Եսայու մարգարեության մեկնություն 45:14

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն եւ քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայուած՝ քո յետեւից պիտի շրջեն եւ քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն եւ ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետեւ Աստուած քո մէջ է, ու պիտի ասեն, թէ՝ ուրիշ Աստուած չկայ, բացի քեզնից»:
   
    Քանզի քո մեջ Աստված կա։
   Տե՛ս կատարյալ աստվածաբանությունը. Աստված Աստծո մեջ, այսինքն՝ Հայրը Որդու մեջ, և Որդին՝ Հոր, ինչպես և ասում է. «Ես Հոր մեջ, և Հայրը՝ Իմ մեջ» (Հովհ. 10։38): Այս մասին Աթանասն է ասում 1: Սակայն ոմանք սա վերագրում են Երուսաղեմին՝ նշելով, որ այդ քաղաքի մասին է ասվում, թե՝ «Քո մեջ Աստված կա»: Բայց սա ևս չի խանգարում նախորդ մտքին, որովհետև մեր Տերը այնտեղ՝ Երուսաղեմում, երևաց մարմնով 2: Սակայն հրեան համառում է՝ [պնդելով], թե սա [միայն] Երուսաղեմի մասին է ասված, որին ի պատասխան կասենք, որ համաձայն այս մեկնության Երուսաղեմը Աստված է, և չկա այլ Աստված նրանից բացի, որովհետև խոսքի հաջորդականությունն ասում է, թե՝ «Բոլորը Քեզ մոտ կբարձրանան ու Քեզ կերկրպագեն և Քեզ հետ դաշինք կկապեն, քանզի Քո մեջ Աստված կա, և այլ Աստված չկա Քեզանից բացի»:

   

Ա. Լոպուխին

Այսպես է ասում Տերը. «Եգիպտացիների վաստակը, եթովպացիների առևտուրն ու սաբայեցիները՝ այդ բարձրահասակ մարդիկ, քեզ են անցնելու և քոնն են լինելու, նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ և խոնարհվելու են քո առաջ ու աղաչելու են քեզ՝ ասելով. «Միայն դու Աստված ունես, և ուրիշ Աստված չկա»: [14] (Սինոդական թարգ․)
   
   14-17-րդ համարներում խոսվում է հեթանոսության խայտառակ լինելու մասին, և եթե հեթանոսությունը ցանկանում է հեևողական ու անկեղծ լինել, ուրեմն, ականատես լինելով Կյուրոսի հրաշալի նվաճումներին, պետք է հրաժարվի իր կեղծ աստվածներից ու խոստովանի Իսրայելի Միակ Աստծուն, Որի զորությամբ էլ Կյուրոսն իրագործում էր իր զարմանալի սխրագործությունները: Ուսումնասիրողներից շատերն այս հատվածը մեսիական են համարում ու այն մեկնաբանում են որպես մի մարգարեություն հեթանոսների՝ դեպի նորկտակարանյան Եկեղեցի մուտք գործելու մասին (Витринг, The pulp. Comm., Dillmann, еп. Петр, Властов և ուրիշներ): Սակայն նմանօրինակ ընկալմանը խիստ հակադարձում է 16-րդ համարի բովանդակությունը հեթանոսության խայտառակման մասին, մի իրողություն, որը վերոնշյալ մեկնաբանները ստիպված են արհեստականորեն շրջանցել: Այդ իսկ պատճառով մենք հավանություն ենք տալիս այն առավել իրատեսական մեկնաբանությանը (Orelli, Якимов, Троицкий, Елеонский, «Եսայի մարգարեի գիրքը»), համաձայն որի՝ Կյուրոսի զանազան նվաճումները հին աշխարհում ճշմարիտ աստվածճանաչողության տարածման բնական ճանապարհներ էին ու նաև նախապատրաստական միջոց՝ նախևառաջ հուդայականությունն ընդունելու, իսկ հետո էլ՝ դեպի նորկտակարանյան քրիստոնեության դավանանքին դառնալու համար:

   «Եգիպտացիների վաստակը, եթովպացիների առևտուրն ու սաբայեցիները՝ այդ բարձրահասակ մարդիկ, քեզ են անցնելու․․․ ու աղաչելու են քեզ՝ ասելով. «Միայն դու Աստված ունես, և ուրիշ Աստված չկա»։

   Այս հատվածի ճշգրիտ մեկնաբանությանը հասնում ենք այն ժամանակ, երբ այն համեմատում ենք նրան զուգահեռ հատվածի հետ, որտեղ ասվում է. (Ես) քեզ համար որպես փրկագին (Իսրայե՛լ) տվեցի Եգիպտոսը, Եթովպիան ու Սաբեան (հմմտ․ Ես․ 43:3): Եվ այստեղ էլ՝ արդեն 13-րդ համարի առնչութհամբ, մենք հանգում ենք  նմանատիպ մեկնաբանության: Քանի որ Կյուրոսը հրեա գերիների հանդեպ իր բարեհոգի վերաբերմունքի հետ զուգահեռ, ի թիվս այլ հատկանիշների, նաև կատարյալ անշահախնդրություն ցուցաբերեց, ուստի ասես որպես պարգևատրում այդ ամենի համար Տերը նրան (ավելի ճիշտ նրա հաջորդներին կամ նրա թագավորությանն ու ժողովրդին) խոստանում է կարևոր նշանակություն ունեցող և հարուստ տարածքների նվաճումներ՝ ի դեմս եգիպտական ​​ժողովուրդների: Իմիջիայլոց, Կյուրոսին տրված այս բնական պարգևատրումը, համաձայն Աստվածային Իմաստության ծրագրերի, ծառայելու է նաև որպես միջոց Ճշմարիտ Աստծո հաղթանակի փառաբանության համար. այդ գրավված ժողովուրդները դառնալու են Կյուրոսի զարմանահրաշ գործերի նոր վկաները և հետևաբար նաև նորահռչակ փառաբանողներն ա՛յն Աստծո, Որի անունով Կյուրոսն իրագործեց այդ ամենը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն եւ քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայուած՝ քո յետեւից պիտի շրջեն եւ քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն եւ ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետեւ Աստուած քո մէջ է, ու պիտի ասեն, թէ՝ ուրիշ Աստուած չկայ, բացի քեզնից»:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. «Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա»»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. վաստակ եղեւ երկիրն Եգիպտացւոց. եւ վաճառք եթւովպացւոց: եւ սաբաեցիքն արք մեծամեծք առ քեզ անցցեն, եւ քեզ ծառայեսցեն, եւ զկնի քո շրջեսցին` կապեալք ձեռակապաւք եւ առ քեզ ելցեն, եւ քեզ երկիր պագանիցեն, եւ ի քեզ ուխտադիր լինիցին. զի ի քեզ Աստուած գոյ. եւ ասասցեն թէ ոչ գոյ այլ Աստուած բաց ի քէն: