Եսայու մարգարեության մեկնություն 53:4

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան:
   
   Նա մեր մեղքերն է վերցնում ու մեզ համար չարչարվում:
   Աստված մարգարեի միջոցով օրինադրեց, թե՝ «Ով ինչ մեղք գործեց՝ դրանով էլ մեռնելու է» (հմմտ. Ղևտ. 5։17): Եվ թեպետ մեր Տերը մեղք չուներ, սակայն կամեցավ չարչարվել մեր մեղքերի պատճառով, որպեսզի արդարացներ մեզ:

   Եվ մենք Նրա ցավերը և չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան:

   Ոմանք կարծեցին, թե Նրա չարչարանքները Աստծո պատիժն են ինչ-որ հանցանքների համար: Բայց Նա մե՛ր մեղքերի պատճառով վերքեր ստացավ ու պատժվեց: Իսկ ուղղամիտ տեսակետն այն է, որ Նրա չարչարանքներն Աստծուց էին, համաձայն այն խոսքի, թե՝ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3։16), այսինքն՝ չարչարանքի ու մահվան մատնեց:
   

Ա. Լոպուխին

«Սակայն Նա Իր վրա վերցրեց մեր տկարությունները և կրեց մեր հիվանդությունները, իսկ մենք մտածում էինք, որ Նա Աստծո կողմից էր հարվածվել, պատժվել և նվաստացվել»։ [4] (Սինոդական թարգ․)
   
   4-6-րդ համարներում մարգարեն հինկտակարանյան մարդկության մեծամասնությանը բանալին է տալիս մի այնպիսի զարմանալի և անբացատրելի երևույթի բացահայտման համար, ինչպիսին Մեսիայի տառապանքն ու նվաստացումն են։ Դեռևս արդար Հոբի պատմությունից մենք լավ գիտենք, որ հինկտակարանյան իմաստունների գիտակցության մեջ անմեղ մարդու տառապանքի գաղափարը դրականորեն չէր ընդունվում․ եթե ինչ-որ մեկը տառապում էր, ապա ուրեմն նա մեղավոր էր: Ահա՛ այն ժամանակվան բնորոշ տրամաբանությունը, որը, հրեաները, միանշանակ, կկիրառեին նաև տառապող Մեսիայի վերաբերությամբ, Ում մասին որ մարգարեն այստեղ խոսում է: Հետևաբար իրավացիորեն կարող ենք մարգարեի խոսքերում ներքին անհամապատասխանություն տեսնել․ եթե Նա, Ում մասին որ դու խոսում ես, Մեսիան է, ապա Նա չպետք է տառապի (որովհետև Նա պետք է որ անմեղ լինի), իսկ եթե Նա պետք է տառապի, ուրեմն Նա արդեն Մեսիան չէ։ Եսայի մարգարեն այստեղ «թույլ է տալիս» այդ մտացածին անհամապատասխանությունը՝ բացահայտելով, որ թեկուզ և Մեսիան պետք է տառապի, սակայն ո՛չ թե Իր սեփական մեղավորության համար, այլ մեր համընդհանուր մեղքերի համար։ Նա կներկայանա որպես Անմեղ Տառապյալ, այդ իսկ պատճառով էլ Նրա տառապանքներն այդպիսի բացառիկ, սրբարար և քավչարար զորություն կունենան։

   Ինչպես տվյալ համարը, այնպես էլ դիտարկվող ամբողջ հատվածն (4-6-րդ համարներ) ավելի լավ հասկանալու համար 4-րդ համարի մեկնաբանությունը պետք է սկսել դրա երկրորդ կեսից, որտեղ տրվում է խոսքի մեկնարկային կետը։

   «Մենք մտածում էինք, որ Նա Աստծո կողմից էր հարվածվել, պատժվել և նվաստացվել» -Մարգարեն այստեղ իրեն միաձուլում է հավատացյալ հրեաների հետ և կարծես թե նրանց անունից խոսում է նրանց նախկին մոլորության և դրա համար ապաշխարության դիմելու մասին։ Հրեաների մոլորության էությունը, իրենց իսկ սեփական գիտակցության համաձայն, ա՛յն էր, որ նրանք տեսնելով Մեսիային, որը սարսափելի տառապանքներ և նվաստացման խայտառակությունն էր կրում, կարծում էին, որ ուրեմն Նա մեծ մեղսագործ է, եթե Աստված Նրան այդպես խստորեն պատժել է։ Եբրայեցերեն «նէգա» բայը, որը նշանակում է այդ «պատիժ»-ը, հիմնականում բորոտության իմաստն է արտահայտում (Ղևտ․ 13։3, 9։20, Թվ․ 12։9-10, Դ Թագ․ 15։5 և այլ տեղիներ), որը և համընկնում է համատեքստի հետ (3-րդ համար)։ Եվ Փրկչի՝ խաչի վրա կրած տառապանքների պատմությունից մենք, իսկապես, իմանում ենք, որ շատերը հենց Հիսուսի խայտառակ մահվան իրողության մեջ արդեն տեսնում էին Նրա ինքնակոչության և դրա համար իսկ աստվածային պատժի արժանանալու ապացույցը (Մատթ․ 27։43)։ Դրա մասին է խոսում նաև Աստվածային Տառապյալի ավետարանական հայտնի բացականչությունը․ «Էլի՜, Էլի՜, լամա սաբաքթանի, այսինքն՝ Աստվա՜ծ Իմ, Աստվա՜ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ» (Մատթ․ 27։46)։  Սակայն ճիշտ նույն կերպ Ավետարանները հաղորդում են նաև ա՛յն, որ հենց խաչելության վայրում արդեն Խաչյալին հավատացողներ եղան, ինչպես օրինակ՝ Նրա հետ խաչված ավազակներից մեկը և հռոմեացի հարյուրապետը (Ղուկ․ 23։40-43, 47)։

   «Սակայն Նա Իր վրա վերցրեց մեր տկարությունները և կրեց մեր հիվանդությունները...» - Մենք մտածում էինք, որ Մեսիայի տառապանքներն Աստված էր ուղարկում՝ Նրա մեղքերի համար, սակայն ո՛չ, մենք չարաչար սխալվում էինք․ պարզվում է, որ Նա Ինքը կամովին կրեց մեր տկարությունները և մեր հիվանդությունները։ Ելնելով փրկագնման վերաբերյալ դոգմայի բովանդակությունից՝ շատ մեկնաբաններ հակված են «տկարությունները» և «հիվանդությունների» ներքո հասկանալ բացառապես հոգևոր տկարությունները, այսինքն՝ մարդկանց «մեղքերը»։ Սակայն եբրայեցերեն «մակիվ և «հոլի» եզրույթները չեն օգտագործվում «մեղք» հասկացությունն արտահայտելու համար։ Այդ իսկ պատճառով էլ շատ ավելի ճիշտ կլինի այս արտահայտությունները մեկնաբանել իրենց ուղիղ, տառացի իմաստով, քանի որ մեղքի անկման հետևանքով առաջացած տկարություններն ու հիվանդությունները լավագույն ցուցիչն են իրենց առաջացման պատճառի վերաբերությամբ։ Դրա հետ մեկտեղ այստեղ անկարելի է համապատասխանություն չտեսնել նաև 3-րդ համարի բովանդակության հետ («վշտերի մարդ և հիվանդություններ տեսած»), որում, ընդհանուր առմամբ, նկարագրվում էր Մեսիայի նվաստացած վիճակը, որն արդեն պարզաբանվում է այստեղ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան:
(Արարատ թարգ․) Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։
(Գրաբար) Նա զմեղս մեր բառնայ` եւ վասն մեր չարչարի. եւ մեք համարեցաք զնա ի ցաւս եւ ի հարուածս եւ ի չարչարանս իբրեւ յԱստուծոյ: