Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան:
Արդ, ո՞ւմ եք նմանեցնում Տիրոջը
Չորս պատճառով պիտի հրաժարվել Աստծո պատկերի նմանությունը կերտելուց: Նախ՝ որովհետև օրենքով արգելվեց. «Աստծո նմանությամբ պատկեր չստեղծես՝ ոչ երկնքում եղածների և ոչ էլ երկրում եղածների համաձայն» (Բ Օր. 5։8):
Երկրորդ՝ որովհետև առաջին նախնիներից և ոչ մեկը չստեղծեց Աստծո պատկերը:
Երրորդ՝ որովհետև ոչ ոք հավաստիորեն չգիտե Նրա նմանությունը, քանզի ոչ ոք նման չէ Նրան:
Չորրորդ՝ որովհետև պատկեր ստեղծում ենք ապականացու իրերից, մինչդեռ Աստված անեղծ և անապական բնություն է, ուստի պետք չէ Նրա պատկերը գծել, ինչպես կուռքերինը:
Հարց. Իսկ եթե մեկը հարցնի՝ ապա մենք ինչպե՞ս ենք նկարում Տերունական, Տիրամոր կամ բոլոր սրբերի պատկերները, ,, կպատասխանենք. Վեց պատճառով. նախ՝ որովհետև Միածին Որդին Հոր էության ճշմարիտ պատկերն ու նկարագիրն է (Եբր. 1։3): Եվ քանի որ Նա մարդացավ ըստ մեր պատկերի, և, հիրավի, մենք հավատում ենք դրան, ուստի Նրա պատկերն ենք նկարում:
Երկրորդ՝ որովհետև «Աստված մարդուն արարեց Իր պատկերով» (Ծննդ. 1։27), ինչպես ասում է Գիրքը, ուստի մենք էլ նկարում ենք Նրա պատկերի պատկերը։ 2
Երրորդ՝ որովհետև Աստված երևաց պատկերի նմանությամբ, ինչպես օրինակ Աբրահամին և Մովսեսին, նաև Դանիելին՝ ծերունու պատկերով, իսկ Եսայուն ու Եզեկիելին՝ «Բարձր Աթոռի»: Տեսան նաև Սուրբ Հոգին, որ Աղավնու ճշմարիտ նմանությամբ իջավ Քրիստոսի վրա (Հովհ. 1։32), այսու համարձակվում ենք Նրա երևալու նմանությունը կերտել:
Չորրորդ՝ որպեսզի Նրա խոսքերի ձայնը և Նրա երախտիքի հիշատակը աչքի տեսության առջև անմոռաց պահենք: Այս պատճառով նկարում ենք յուրաքանչյուր տնօրինության ու հասակի փրկական պատկերը, դրա հետ նաև՝ Աստվածածին կույսին:
Հինգերորդ՝ որպեսզի ցանկանանք նրանց երանությանը, նմանվենք նրանց, վախենանք ու փախչենք տանջանքներից: Այս պատճառով սրբերին նկարում ենք խաղաղ վայրերի [ետնախորքի վրա]՝ շրջապատված Աստծով, իսկ չարերի պատկերները՝ դժոխքի տանջանքներում:
Վեցերորդ՝ որովհետև մեր Տերը և Օրենսդիրն Իր պատկերը ձևագրեց դաստառակի վրա։ 3 Նաև, Հովհաննես Ավետարանիչը Տիրամոր պատկերը փայտի վրա ձևագրեց: Ուստի և մենք համարձակորեն պատկերենք նրանց իբրև ողջերի, առ Աստված աղերս մատուցենք և նրանց բարեխոս դարձնենք, համաձայն այն խոսքի, թե՝ «Քո անարատ ծնողի պատկերը առջևդ ենք դնում, անոխակալ Տեր»։ 4 Իսկ եթե մեկը կույր մտքով գայթակղվի՝ սրբերի պատկերները համեմատելով կուռքերի հետ, թող իմանա, որ մեծ տարբերություն կա նրանց միջև: Նախ՝ որովհետև կուռքերը դևերի պատկերներ են, ըստ այն խոսքի, թե «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են» (Սաղմ. 95։5), մինչդեռ սա ճշմարիտ Աստծո պատկերն է:
Երկրորդ՝ որովհետև նրանք պաշտում էին ձեռագործ նյութը, մինչդեռ մենք ոչ թե նյութը, այլ միայն բովանդակությունն ենք պատվում ու պաշտում:
Երրորդ՝ նրանք սիրում են չարագործներին և անմեղների սպանությունը այսինքն՝ ոճրագործությամբ [ուղեկցվող] նրանց տոները ու մանուկների զոհաբերությունը: Մինչդեռ սրբերն իրենց տոների մեջ սիրում են սրբություն և աղոթք, ու դրանք կատարվում են հոժար կամքով, մաքուր սրտով, պարզ մտքով, ուղիղ հավատով, այլև թողություն են շնորհում մեղքերին և առողջություն՝ մարմիններին:
Չորրորդ՝ որովհետև սրբերի պատկերները մեծամեծ հրաշքներ ու բժշկություններ են գործում, ինչպես դաստառակը՝ Աբգարի հանդեպ, այլև, Տիրամոր պատկերը փղախտի բորոտությունն է բժշկում, մյուսները՝ նույնպես. որովհետև եթե նրանց ստվերները հարություն են պարգևում մեռելներին, ապա առավել ևս՝ նրանց պատկերները: Իսկ կուռքերի պատկերները ոչ մի հրաշք չեն գործում, ինչն այլուր մեղադրում է մարգարեն՝ ասելով, թե՝ «Ի՞նչ եք խնդրում դուք՝ կենդանիներդ, այդ մեռելներից» (Եսայի 8։19): Եվ այստեղ էլ ասում է, թե գեղեցկությունը խաբում է. դա ճարտար արհեստավորներից է, որոնք պատկեր ստեղծեցին ու ոսկով ձուլեցին: Եվ եթե երկար ժամանակ է տևում՝ դա հնարքներից է, որովհետև անփուտ փայտ ընտրեց ու հաստատեց, որպեսզի չշարժվի (Եսայի 40։20): Ու եղավ, որ ժամանակին ոմանք անարգեցին սրբերի պատկերները, իսկ ոմանք հավաքվելով հերքեցին այդ հերձվածը 5, որի շնորհիվ և մենք՝ հավատացյալներս, չենք մոլորվում հոմանունության պատճառով 6: Ու թեպետ բազմիցս խաչի պատկերը տեսնում ենք կենդանի և անկենդան բաների վրա՝ մենք բոլորը չենք մեծարում ու բոլորը չենք մերժում, այլ մեկը մեծարում ենք, որ Քրիստոսի հետ է, իսկ մյուսները՝ մերժում: Նույնպես տերունական պատկերներն ենք պաշտում, Աստծոսրբերի պատկերները՝ մեծարում, իսկ մյուս պատկերներն անարգում ենք՝ թե՛ մարդկանց, թե՛ դևերի:
Այսքանն այս մասին:
Ա․ Լոպուխին
Ուրեմն ո՞ւմ եք դուք նմանեցնում Աստծուն, և ի՞նչ նմանություն եք գտնում Նրա հետ։ [18] (Սինոդական թարգ․)
18-26-րդ համարներում շարունակվում է Աստծո մեծության միևնույն գաղափարի բացահայտումը, սակայն մեկ այլ, այսպես ասած, բացառման ճանապարհով կամ, ավելի ճիշտ, Աստծո անսահման մեծությունը համեմատելով մարդկության կողմից երկրպագության և պաշտամունքի առարկա եղող ամենավսեմ օբյեկտների հետ։ Այս համեմատության թեման առկա է երկու տեղիներում՝ 18-րդ և 25-րդ համարներում, այսինքն՝ այս հատվածի սկզբնամասում և վերջնամասում։ Միակ ճշմարիտ Աստծո մեծությանը նախևառաջ հակադրվում է հեթանոսական աստվածների կամ դրանց պատկերների, այսինքն՝ կուռքերի ոչնչությանն ու կեղծ լինելուն։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան:
(Արարատ թարգ․) Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։
(Գրաբար) Արդ ու՞մ նմանեցուցէք զՏէր, եւ որու՞մ նմանութեան նմանեցուցէք զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: