Ա. Լոպուխին
«Ե՛ս, Ես Ի՛նքս եմ ձեր Մխիթարիչը։ Ո՞վ ես դու, որ վախենում ես մահկանացու մարդուց, և մարդու որդուց, որ նույնն է, ինչ որ խոտը»: [12] (Սինոդական թարգ․)
«Ե՛ս, Ես Ի՛նքս եմ ձեր Մխիթարիչը։ Ո՞վ ես դու, որ վախենում ես մահկանացու մարդուց, և մարդու որդուց, ով նույնն է, ինչ որ խոտը։ Եվ մոռանում ես Տիրոջը՝ քո Արարչին, Որը տարածել է երկինքը և հաստատել երկիրը, և անընդհատ, յուրաքանչյուր օր սարսափում ես բռնավորի բարկությունից, կարծես թե նա պատրաստ է ոչնչացնել։ Սակայն ո՞ւր է բռնավորի բարկությունը» - 12-13-րդ համարները բովանդակում են նախատինք, որը հասցեագրված է փոքրոգի և անհեռատես մարդկանց, որոնք վախենում են մարդկային չնչինությունից, սակայն մոռանում են Աստվածային ամենակարողության մասին և կորցնում են իրենց հույսը երկնքի հանդեպ։
«Ե՛ս, Ես Ի՛նքս եմ ձեր Մխիթարիչը» - Նախկինում Եսայի մարգարեն բազմիցս «Սիոնի Մխիթարիչ» է անվանել հենց Իրեն՝ Տիրոջը (Ես․ 44։13, 51։3)․ ակնհայտ է, որ այստեղ ելույթ ունեցող Մեսիան, ըստ էության, չի տարբերվում Աստծուց։ Իսկ եթե մենք տվյալ հատվածը համեմատության մեջ դենք նույն մարգարեի հեղինակած այս հատվածին զուգահեռ տեղիների հետ (Ես․ 11։1-2, 48։16) և այդ ամենը լուսավորենք նորկտակարանյան լույսով ու հատկապես հենց Տիրոջ այս խոսքերով՝ «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, Որին Հայրը Իմ անունից կուղարկի, ձեզ ամեն ինչ կսովորեցնի և կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ որ Ես ձեզ ասացի» (Հովհ․ 14։26), ապա կստանանք Երրորդության Անձերի խորհրդի խորին արտահայտությունը՝ Աստվածային Էության մեջ այդ Անձերի միությամբ։
«Ո՞վ ես դու, որ վախենում ես մարդուց․․․և մարդու որդուց, որ նույնն է, ինչ որ խոտը»: «Մարդու» և «մարդու որդու» պատկերների զուգահեռականությունը խիստ հիշեցնում է այս համարին շատ նման 8։5-րդ և 144։3-րդ սաղմոսները։ Իսկ ահա մարդու կարճաժամկետ ու անցողիկ փառքի և զորության՝ խոտի հետ համեմատության մեջ դրվելու իրողությունը՝ բացի սաղմոսներից (102։15), մեկ անգամ չէ, որ հանդիպում է հենց իր՝ Եսայի մարգարեի գրքում (Ես․ 37։27 և 40։6-8)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ: Իմացի՛ր, թէ դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, որոնք չորացան ինչպէս խոտ:
(Արարատ թարգ․) «Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։
(Գրաբար) Ես եմ, ես եմ նոյն որ մխիթարեցի զքեզ: Ծանիր զինչ ոք էիր. եւ երկեար ի մահկանացու մարդոց, եւ յորդւոյ մարդոյ որ իբրեւ զխոտ ցամաքեցան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: