Եսայու մարգարեության մեկնություն 43:10

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած. - ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հաւատաք ինձ եւ գիտակցէք, թէ ո՛վ եմ ես: Ինձնից առաջ ուրիշ Աստուած չի եղել, ինձնից յետոյ եւս չի լինի:

   
   Իմացեք ու հավատացեք, որ Ես եմ Աստված
   Երեք պատճառով է հավատն առավել իմաստությունից. նախ՝ որովհետև իմաստունները տեսանելի բաներն են քննում, մինչդեռ հավատը անտեսանելի բաներն է տեսնում. «Հավատը ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1):
   Երկրորդ՝ որովհետև իմաստությունը ստեղծված բաներն է քննում, մինչդեռ հավատը վերաբերում է Աստծո անստեղծ լինելուն, ինչպես ասում է Եսային. Հավատացեք Ինձ, որ Ես եմ: Այս պատճառով աստվածային ամեն բան հավատով է ճանաչվում, և ոչ թե՝ քննվում մտքով, քանզի միտքը տկարանում է:
   Երրորդ՝ որովհետև իմաստությունը կարիք ունի նյութական ապացույցի, մինչդեռ հավատը դրա կարիքը չունի: Այս պատճառով թերահավատներն օրինակ են փնտրում Աստծո երրորդութենական անձերի տնօրինության խորհրդի համար, քանզի կատարյալ հավատ չունեն ու կամենում են գիտությամբ հասնել անհասանելիին:

   Ինձանից առաջ չի եղել այլ Աստված և Ինձանից հետո չի լինելու

   Այսինքն՝ Աստված անստեղծ և անվախճան է, իսկ ուրիշ ստեղծված բաներն Աստված չեն, այլ միայն Նա՛ է Աստված: Բայց այս խոսքը չի բացառում Որդուն և Հոգուն երեք պատճառով. նախ՝ ասում է, թե Աստված չեղավ ստեղծվածներից և ոչ մեկը, իսկ Որդին ու Հոգին ստեղծված չեն, այլ բնութենակից են Հորը՝ ծնված ու բխած Նրա էությունից:
   Երկրորդ՝ որովհետև ասում է՝ ոչ Ինձանից առաջ է եղել և ոչ էլ լինելու է Ինձանից հետո, իսկ Որդին և Հոգին գոյակից են Հորը, և Հայրը, թեպետ Նրանց պատճառն է, բայց ոչ առաջ և ոչ էլ հետո է Որդուց ու Հոգուց, և ինչպես կրակն ավելի առաջ չէ իր լույսից ու ջերմությունից, թեպետ նրանց պատճառն է, այդպես էլ և Հայրն է համահավասար Որդուն և Հոգուն:
   Երրորդ՝ ճիշտ է, ասում է՝ այլ Աստված չի լինելու, բայց Որդին և Հոգին այլ Աստվածներ չեն՝ Հորից տարբեր, այլ նույն Երրորդության Անձերն են՝ մեկ Աստված, քանզի Աստվածությունը հավասար է երեքի, ինչպես հավասար են բնությունն ու զորությունը և մնացյալ ամենայն ինչ։ Ճիշտ այնպես, ինչպես հոգիդ, միտքդ և մարմինդ ըստ հատկությունների երեք են, բայց դու մեկ մարդ ես ըստ գոյացության, կամ ինչպես հոգին, միտքը, այսինքն՝ բանականությունը, և կենդանությունը մեկ և երեք են, և անհնար է սրանց՝ իրարից անջատ կամ հետ ու առաջ գոյությունը։ Կամ էլ ինչպես միաժամանակ մեկ և երեք են արեգակը, լույսը և ջերմությունը, նաև՝ կրակը, ինչպես օրինակով ցույց տվեցինք: Բայց սա օրինակ է, իսկ Նա՝ Ճշմարտություն: Իսկ ողջակեզներն ու այլ բաներն անարգում է երեք պատճառով. նախ՝ որպեսզի մյուս առաքինությունները չանտեսեն ու միայն ողջակեզներով չզբաղվեն: Երկրորդ՝ որպեսզի իմանան, որ փրկությունը ողջակեզներից չէ, այլ՝ Աստծուց:
   Երրորդ՝ որովհետև Քրիստոսի գալստյամբ խափանվելու էին անասունների մարմնական զոհաբերությունները, և լինելու էր օրհնության պատարագ ու կենդանի ողջակեզ՝ «սուրբ սիրտն ու խոնարհ հոգին, որ Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50:19), ինչպես և Քրիստոսի անարյուն զոհաբերությունը: Այս պատճառով էլ Դավիթն ասում է. «Զոհերն ու ընծաները Քեզ հաճելի չեղան» (Սաղմ. 39:7), և թե՝ «Քո տնից հորթեր չեմ ընդունում» (Սաղմ. 39:9), և այլն:
   

Ա. Լոպուխին

«Իսկ Իմ վկաները,-ասում է Տերը,-դուք ու Իմ Ծառան եք, Որին Ես ընտրեցի, որպեսզի դուք գիտենաք ու հավատաք Ինձ, և հասկանաք, որ դա Ես եմ. Ինձանից առաջ որևէ Աստված չի եղել, և Ինձանից հետո էլ չի լինելու»: [10] (Սինոդական թարգ․)
   
   «Իսկ Իմ վկաները,-ասում է Տերը,-դուք եք...» - Քանի որ մարգարեի խոսքն անմիջականորեն ուղղված էր իսրայելական ժողովրդին, ուստի, բնականաբար, հենց նրան պետք է համարել որպես առաջին վկա հանդես եկող անձ: Եվ իսկապես, աստվածընտրյալ ժողովրդի ողջ պատմությունը՝ իրեն տրված աստվածային բոլոր հայտնություններով, օրենքներով ու հրաշքներով հանդերձ, համարվում է Աստվածային ամենակարողության ու Նրա խաղաղարար, արարչական Իմաստության և Զորության լավագույն ու ամենահամոզիչ ապացույցը: Սակայն, այս ամենից զատ, հրեա ժողովուրդն անմիջական վկան է եղել բազմաթիվ Աստվածային մարգարեությունների իրականացման, մարգարեություններ, որոնք վերաբերում էին տարբեր հեթանոսական ժողովուրդների ճակատագրերին: Եվ դարձյալ, հրեա ժողովուրդն իր մաշկի վրա էր զգացել մարգարեական բազմաթիվ սպառնալիքների և խոստումների ճշմարտապես իրականացումը:

   «Ու Իմ Ծառան, Որին Ես ընտրեցի» - Այս խոսքերն ակամայից հիշեցնում են 42-րդ գլխի սկզբնահատվածը. «Ահա Իմ Ծառան…Որին հավանություն է տվել Իմ հոգին (42։1-ին համար): Ակնհայտ է, որ այդ խոսքերը վերաբերում են միևնույն Անձին՝ Հին ու Նոր Կտակարանների Միջնորդին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Որն իզուր չէ, որ Իր ճշմարտացիությունն ապացուցելու համար վկայակոչում էր Իր գործերն ու Իրեն առաքած Հոր կամքը (Հովհ. 5:36-37): Պիղատոսի՝ «ի՞նչ է ճշմարտությունը» հարցին Տերն Ինքը հանդիսավորապես պատասխանում է. «Ես դրա համար իսկ ծնվել եմ ու դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ» (Հովհ. 18:37): Հայտնության գրքում էլ Նա մի քանի անգամ անվանվում է «հավատարիմ վկա» (Հայտ. 1:5, 3:14): Հայրաբանական մեկնություններն այս հատվածը ևս վերագրում են Հիսուս Քրիստոսին (Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Թեոդորոս Երանելի, Հերոնիմոս Երանելի):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած. - ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հաւատաք ինձ եւ գիտակցէք, թէ ո՛վ եմ ես: Ինձնից առաջ ուրիշ Աստուած չի եղել, ինձնից յետոյ եւս չի լինի:
(Արարատ թարգ․) Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։
(Գրաբար) Եղերուք ինձ վկայք, եւ ես ձեզ վկայ` ասէ Տէր Աստուած. եւ ծառայ իմ զոր ընտրեցի. զի գիտասջիք եւ հաւատասջիք ինձ. եւ ի միտ առնուցուք` թէ ես եմ: Յառաջ քան զիս ոչ եղեւ այլ Աստուած, եւ յետ իմ ոչ եղիցի: