Ա. Լոպուխին
17-21․ Եվս մի քիչ, շա՜տ քիչ, և մի՞թե Լիբանանը չի վերածվի այգու, և մի՞թե այգին անտառ չի համարվի։ [17] Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և կույրերի աչքերը կտեսնեն մթության ու խավարի միջից։ Եվ տառապյալներն ավելի ու ավելի պետք է ուրախանան Տիրոջով, և աղքատ մարդիկ պետք է ցնծան Իսրայելի Սրբով։ Որովհետև այլևս բռնավոր չպետք է լինի, և հայհոյողը կվերանա, և կկործանվեն ստի բոլոր պաշտպանները։ Որոնք մարդուն խոսքերով մոլորեցնում են ու դարպասների մոտ դատ պահանջողին որոգայթն են գցում և արդարին հալածում են։ (Սինոդական թարգ․)
Տերն Ինքը կբարեփոխի Իր ժողովրդին, որն այժմ այնքան էլ լավ չի ըմբռնում Աստվածային հայտնությունները։ Մարգարեն ապագայի այդ բարեփոխումները պատկերում է խորհրդաբանական փոփոխությունների ա՛յն եղանակներով, որոնք պետք է իրականանան բնության մեջ և մարդկանց կյանքում։ Դրա հետ մեկտեղ կմահանան նաև իրենց իմաստությամբ հպարտացող հրեա քաղաքական գործիչները։ Այստեղ ակնհայտ է, որ մարգարեի հայացքը մոտ ապագայից ուղղվում է դեպի հեռավոր ժամանակներ՝ դեպի մեսիական փրկության օրերը։
«Մի՞թե Լիբանանը չի վերածվի այգու»։ Տերը կարող է նույնիսկ լիբանանյան անանցանելի անտառները վերածել սովորական, լավ մաքրված այգու, ինչպես նաև հակառակը՝ այգին վերածել անտառի։ Լիբանանն այստեղ առավելաբար խորհրդանշում է ասորեստանցիների արքայի վայրի ուժն ու զորությունը, իսկ այգին՝ Հուդայական պետությունը։
«Խուլերը․․․»։ Հավանաբար մարգարեն այստեղ խոսում է հոգով խուլ հրեաների մասին, որոնց վրա Աստված ուղարկել էր թմրության ոգին (համար 11-րդ)։ Ժողովրդի մեջ Աստծո շնորհի հայտնությամբ նրանց ամբողջ համառությունը կվերանա, նրանք կդադարեն Աստծո հայտնությունների հանդեպ խուլ և կույր լինելուց։ Դրա հետ մեկտեղ նրանք իրենց համար երջանկություն կգտնեն, կազատվեն ամեն տեսակի կարիքից և կուրախանան իրենց Տիրոջ հետ հաղորդակցությունից։
Այս համարների (18-րդ և 19-րդ) բովանդակությունը վերարտադրվում է Հովհաննես Մկրտչի աշակերտներին ուղղված Քրիստոսի հայտնի պատասխանում (Մատթ․ 11:5, Ղուկ․ 7։22) և, հետևաբար, այս հատվածն իր մեջ մեսիական իմաստ է պարունակում՝ մատնանշելով ա՛յն փոփոխությունները, որոնք Ավետարանական շնորհը կիրագործի ամբողջ մարդկության կյանքում։
«Բռնավոր և հայհոյող․․․» – սա առաջին հերթին վերաբերում է ասորեստանցիների թագավորին (հմմտ․ Ես․ 36:18 և այլն), և հետո միայն Աստծո Եկեղեցու ցանկացած թշնամուն։
«Ստի բոլոր պաշտպանները» – սրանք հրեական ժողովրդի «սեփական», «տնային» ճնշողներն են։
«Դարպասների մոտ դատ պահանջողին․․․»։ Հրեական սովորության համաձայն՝ դատավորները վեճերը լուծում էին քաղաքի դարպասների մոտ և այդ դարպասների հարևանությամբ գտնվող հրապարակներում, որպեսզի մշտապես ականատեսներ լինեին գործի քննության որպիսությունը վկայելու համար։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Շատ չէ՝ քիչ ժամանակ կ՚անցնի, եւ Լիբանանը կը դառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կը համարուի:
(Արարատ թարգ․) Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։
(Գրաբար) Ոչ եւս յետ սակաւ ժամանակի, եւ եղիցի Լիբանան իբրեւ զլեառն Քերմէլ. եւ Քերմէլ յանտառ համարեսցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: