Եսայու մարգարեության մեկնություն 42:4

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ:
   
   Ծագելու և չի մարելու մինչև հանուն ճշմարտության երկրի վրա հաստատի արդարությունը։

   Այսինքն՝ Նա հայտնի դարձրեց, որ աշխարհում մարդկանց ամեն ինչը սնամեջ և ընդունայն է, ըստ այն խոսքի, թե՝ «Ինչո՞ւ եք սիրում ունայնություն ու փնտրում ստություն» (Սաղմ. 4:3): Այլև թյուր էր դատաստանի արդարությունը, որն ուղղեց՝ ասելով․ «Մի՛ դատեք ըստ աչքերի, այլ ուղիղ դատաստան արեք» (Հովհ. 7:24): Իսկ սխալ դատաստան է լինում վեց բանի պատճառով. նախ՝ վախից, երկրորդ՝ ճարտար ու տարտամ խոսողներից, երրորդ՝ կողմնապահությունից, չորրորդ՝ տգիտությունից, հինգերորդ՝ կաշառքից, վեցերորդ՝ սուտ վկաներից: Նա ցույց է տալիս, որ այսպիսի դատավորների համար արդար վճիռ է լինելու թե՛ այստեղ և թե՛ Աստծո դատաստանի ժամանակ, քանզի արդարությամբ է դատելու, և ոչ թե մարդու նման՝ կողմնապահությամբ։ Այլև, Նա չի վախենում ոչ մեկից, և կաշառքով չի գայթակղվում, բնությամբ ամենիմաստ է, ու կարիք չունի ուրիշ վկաների, քանզի Նրա առջև ամեն ինչ հայտնի է մերկապարանոց կերպով, ու Նա «քննում է սրտերն ու երիկամները» (Սաղմ. 7:10), և ովքեր պատժապարտ են, ինքնըստինքյան իրավունքը տալիս են Նրան, ինչպես Դավիթն է ասում. «Ես՝ հովիվս, մեղք գործեցի» (Բ Թագ. 24:17)։ ԻսկԿայենն ասում էր. «Իմ վնասը մեծ է, քան մեղքերի թողությունը» (Ծննդ. 4։13)։ Ադամը թաքնվելով ցույց տվեց, թե մեղավոր է, հարուստը, երբ Աբրահամից լսեց, թե՝ «Քո բարիքը ստացար» (Ղուկ. 16։25), չկարողացավ արդարացիորեն պատասխանել, և ոչ էլ նա, որի համար Տերը հրամայեց՝ կապել ձեռքերն ու ոտքերը և հանել արտաքին խավարը (Մատթ. 22։13):
   Եվ հեթանոսները հուսալու են Նրա անվանը
   Հարց. Հեթանոսները ինչո՞ւ՞ չպիտի հավատան ա՛յն անվանը, որը գործում է իբրև Էություն: Նախ՝ որովհետև ինչպես Քրիստոս Ինքը դևերին հալածում էր, նույնպես նաև Նրա անունով էին հալածում դևերին, ինչպես Սկևի որդիները (Գործք 19։14- 17): Երկրորդ՝ ինչպես Նա վերացրեց կռապաշտությունը ու փշրեց նրանց պատկերները, ըստ այն խոսքի, թե՝ «Ցնցվեցին եգիպտացիների ձեռագործ կուռքերը, երբ Նա մանուկ հասակում այնտեղ մտավ» 2, այդպես էլ սրբերը, Նրա անունը հիշելով, խորտակում էին կուռքերին: Ու եթե մեկն ասի՝ ինչպե՞ս վերացան կուռքերը, որովհետև տակավին կռապաշտներ, մոլագարներ ու կախարդներ կան, թող լսի Ոսկեբերանի պատասխանը, որն ասում է, թե Քրիստոս նրանցից քիչ թվով մնացուկներ թողեց, որպեսզի իմանանք Նրա բարերարության երախտիքը, այն, թե ինչ զազրալի գործերից ու դառն տանջանքներից ազատեց մեզ, և ջերմ սիրով փութանք Նրա մոտ: Երրորդ՝ ինչպես Քրիստոս է թողություն տալիս, այնպես էլ Նրա անունն է թողություն տալիս մեղքերին, համաձայն այս խոսքի. «Թող ձեզանից յուրաքանչյուրը մկրտվի Հիսուսի անունով մեղքերի թողության համար» (Գործք 2։38): Չորրորդ՝ ինչպես Նա էր մեծամեծ հրաշքներ գործում՝ կաղերին, կույրերին ու մեռելներին [բուժելով ու հարություն տալով], այդպես էլ Քրիստոսի անվամբ Պետրոսը հարություն պարգևեց Տաբիթային (Գործք 9։40), իսկ կաղը, ով նստում էր տաճարի դռան մոտ, վազում և օրհնում էր Աստծուն (Գործք 3։7-8): Հինգերորդ՝ ինչպես Քրիստոս Ինքը հավիտենական կյանք է պարգևում Իր հավատացյալներին, այնպես էլ, ինչպես Ավետարանն է ասում. «Նրանց, ովքեր հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու՝ ժառանգակից Քրիստոսին» (հմմտ․ Հովհ.1։12):
   

Ա. Լոպուխին

«Չի տկարանալու և ուժասպառ չի լինելու, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը, ու կղզիներն իրենց հույսը պիտի դնեն Նրա օրենքի վրա»: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Չի տկարանալու և ուժասպառ չի լինելու, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը․․․» - Չնայած Մեսիայի չափազանց խոնարհ տեսքին և Նրա քարոզության խիստ հեզ բնույթին, Նրա խոսքը հսկայական զորություն է ունենալու (Ես․  44:2, 1-ին մաս) ու Նրան հաղթող է դուրս բերելու բոլոր ժողովուրդների հանդեպ, ավելի հայտնի է դարձնելու, քան թե բազմաթիվ ժողովուրդներ նվաճած հանրահայտ Կյուրոսն էր:

   Սեպտուագինտայում ու սլավոներեն թարգմանության մեջ կիրառված է «կփայլի ու չի մարի» տարբերակը, որը բանաստեղծական հիանալի պատկերացում է տալիս Քրիստոսի վարդապետության հավիտենականության ու անփոփոխելիության գաղափարի շուրջ, վարդապետությո՛ւն, որը մշտապես փայլելու է պայծառ ու անմար լույսով:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ:
(Արարատ թարգ․) Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա. ծովեզրերը սպասում են նրա օրենքին։
(Գրաբար) Այլ հանցէ ի ճշմարտութիւն զիրաւունս: ծագեսցէ` եւ մի խորտակեսցի. մինչչեւ դիցէ յերկիր զդատաստան, եւ յանուն նորա հեթանոսք յուսասցին: