Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարուես: Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ.
Ահավասիկ Ես քո քարերը սուտակից, և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ։
Այս խոսքերը ոչ մի դեպքում չեն պատշաճում Երուսաղեմին, որովհետև ի՞նչ օգուտ, եթե արյան գնով այդպիսի քաղաք կառուցեր: Այս մարգարեությունը չի պատշաճում նաև ա՛յն քաղաքի ապագա հարությանը 1, որի ճարտարապետը Աստված է: Որովհետև ի՞նչ օգուտ հարությունից, եթե դարձյալ այսպիսի մարմնավոր կյանքի պիտի վերադառնայինք: Այլ սա ասում է, որպեսզի գերյալներին հորդորի դուրս գալ գերությունից: Եվ դարձյալ խորհրդանշում է այն, որի վերաբերյալ ասում է Դավիթ մարգարեն. «Արծաթապատ թևերով և ոսկեգույն թիկնամեջով աղավնի» (Սաղմ. 67։14):
Սա ոչ թէ սոսկ այն է նշանակում, որ որևէ մեկը մի այդպիսի աղավնի տեսավ, այլ այն, որ այդ աղավնու տեսիլը կանխածանուցում է գալիք բարիքների մասին, որոնք կատարվելու էին Եկեղեցում, այն է, թե՝ Սուրբ Հոգու էջքը: Մարգարեի այս խոսքերը նաև կանխապատկերում են հոգևոր հայրերին, որոնք գործելու էին Եկեղեցում:
Քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ։ Շափյուղան մեր Տերն է՝ ընտիր Վեմը, Եկեղեցու հիմքն ու անկյունաքարը, համաձայն այս խոսքի. «Հիմքը ուրիշ մեկը չի կարող դնել, քան դրվածը, որ Հիսուս Քրիստոս է» (Ա Կորնթ. 3։11), ա՛յն հիմքը, որ դրեց Հայր Աստված՝ առաքելով Որդուն, Որի մասին կանխագուշակել էին մարգարեները:
Ա. Լոպուխին
«Թշվառ, մրրկահար և անմխիթար։ Ահա, Ես քո քարերը սուտակի վրա պետք է դնեմ և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ»։ [11] (Սինոդական թարգ․)
«Թշվառ, մրրկահար և անմխիթար։ Ահա, Ես քո քարերը սուտակի վրա պետք է դնեմ և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ։ Եվ քո պատուհանները սուտակից կպատրաստեմ և քո դարպասները՝ մարգարիտներից, և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերից։ Եվ քո բոլոր որդիները կուսուցանվեն Տիրոջ կողմից, և մեծ պիտի լինի քո որդիների խաղաղությունը։ Դու պիտի հաստատվես արդարության մեջ, հեռու կլինես բռնությունից, որովհետև դու վախենալու բան չես ունենա, և արհավիրքից, որովհետև այն քեզ չի մոտենալու։ Ահա, կզինավորվեն քո դեմ, սակայն ոչ Իմ կողմից, ով էլ որ ընդդեմ քեզ զինավորվի՝ կընկնի։ Ահավասիկ, Ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիքներ է պատրաստում իր գործի համար, և Ես նաև կործանողին եմ ստեղծում՝ ոչնչացնելու համար։ Ոչ մի զենք, որն ընդդեմ քեզ է ստեղծվել, հաջողություն չպիտի ունենա, և յուրաքանչյուր լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի քո կողմից։ Սա Տիրոջ ծառաների ժառանգությունն է, նրանց արդարացումն Ինձանից է, - ասում է Տերը»։
Գլխի վերջաբանում բանաստեղծական, հուզիչ և հիանալի կերպով ներկայացվում է Տիրոջը հավատարիմ նորկտակարանյան Իսրայելի հանդեպ աստվածային առանձնահատուկ հոգածության նկարագրությունը։
«Թշվառ, մրրկահար և անմխիթար» - Մարգարեն այսպիսի խոսքերով դիմում է նորկտակարանյան հրեական Եկեղեցուն, իսկ նրանց միջոցով նաև՝ ամբողջ հոգևոր Սիոնին։ Որքա՜ն բանաստեղծական քնքշություն, հուզիչ հոգատարություն և անկեղծ ջերմության զգացողություն կա այդ խոսքերում։ Եվ ինչպե՜ս են այսքան քիչ բառերով այսքան խիստ բնութագրական ու բնորոշ կերպով ներկայացվում Իսրայելի ճակատագրի արտաքին և ներքին բոլոր շրջադարձերը՝ սկսած Իսրայելի բարոյա-կրոնական կյանքի աստիճանավորման ներքին կերպից ու վերջացրած նրա քաղաքական ինքնուրույնության կորստով, որը նրան անընդհատ ստիպում էր մեկի ձեռքից մյուսի ձեռքն անցնել։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարուես: Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ.
(Արարատ թարգ․) «Ո՛վ դու թշվառ, մրրկահար և անմխիթար, ահա ես քո քարերը ծարիրով պիտի շինեմ և քո հիմքերը շափյուղաներով պիտի դնեմ։
(Գրաբար) Հաշտեալ եմ ընդ քեզ տառապեալդ եւ խախտեալ, մինչչեւ մխիթարեսցիս: ահաւասիկ պատրաստեալ եմ կարկեհան զքարինս քո, եւ զհիմունս քո շափիղա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: