Ա. Լոպուխին
6-7․ Ոսկի են թափում քսակից և արծաթը կշռում են կշեռքով ու արծաթագործ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, խոնարհվում են դրա առաջ ու երկրպագում են դրան։ [6] Այն բարձրացնում են իրենց ուսերին, տանում ու դնում են իր տեղում․ այն կանգնում է այնտեղ, իր տեղից չի շարժվում։ Աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում, չի ազատում փորձանքից։ (Սինոդական թարգ․)
Այս տողերն իրենցից ներկայացնում են բաբելոնական կռապաշտությանն ուղղված դարձյալ մի խիստ մեղադրական երգիծանք, որին մենք ականատես էինք եղել նաև նախկինում (Ես․ 44:11-12 և 40:19):
«Այն բարձրացնում են իրենց ուսերին․․․» - նկատի ունի այն հանդիսավոր կրոնական գործողությունները, որոնց մասին ակնարկվում էր վերևում (Ես․ 45։20)։
«Աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում․․․» - Սա խիստ հեգնական արտահայտություն է հեթանոսական աստվածությունների լիակատար ոչնչության վերաբերյալ: Աստվածաշնչում այն ունի նաև իր ամուր պատմական հիմքը՝ տեղ գտած Կարմելոսյան զոհաբերության պատմության մեջ, երբ Աստծո մարգարեի՝ Եղիայի մրցակիցներն ապարդյուն աղաղակում էին իրենց աստվածներին (Գ Թագ. 18:26-29):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց:
(Արարատ թարգ․) Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։
(Գրաբար) որ արկանէք ոսկի հանգանակ ի քսակէ, եւ կշռէք զարծաթ ի կշիռս, եւ ի վարձու ունիք զոսկերիչս գործել կուռս ձեռագործս. եւ խոնարհեալ երկիր պագանէք նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: