Եսայու մարգարեության մեկնություն 35։8

Ա. Լոպուխին

Եվ այնտեղ մի մեծ ճանապարհ է լինելու, և այդ ճանապարհով անցնող ուղին «սուրբ ուղի» է կոչվելու, անմաքուրը չի անցնելու այդ ուղով, այլ այն միայն սրբերի համար է լինելու։ Այդ ճանապարհով գնացողները՝ նույնիսկ անփորձները, չեն մոլորվելու։ [8] Այնտեղ առյուծ չի լինելու և գիշատիչ գազանը ոտք չի դնելու այդ ճանապարհի վրա․ գազանն այդ ուղու վրա չի բարձրանալու, այլ փրկվածներն են ընթանալու այդ ուղով։ (Սինոդական թարգ․)
   
   Սուրբ ուղի», այսինքն՝ մի ճանապարհ, որն անմատչելի է հասարակ, մեղավոր մարդկանց համար։ Ակնհայտ է, որ այդ ուղիները Մեսիական թագավորության մեջ եղող ուղիներն են, և ոչ թե դեպի Մեսիայի թագավորություն տանող ճանապարհները, քանի որ այս վերջին ճանապարհներով ընթանում են դեռևս մաքրությանը  կարոտ մարդիկ, և ոչ թե սրբերը։

   «Անփորձները», ամենայն հավանականությամբ, ա՛յն հեթանոսներն են, որոնք կանչվել են Քրիստոսի թագավորություն և սկզբնական շրջանում իրենց տկար ու անփորձ են զգացել հոգևոր կյանքում։

   «Առյուծ»-ը և «գիշատիչ գազան»-ը չար մարդկանց և դիվային ուժերի խորհրդանշաններն են։ Այստեղ արդեն խոսքն ակնհայտորեն վերաբերում է դարձյալ Քրիստոսի փառավորված թագավորությանը, քանի որ այստեղ՝ երկրի վրա, Քրիստոսի Եկեղեցու անդամները դեռևս շարունակում են գայթակղությունների և հարձակումների ենթարկվել սատանայի և նրա ծառաների կողմից։

   «Փրկվածները»։ Ըստ երևույթին խոսքն այստեղ ոչ այնքան Բաբելոնի գերությունից ազատագրվելու մասին է, որքան մեղքի ու մահվան ստրկությունից ազատվելու մասին։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչուի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի, «պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, - մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորուեն:
(Արարատ թարգ․) Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։
(Գրաբար) Անդ եղիցին ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սո́ւրբ կոչեսցի. մի́ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի́ եղիցի անդ ճանապարհ պղծոյ. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա՝ եւ մի́ մոլորեսցին։