատինս ժողովրդեանն եբարձ յամենայն երկրէ. զի բերան Տեառն խաւսեցաւ: զտապն հովանեաւ ամպոյ, եւ զբազուկս հզաւրաց խոնարհեցուսցէ: