Եսայու մարգարեության մեկնություն 56:8

Ա. Լոպուխին

8-9․ «Տեր Աստված, Որը հավաքում է ցրված իսրայելացիներին, ասում է․ «Նրա մոտ հավաքվածների վրա Ես դեռ ուրիշներին էլ պիտի հավաքեմ»»։ [8] «Դաշտային բոլոր գազաննե՛ր, անտառային բոլոր գազաննե՛ր, եկե՛ք ուտելու»։ (Սինոդական թարգ․)
   
Դարձյալ, գաղափարն ավելի զորեղացնելու համար կրկնվում է միևնույն միտքը՝ Քրիստոսի Եկեղեցի մուտք գործելու համար բոլոր ժողովուրդներին ուղղված համընդհանուր կանչի մասին․ այնտեղ մուտք են գործելու նաև դա անել ցանկացող բոլոր իսրայելացիները, որքան էլ որ նրանք ցրված լինեն հեռուներում, ինչպես նաև հեթանոսական բոլոր ժողովուրդները, որքան էլ որ նրանք հինկտակարանյան դիտանկյունից վայրի և կոպիտ էին թվում՝ նման դաշտային և անտառային գազաններին։ Այս բոլոր մտքերը և նույնիսկ կերպարները հիանալիորեն ծանոթ են մեզ Եսայի մարգարեի գրքի նաև այլ հատվածներից։ Այսպես, ցրված Իսրայելի հավաքման և նրա նախախնամական նշանակության մասին 11-րդ գլխում ասվում է․  «Եվ այդ օրը կլինի այսպես․ հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իբրև նշան կանգնելու է ժողովուրդների համար ․․․ և հեթանոսներին դրոշ պիտի պարզի ու պիտի հավաքի Իսրայելի աքսորյալներին, և ցրված հրեաներին պետք է կանչի աշխարհի չորս կողմերից» (Ես. 11։10 և 12, հմմտ․ Ես. 27։12, 43։5-6 և այլ տեղիներ)։ Իսկ կրոնական անտեղյակության և նյութական անհագեցվածության մեջ գտնվող հեթանոսական ժողովուրդների՝ վայրի գազանների հետ համեմատությունը նկարագրվում է, օրինակ, Եսայու 43:20-ում․ «Դաշտային գազանները՝ շնագայլերն ու ջայլամները պիտի փառաբանեն Ինձ, որովհետև Ես ջուր եմ տալու անապատներին, և չոր տափաստանին՝ գետեր»։ Այստեղ բոլորին հայտնի «ծարաված անապատի» և այն ոռոգող բարեբեր «ջրերի» հայտնի պատկերները կասկածի տեղիք չեն թողնում այդ պատկերների ներքո ճշմարտացիորեն այդ անապատի բնակիչներին, այսինքն՝ հեթանոսական ժողովուրդներին հասկանալու համար։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի աքսորյալներին. «Բացի արդեն հավաքվածներից, դեռ ուրիշներին էլ պիտի հավաքեմ նրանց վրա»։
(Գրաբար) Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայէլի եթէ ժողովեցից ի վերայ նորա ժողովս ամենայն գազանաց անապատի: