Եսայու մարգարեության մեկնություն 28։16

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի:
   
   Բազմապատիկ
   Այսինքն՝ բազմակտոր. նախ՝ որովհետև Նա կրում և ընդունում է ամենքին, ովքեր հաստատված են Նրա վրա: Երկրորդ՝ որովհետև ոչ միայն աստղերի բարեհաճությունը, այլև հանդերձյալ կյանք է պարգևում: Ընտիր է, քանզի ոչ ոք Նրան հավասար չէ, ուստւ երբ լսես «Իմ անդրանիկ որդի Իսրայելը» (Ելք 4։22) խոսքը, կամ մեկի մասին, ով օծված է, ինչպես Քրիստոս, կամ մեկի, ով միածին որդի է, չկարծես, թե հավասար է Նրան, որովհետև Նա է ընտրյալ Որդին, «որին հոժարեց Հայրը» (Մատթ. 3։17), և միայն Նա է հավասար Հորը, քանզի ինչ ասվում է Հոր համար, նույնը վերաբերում է Որդուն:

   Պատվական է, որովհետև թեպետև անարգվեց, թուք ու մուր կերավ, չարչարվեց, սակայն Իր հարստությունից ու փառքից չզրկվեց:

    Անկյան գլուխը` անկյունաքարն է, և այն երկու գործ է կատարում. նախ՝ երկու քարեր իրար է կապում, երկրորդ՝ պատի բովանդակ [ծանրությունն] իր վրա է ընդունում։ Այդպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս բոլոր մեղքերը և ողջ անեծքը Իր վրա ընդունեց ու կրեց Իր մարդեղությամբ, իսկ հրեաներին և հեթանոսներին կապեց քրիստոնեության նույն հավատին: Եվ պատի կողմերը չորսն են, որ կապում է անկյունաքարը, այսինքն՝ հրեաներին, հեթանոսներին, մարդկանց և հրեշտակներին։ Նա վերացրեց տարբերությունը, որ հրեաների ու հեթանոսների մեջ առաջացրած օրենքի խտրությունն էր, նաև վերացրեց թշնամությունը, որ հրեշտակների ու մարդկանց մեջ եղած կռապաշտությունն ու մեղքն էր, և հաշտեցրեց հրեշտակներին ու մարդկանց, ըստ որի մարդկանցից ընդունած մարմնով նստեց Հոր աջ կողմը, և «Նրան պիտի խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկրավորների, թե՛ երկնավորների» (Փիլիպ. 2։9), և «Ով նրան հավատա՝ չի ամաչելու» (Ա Պետ. 2։6): Հավատով ցույց է տալիս առաջին գալուստը, որովհետև երկրորդ գալուստի ժամանակ հավատքի կարիք չի լինի: Դարձյալ ասում է. «Ով Նրան հավատա՝ չի ամաչելու» (28։16), և ոչ թե նա, ով քննելու է Քրիստոսին։ Սրանից հայտնի է դառնում, որ նա, ով հանդգնի քննել աստվածային տնօրինությունը, ամաչելու է, նախ՝ որովհետև չի կարողանալու դա անել, երկրորդ՝ որովհետև ընկնելու է երկբայության մեջ ու կորչելու է:

    Այսքանն այս մասին:
   

Ա. Լոպուխին

16-18․ Այդ պատճառով Տեր Աստված այսպես է ասում. «Ահա Ես Սիոնի վրա հիմնաքար եմ դնում, փորձված, անկյունային, թանկարժեք, ամուր հաստատված մի քար. նրան հավատացողը չի ամաչի։  [16] Եվ դատը՝ չափով, ու ճշմարտությունը քաշով եմ դնելու, և կարկուտով է հարվածվելու ստի ապաստարանը, և ջրերը ծածկելու են թաքստոցը։ Եվ մահվան հետ ձեր դաշինքը փլուզվելու է, և դժոխքի հետ ձեր համաձայնագիրը կանգուն չի մնալու։ Երբ որ ամեն ինչ կործանող պատուհասը վրա հասնի, դուք կոտնահարվեք։(Սինոդական թարգ․)
   
   Ի հակադրություն այսպիսի կեղծ հույսերի, ինչպես նաև մատնացույց անելով դրանց կատարյալ ոչնչությունը, մարգարեն ասում է, որ Իսրայելի միակ հույսը հենց Իր՝ Տիրոջ կողմից Սիոնի վրա դրված, ամուր հաստատված անկյունաքարն է։ Իսկ ահա հուդայական քաղաքականության կեղծ ապաստարանը ջրով կլվացվի, իսկ դրան ապավինածները կմահանան։ Այսպիսով՝ այս հատվածը նախևառաջ իր մեջ սպառնալիք է պարունակում, և հետո նոր՝ խոստում։

   Ի՞նչ էր հասկանում մարգարեն «անկյունաքար» ասելով։ Դա պետք է լիներ մի քար, որի մեջ պետք է գտնվեր պաշտպանություն ցանկացած ճշմարտության և իրավունքի համար, հետևաբար այդ անկյունաքարը Սիոնը չէ, ինչպես որ ենթադրում են որոշ մեկնաբաններ, այն Դավթի տունը չէ, այն Եզեկիան չէ, տաճարը չէ, և ոչ էլ օրենքն է։ Կատարելապես ճշմարիտ կլինի այդ քարի մեջ Մեսիային՝ Աստծո Որդուն տեսնելը, Նրա՛ն, Ով միակ միջնորդն է Աստծո և մարդկանց միջև և Ով պետք է ծնվեր Դավթի տոհմից (հմմտ. Ես. 8:8)։ Նոր Կտակարանը լիովին հաստատում է այս գաղափարը՝ Քրիստոսին անվանելով «անկյունաքար», որի վրա կառուցվում է փրկվածների համայնքը կամ Եկեղեցին (Եփես. 2։20, Գործք 4։11 և Ա Պետր. 2։6-7)։

   Քարն անվանվում է «փորձված», այսինքն՝ բոլորովին հուսալի։ Քանի որ խոսքը Մեսիայի մասին է, ուստի այստեղ կարելի է ակնարկ տեսնել ա՛յն փորձությունների մասին, որոնց Իր երկրավոր կյանքի ընթացքում ենթարկվեց Քրիստոս Փրկիչը։

   «Անկյունաքար» – սա մի այնպիսի քար է, որը ոչ միայն կանգուն է պահում կառույցը, այլև երկու հատվող անկյուններում իրար է միացնում այդ կառույցի պատերը։ Դրա համար էլ ընտրվում են հատկապես ամուր և քառանկյունի ձև ունեցող քարեր։

   «Նրան հավատացողը»: Ամուր անկյունաքարն իր փրկչական գործունեությունը դրսևորում է ոչ թե արտաքին մոգական եղանակներով, այլ համապատասխանաբար ներքին ընկալունակությամբ կամ էլ իրեն մոտեցողների հավատքի միջոցով։

«Դատը՝ չափով», այսինքն՝ նոր, սրբազան տաճարի կառուցումը պետք է իրագործվի այնպես, որ  շենքեր կառուցողների կողմից որպես չափման միավոր օգտագործվող պարանի փոխարեն պետք է կիրառվի հենց ճշմարտությունը, իսկ ատաղձագործական կշռաքարի փոխարեն (ռուսերեն թարգմանությունը՝ «քաշով», սխալ է) ինքը՝ արդարադատությունն ու ուղղամտությունը։ Դա նշանակում է, որ այդ ոլորտներում այլևս ոչ մի սխալ չի գործվի (հմմտ. Ես. 1:27

   «Ստի ապաստարան...թաքստոց» – պատկերավոր արտահայտություններ են, որոնք ցույց են տալիս հրեա կառավարիչների քաղաքական ծրագրերը։

   «Կարկուտ և ջրեր» – խորհրդանշում են Աստծո զորությունը, որը ոչնչացնում է մարդկային ծրագրերը։

   «Կոտնահարվեք» – իհարկե՝ ասորեստանյան թագավորի զորքերի կողմից։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի:
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։
(Գրաբար) Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր Տէր: Ահաւասիկ ես դնեմ ի հիմունս Սիովնի վէմ բազմապատիկ, զընտիր, զգլուխ անկեան, զպատուականն ի հիմունս նորա. եւ որ հաւատասցէ ի նա` մի ամաչեսցէ: