Ա. Լոպուխին
9-10․ «Կալանավորներին ասես. «Դո՛ւրս ելեք», իսկ խավարի մեջ եղողներին՝ «Երևացե՛ք»։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, և նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա»։ [9] «Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, և խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց Գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ»։ (Սինոդական թարգ․)
9-րդ համարից մինչև 12-րդ համարը բովանդակում են միևնույն մտքի անմիջական շարունակությունն ու հետագա զարգացումն Աստծո Առաքյալի մեսիական ծառայության բարերար պտուղների մասին: Այդ համարներից առաջին երկուսը (9-րդ և 10-րդ համարները) նույնիսկ ծառայում են որպես վերջավորություն 8-րդ համարի երկրորդ կեսով սկիզբ առած հատվածի համար։
«Որպեսզի․․․կալանավորներին ասես. «Դո՛ւրս ելեք», իսկ խավարի մեջ եղողներին՝ «Երևացե՛ք»․․․ Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, և խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց․․․» - «Բանտից ազատված կալանավորների» մասին այստեղ կիրառված պատկերը որոշակիորեն հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքն այստեղ բաբելոնյան գերությունից հրեաների ազատագրության մասին է։ Սակայն այս պատկերը համեմատելով այստեղ կիրառվող մյուս բոլոր պատկերների հետ (ազատագրումը քաղցից և ծարավից, արևից ու խորշակից), ինչպես նաև վեր հանելով համապատասխան զուգահեռները (Ես. 61:1 և 62:7), մենք լիովին համոզվում ենք, որ այս բոլորը ուրիշ բան չեն, եթե ոչ խորհրդանիշներ և նշաններ՝ արտահայտելու համար բարձր հոգևոր ուրախության գաղափարը: Իմիջիայլոց, «զնդանի կամ առհասարակ խավարի» պատկերը, որի մեջ էին գտնվում հեթանոս ժողովուրդները, ձեռք է բերում առանձնահատուկ արտահայտչականություն և զորություն՝ առ ի համեմատություն այն «լույսի», որը Մեսիան բերեց Իր հետ (Հովհ. 1:4-5, Մատթ. 5:14, Փիլիպ. 2։15)։ Նույն կերպ, բավականին հաջողված պետք է համարել նաև մեկ այլ՝ «բարի հովվի» զուտ ավետարանական կերպարը, որը կիրառվում է այստեղ, ինչպես նաև նախկինում մեկից ավելի անգամներ օգտագործվել է Եսայի մարգարեի կողմից (Ես. 30:23, 40:11, 42:15-16 հմմտ․ Հովհ. 10:9-11):
«Ամբողջ 10-րդ համարում կիրառվում են Ելից գրքից վերցված պատկերները: Սակայն քաղցի և ծարավի իրական նշանակությունը և դրանք հոգևոր իմաստով հավիտենապես հագեցնելը բացահայտում է միայն Տերը (Հովհ. 6:35, 54), իսկ Հայտնության մեջ ասվում է 7:16-17. «Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարավելու են, և նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տոթը։ Եվ Գառը պիտի հովուի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը կենդանի ջրի» (Հայտն․ 7:16-17, Վլաստով):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) շղթայուածներին ասելու, թէ՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին, թէ՝ յայտնուեցէ՛ք: Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ:
(Արարատ թարգ․) և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ «Երևացե՛ք»։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։
(Գրաբար) ասել կապելոց` թէ ելէք, եւ որ ի խաւարին իցեն` թէ յայտնեցարուք: Յամենայն ճանապարհս արածեսցին, եւ յամենայն շաւիղս ճարակք նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: