Ա. Լոպուխին
«Իսկ ես ասացի. «Իզուր ես ջանացի, զուր և ունայն տեղը սպառեցի իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծո մոտ»։ [4] (Սինոդական թարգ․)
«Իսկ ես ասացի. «Իզուր ես ջանացի...» - Այս խոսքերով Տիրոջ ծառան՝ Աստծո Որդին, տարակուսանք է հայտնում Իր առաքելության՝ հաջողության հասնելու վերաբերյալ, և դեռ ավելին, Նա ասես խորհում է այդ առաքելության անօգտակարության մասին ու Իր հիասթափությունն է արտահայտում: Այս խոսքերի պատմական հիմնավորումը պետք է տեսնել այն տխրահռչակ իրողության մեջ, որ Մեսիայի գալստյան առաջին և ամենաուղիղ նպատակը՝ Իսրայելի տան մոլորված ոչխարներին ի մի հավաքումը (Մատթ. 15:24, 23:37), այդպես էլ չիրականացավ վերջիններիս կարծրասրտության պատճառով (Հովհ. 1:11): Աստվածամարդու փրկագործական առաքելության մեջ առկա այս, այսպես կոչված, որոշակի անբավարարության և անավարտության գիտակցությունն էր գլխավոր պատճառն այն խիստ խորը, ի սրտե կրած տառապանքի և ընկճվածության ու լքվածության այն զգացողության, որն Աստվածային Չարչարվողը վերապրեց հանուն մարդկության՝ թե դեռևս խաչելության նախորդ օրը՝ Գեթսեմանի պարտեզում բաժակն Իրենից հեռացնելու վերաբերյալ հնչեցրած աղոթքի ժամանակ, թե՛ արդեն խաչին գամված վիճակում՝ մահվանը նախորդող այդ վերջին պահին (Մատթ. 26:37-38 և 27:46):
«Սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծո մոտ...» - «Իրավունք» և «վարձ» բառերի փոխարեն Յոթանասնից և սլավոնական թարգմանություններում առկա են «դատաստան» և «աշխատանք» բառերը։ Եբրայեցերեն բնագրում առաջին հասկացությունն արտահայտվում է «mischpath» եզրույթով, որը նշանակում է «դատ, դատաստան», բայց նաև ունի դատարանի կողմից ինչ-որ բանի հանդեպ ճանաչված «օրինական իրավունք»-ի իմաստը (Բ Օրին. 21:17): Իսկ ահա «peulla» եզրույթը, որի համապատասխան հոմանիշը լատիներեն «merces» բառն է, որ նշանակում է «վարձատրություն», «վճար աշխատանքի համար»: Հետևաբար, այս մխիթարական խոսքի իմաստը հետևյալն է. թեև Մեսիայի առաքելությունը, այսինքն՝ Նրա փրկագործական սպասավորության արդյունքն աչքի չի ընկնի ցանկալի հաջողությամբ՝ հրեա ժողովրդի մեծամասնության հետ առնչության վերաբերությամբ, այնուամենայնիվ, այդ առաքելությունը չի կորցնի իր արժեքն Աստվածային բարձրագույն ճշմարտության աչքին, որը պարզորոշ տեսնում է, որ այդպիսի որոշակի ձախողման պատճառը ո՛չ թե Մեսիայի գործունեության մեջ էր, այլ ճշմարտությանը հակառակվող մարդկանց կարծրասրտությա՛ն մեջ: Նախկինում նույնպես Եսայի մարգարեի խոսքերում մենք հանդիպել ենք նմանատիպ արտահայտությունների (Ես. 35:4, 40:10): Այս «վարձատրության» բնույթի ու բովանդակության մասին կխոսվի ավելի ուշ (Ես. 53:10-12):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծու առաջ է:
(Արարատ թարգ․) Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։
(Գրաբար) Եւ ասեմ, զուր ուրեմն վաստակէի տարապարտուց, յոչինչ ետու զզաւրութիւն իմ: վասն այսորիկ իրաւունք իմ ի Տեառնէ, եւ վաստակ իմ առաջի Աստուծոյ իմոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: