Եսայու մարգարեության մեկնություն 40:26

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից:
   
   Աչքներդ դեպի երկինք բարձրացրեք
   Երեք պատճառով է մարդու դիրքը կանգուն, և ոչ թե կորագլուխ, ինչպես անասուններինն է. նախ՝ որովհետև անասունների վրա տեր և իշխան ենք [կարգված]:
   Երկրորդ՝ որովհետև միշտ երկինք նայելով տեսնում ենք Աստծո բարձրությունը:
   Երրորդ՝ որպեսզի ի մտի ունենանք մեր ազնվականությունը, որի համար էլ մեր աչքերը բարձր տեղում զետեղվեցին, որպեսզի դատավորների նման անսխալաբար տեսնեն և զանազանեն բարին չարից, ինչպես Ժողովողն է ասում. «Իմաստունի աչքը գլխի մեջ է» (Ժող. 2։14), իսկ ովքեր միշտ հողին են նայում երկրաքարշ հայացքով, նրանց խրատում է աչքերը վեր բարձրացնել:

    հաստատեց այս ամենը.

   Ոչ թե, ինչպես ասում են, մեկը երկիրը ստեղծեց, մյուսը՝ ծովը, մեկ ուրիշը՝ երկինքը, այլ Նա միայնակ ստեղծեց, ինչպես ասվում է, այլև Տերը երկնքի բոլոր զարդերը կոչում է անվանապես: Այս մասին է խոսում նաև Դավիթը. «Ո՞վ կարող է թվել աստղերի բազմությունը» (Սաղմ. 146։4) և այլն: Նախ՝ որովհետև Աստված անսխալապես գիտե ամեն ինչ:

   Երկրորդ՝ որովհետև նախախնամում է յուրաքանչյուրին, որպեսզի չկորչեն:
   Երրորդ՝ որովհետև բոլորը հնազանդ են Նրա խոսքին. սա է նշանակում անվանապես կոչելը (Ծննդ. 26։25, Եսայի 45։3): Աստծո զորությունը սաստիկ է երեք պատճառով. նախ՝ որովհետև երկար և հարատև է,
   երկրորդ՝ որովհետև մեծ է Նրա զորությունը,
   երրորդ՝ որովհետև ամենազոր է, այսինքն՝ ամեն ինչի մեջ զորավոր է, մինչդեռ մարդիկ երբեմն տկար են, և ոմանց հանդեպ միայն՝ զորավոր:

   Հարց. Ի՞նչ է հավիտենականը և ի՞նչ՝ մշտնջենավորը:

   Պատասխան. Հավիտենականը անսկիզբն ու անվախճանն է, ինչպիսին Աստված է: Մշտնջենավորը սկսվողն ու անվախճանն է, ինչպիսին հրեշտակներն ու մարդկանց հոգիներն են:
   

Ա․ Լոպուխին

Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկնքի բարձունքները և նայեցե՛ք, ո՞վ է ստեղծել սրանց. ո՞վ է հաշվարկում նրանց զորությունները։ Նա նրանց բոլորին կանչում է անունով․ կարողության առատության և մեծ զորության առումով Նրան ոչինչ չի պակասում։ [26] (Սինոդական թարգ․)
   
   «Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկնքի բարձունքները…կարողության առատության և մեծ զորության առումով Նրան ոչինչ չի պակասում»։ Այս համարն իր իմաստով անմիջականորեն հարում է 22-րդ համարին՝ մասնավորապես հենց ա՛յն հատվածին, որում որ Աստծո մասին խոսվում էր որպես երկնքի Արարչի։ Ցանկանալով իր ունկնդիրների մեջ ակնածալից զարմանք արթնացնել Արարչի մեծության առջև և կամենալով մատնացույց անել սեփական ապիկարության գիտակցումը՝ մարգարեն իրեն լսողների հայացքն ուղղում է դեպի աստղազարդ երկնքի պատկերը, որը, ըստ սաղմոսերգուի, այս առումով խիստ ուսուցողական է (Սղմ. 28:2): Զարմանալի չէ, որ այս փաստարկը մեծ հաջողությամբ կիրառեցին ինչպես հինկտակարանյան իմաստունները, այդպես էլ քրիստոնյա ջատագովները (Մինուցիոս Փել. Առնոբիոս և ուրիշներ)։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից:
(Արարատ թարգ․) Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։
(Գրաբար) Համբարձէք ի բարձունս զաչս ձեր, եւ տեսէք ո՞ հաստատեաց զայս ամենայն: ո՞ հանէ զզարդ նոցա, եւ զամենեսեան յանուանէ կոչէ. բազում փառաւք եւ սաստկութեամբ զաւրութեան, եւ մի ինչ` ոչ ծածկեցաւ ի քէն: