Եսայու մարգարեության մեկնություն 54:16

Ա. Լոպուխին

16-17․ «Ահավասիկ, Ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիքներ է պատրաստում իր գործի համար, և Ես նաև կործանողին եմ ստեղծում՝ ոչնչացնելու համար»։ [16] «Ոչ մի զենք, որն ընդդեմ քեզ է ստեղծվել, հաջողություն չպիտի ունենա, և յուրաքանչյուր լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի քո կողմից։ Սա Տիրոջ ծառաների ժառանգությունն է, նրանց արդարացումն Ինձանից է, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ խոսվում է Եկեղեցու թշնամիների կործանման մասին, նրա՛նց, ովքեր իրենց իսկ սեփական կույր չարության զոհն են դառնալու։ Այս գաղափարը նախկինում ևս ոչ մեկ անգամ հանդիպել է Եսայի մարգարեի գրքում (Ես․ 42։25, 44։25, 49։26, 52-րդ գլուխ և այլ տեղիներ)։

   «Տիրոջ ծառաների ժառանգությունը», այսինքն՝ նրանց վերջնական բաժնեմասը Աստծո առջև արդարացումն է և հավիտենական փրկությունը։ Այսպիսով՝ խոսքի վերջաբանը, վերադառնալով իր սկզբնահատվածին, վերացնում է ոմանց (Իսրայելի «մնացորդաց»-ի) փոքրոգության արգասիք հանդիսացող «ամոթխածության» և վախի բոլոր դրդապատճառները, որոնք և մարգարեին առիթ էին ընձեռել այս խոսքերն արտաբերելու համար։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար։
(Արարատ թարգ․) Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։
(Գրաբար) Ահաւասիկ` ես հաստատեցի զքեզ. ոչ որպէս դարբին մի որ փքովք կայծակունս արծարծանէ եւ յառաջ բերէ անաւթս ի գործ, այլ ես հաստատեցի զքեզ ոչ ի կորուստ ապականութեան: