Ա. Լոպուխին
16 18․ Տե՛ր, նեղության մեջ նա Քեզ որոնեց, լուռ աղոթքներ արտաբերեց, երբ որ Քո պատիժը հասավ նրան։ [16] Ինչպես հղի կինն է երկունքի պահին տանջվում ու գոռում իր ցավերից, այդպես և մենք էինք Քո առջև, Տե՛ր։ Հղի էինք, տանջվում էինք և ծննդաբերում էինք, ինչպես քամին, սակայն երկրին փրկություն չբերեցինք, և աշխարհի մյուս բնակիչները չընկան։ (Սինոդական թարգ․)
Այնուամենայնիվ անգամ մահվան թագավորությունում կյանքի փնտրտուք կա, և հարության հանդեպ հույսը չի մարում։ Այսպիսով՝ նույնիսկ մեռյալներն իրենց վշտալի կացության մեջ փնտրում են Տիրոջը՝ կյանքի միակ Աղբյուրին («նա Քեզ որոնեց»․ «նա»,- այսինքն՝ այն ժողովուրդը, որի մասին խոսվում է 15-րդ համարում)։
«Լուռ աղոթքներ արտաբերեց», ասել է թե՝ պարզ չէ, թե ինչ շշնջաց ու մրմնջաց, քանի որ մահացածը չի կարող իրական ձայն արձակել (հմմտ․ Ես․ 8:19)։
«Ինչպես հղի կինը․․․»։ Սա դժոխքում բնակվողների խոսքն է։ Նրանք այստեղ խոսում են այն մասին, թե հատկապես ինչն է եղել Աստծուն ուղղած իրենց լուռ աղոթքների առարկան։ Նրանք տանջվում էին հատկապես այն մտքից, որ իրենց համար հնարավոր չէ կյանք վերադառնալ, և այդ պատճառով էլ բողոքում էին Աստծուն։
«Հղի էինք, տանջվում էինք»։ Այստեղ մարգարեն հավանաբար ի նկատի է ունենում Սաղմոսաց գրքի 17։5-6-րդ համարները։ Այդ սաղմոսում Դավիթն իր տանջանքները համեմատում է դժոխքի տանջանքների հետ։ Դավիթը չի ասում, որ ինքն արդեն մահացել և գնացել է շեոլ, սակայն հայտարարում է, որ ինքը չափազանց մոտ էր մահվանը և որ արդեն խճճվել էր մահվան ցանցի մեջ։ Եվ այդ պահին Դավիթ մարգարեն աղոթքով դիմել է Տիրոջը և փրկություն է ստացել։ Եսայի մարգարեն Դավթի՝ դժոխային տանջանքներից ազատագրվելու մեջ տեսնում է հիմնավորում իր ա՛յն գաղափարի հաստատման համար, ըստ որի՝ դժոխքից հնարավոր է ազատագրվել և դժոխքի բնակիչների մեջ էլ չի մարում մահվան կապանքներից ազատվելու հույսը։ Այդ հույսն է, որ մահվան թագավորության բնակիչների մեջ արթնացնում է այն պոռթկումները, որոնք Եսայի մարգարեն համեմատում է ծննդաբերողի տանջալից փորձերի հետ։ Այդ պոռթկումները, սակայն, մեռյալների համար որևէ արդյունք չեն ապահովում, քանի որ նրանք ապավինում են միայն իրենց սեփական ուժերին, մինչդեռ մեռածներն այդ ինչպիսի՞ զորություն կարող են ունենալ իրենց ցանկություններն իրականացնելու համար։ Այո՛, լինում է, այսպես ասած, կեղծ հղիություն, երբ որ կինն ունենում է հղիության միայն արտաքին նշանները, սակայն, իհարկե, մանուկ լույս աշխարհ չի բերում։ Այդպես նաև մեռյալներն առանց Տիրոջ հետ սերտ օրգանական հաղորդակցության չեն կարող նոր կյանքի հասնել։
«Երկրին փրկություն չբերեցինք» – հավանաբար ավելի ճիշտ կլինի թարգմանել այսպես․ «Երկրին երջանկություն չբերեցինք»։ Երկիրը, մահվան «պատճառով» զրկված լինելով իր բնակիչներից, նույնպես պատկերվում է տանջվող և իր բնակիչների համար վշտացող կերպարանքով, ուստի և երկիրը կարող է երջանիկ լինել միայն այն դեպքում, երբ որ մեռյալները դարձյալ դեպի կյանք կվերադառնան։
«Եվ աշխարհի մյուս բնակիչները չընկան» – հավանաբար եբրայերենից ավելի ճիշտ կլինի այսպես թարգմանել․ «Աշխարհ չեկավ երկրի (նոր) քաղաքացին»։ Անդրշիրիմյան աշխարհից ոչ ոք այս աշխարհ չի վերադարձել (եբրայերեն «նաֆալ» բայը, որը սինոդական թարգմանության մեջ թարգմանվել է «ընկան» բառով, կարող է նշանակել նաև «ծնվել») 2։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տէ՛ր, նեղութեան մէջ յիշեցինք քեզ, որովհետեւ քո տուած փոքր նեղութիւնը խրատ է մեզ համար:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։
(Գրաբար) Տէր ի նեղութեան յիշեցաք զքեզ, զի փոքր նեղութիւն է խրատ քո մեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: