Եսայու մարգարեության մեկնություն 49:7

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, բոլորի կողմից անարգված, ժողովրդի կողմից նախատված անձին, իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն, իշխանները կերկրպագեն Տիրոջը, Որը հավատարիմ է, հանուն Իսրայելի Սրբի, Որն ընտրել է քեզ»»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Այսպես է ասում Տերը...բոլորի կողմից անարգված, ժողովրդի կողմից նախատված անձին, իշխանավորների ծառային...» - Սա, ըստ էության, Տիրոջ արդեն իսկ նոր խոսքի սկիզբն է, չնայած որ այն սերտորեն կապված է նախորդի հետ։ Այստեղ բացահայտվում են մեսիական առաքելության հրաշալի ու բարերար պտուղները, բացահայտում, որը միևնույն ժամանակ նաև, անշուշտ,  լավագույն ապացույցն է այդ առաքելության կարևորագույն նշանակության և իմաստի։

   «Յոթներորդ համարը բավականին կարևոր հանգրվան է չարչարվող Արդարի մասին Հին Կտակարանի հայտնությունն աստիճանաբար հաղորդելու գործընթացում: Այս համարը վերարծարծում է հայտնի 21-րդ սաղմոսը (որոշ չափով նաև՝ 68-րդ սաղմոսը), որում Չարչարվող-Քրիստոս Ինքն Իր մասին ասում է՝ «Բայց ես որդ եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ և անարգանք՝ ժողովուրդներին» (Սաղմ. 21:7 հմմտ. Սաղմ. 68:15, I. Grigoriev «The Prophecy of Isaiah about the Messiah and His Kingdom», Kazan, 1902, p. 168):

   Սակայն Մեսիայի ժամանակավոր «նվաստացման» այս կարճ ժամանակամիջոցին անմիջապես հետևում է Նրա վսեմացման պահը, որը մարգարեի կողմից նկարագրվում է այսպիսի արտահայտություններով. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն, իշխանները կերկրպագեն Տիրոջը, Որը հավատարիմ է...Որն ընտրել է քեզ»: Կամավորաբար ստանձնած խոնարհության վիճակից աշխարհի Փրկիչը պիտի բարձրանա մինչև Իրեն արժանի փառքի բարձունքը: «Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ կմատուցեն Նրան, Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ կբերեն Նրան։ Աշխարհի բոլոր թագավորները կխոնարհվեն Նրա առաջ և բոլոր ազգերը կծառայեն Նրան» (Սաղմ. 71։10-11):

   Այս մարգարեության փաստացի իրականացման մասին է վկայում քրիստոնյա ժողովուրդների ողջ պատմությունը, որում թագավորներն ու տիրակալները հաճախ ամենքից առաջ էին ընթանում դեպի Քրիստոս և իրենց ժողովուրդներին առաջնորդում էին դեպի Նա: Ոչ առանց հիմնավորումների՝ հին-քրիստոնեական ավանդությունը Քրիստոս-Մանկանը քարանձավում երկրպագելու եկած արևելյան հայտնի իմաստուններին նույնպես համարում է տեղական իշխաններ կամ թագավորներ (The pulp. Comment. р. 231).

   Այս ամենը պիտի տեղի ունենա «հանուն Տիրոջ, Որը հավատարիմ է, հանուն Իսրայելի Սրբի», «որովհետև Մեսիան, Որն առաքվել է Տիրոջ կողմից, էութենակից է Հոր հետ և, չնայած ծառայի կերպարին, Նա Ամենակարող Աստված է, քանի որ Ընտրողը և Ընտրյալը մեկ են. «Ես և Հայրը մի ենք» (Հովհ. 10:30, Վլաստով):

   «Այս համարի երկրորդ կեսը ընթերցողին տանում է դեպի Մեսիայի հաղթության գալիք իրադարձությունը, երբ Նա կհաղթի աշխարհի մեղքին և կզարդարվի երկնային վեհության պայծառ լուսապսակով։ Թագավորները, որոնք նախկինում արհամարհում էին խոնարհ Ծառային, այժմ ակնածանքով կկանգնեն Նրա գահի առաջ: Իշխանները, որոնք մինչ այժմ ատում էին տառապող Ծառային, ծնկի կգան Նրա առաջ և կհնազանդվեն Նրան» (I. Grigoriev Op. cit.):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ փրկեց քեզ. «Սրբացրէ՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհուած է ազգերի կողմից եւ իշխանների ծառաներից, թագաւորները պիտի տեսնեն նրան եւ ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան յանուն Տիրոջ, որը հաւատարիմ է, եւ յանուն Իսրայէլի սրբի, որն ընտրեց քեզ»:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին և իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր որ փրկեացն զքեզ Աստուած Իսրայէլի. սրբեցէք զայն որ խոտէն զանձն իւր, զաղարտեալն յազգաց ի ծառայիցն իշխանաց: թագաւորք տեսցեն զնա` եւ յոտն կացցեն. իշխանք` եւ երկիր պագցեն նմա վասն Տեառն. զի հաւատարիմ է սուրբն Իսրայէլի` եւ որ ընտրեաց զքեզ: