Եսայու մարգարեության մեկնություն 60:15

Ա. Լոպուխին

15-17․ «Այն բանի փոխարեն, որ դու լքված և ատելի եղար, այնպես որ ոչ ոք քո միջով չէր անցնում, Ես քեզ հավիտենապես մեծափառ պիտի դարձնեմ, որպես ցնծություն սերնդից սերունդ»։ [15] «Դու ժողովուրդների կաթով պիտի սնվես, և թագավորական ստինքները պիտի ծծես, և պիտի իմանաս, որ Ես Տերն եմ՝ քո Փրկիչը և քեզ Ազատագրողը, Հակոբի Հզորը»։ «Պղնձի փոխարեն քեզ ոսկի պիտի բերեն, և երկաթի փոխարեն՝ արծաթ, և փայտի փոխարեն՝ պղինձ, և քարերի փոխարեն՝ երկաթ, ու խաղաղությանը քեզ տիրակալ պիտի նշանակեմ, և արդարությանը՝ քեզ վերակացու»։ (Սինոդական թարգ․)
   
   15-17-րդ համարները կազմում են մարգարեական քնարերգության չորրորդ հատվածը, որը ներկայացնում է Սիոնի արտաքին բարեկեցության և ներքին բարեկարգության պատկերը։ Այս պատկերները հիմնված են հակադրության վրա, այսինքն՝ դրանք նախկին, բոլոր առումներով ծանր և աղետալի իրավիճակի հակադրություններն են՝ առ ի համեմատություն նորի, փառահեղի, ուրախալիի և երջանիկի։ Եթե նախկինում Իսրայելը նյութական առումով տառապում էր համընդհանուր արհամարհանքից, ապա այժմ, ընդհակառակը, Իսրայելը պիտի դառնա համընդհանուր ակնածանքի առարկա ո՛չ միայն ժողովուրդների, այլ նաև նույնիսկ նրանց թագավորների համար («թագավորական ստինքները պիտի ծծես», 16-րդ համար)։ Եթե նախկինում Սիոնի առևտրափոխանակության առարկաներն էին հանդիսանում բնության հասարակ և կոպիտ արտադրանքները՝ երկաթը, փայտը և քարերը, ապա այժմ դրանց պիտի փոխարինեն ավելի թանկարժեք և արժեքավոր նյութերը՝  պղինձը, արծաթը և ոսկին։ Այսպիսի արմատական, դեպի լավը փոփոխություն տեղի կունենա նաև բարոյա-սոցիալական հարաբերությունների ոլորտում։ Եթե նախկինում Աստծո ժողովրդի մեջ իշխում էին բռնությունն ու կեղծիքը (Ես. 59։8, 14-15), ապա այժմ այնտեղ պիտի իշխեն խաղաղությունն ու արդարությունը (17-րդ համար)։ Եթե նախկինում Իսրայելն անընդհատ տառապում էր արտաքին և ներքին թշնամիներից, ապա այժմ նա չի ունենա ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին թշնամիներ (18-րդ համար)։ Մի խոսքով ասած՝ Սիոնը, մարգարեի նկարագրության համաձայն, Աստծո այս կատարյալ թագավորության մայրաքաղաքը կլինի, որում ներդաշնակորեն կմիավորվեն «արդարությունը, խաղաղությունը և ուրախությունը՝ Սուրբ Հոգու մեջ», ինչպես ասում էր առաքյալը (Հռոմ․ 14։17)։ Ակնհայտ է, որ այս մարգարեության ամբողջական և վերջնական իրականացումը վերաբերում է արդեն հետքրիստոնեական ժամանակաշրջանին, այսինքն՝ փառքի այն թագավորությանը, որը պիտի բացի իր դռները Տիրոջ երկրորդ Գալուստից և Նրա Ահեղ դատաստանից հետո։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Դու եղար լքուած ու ատելի, եւ ոչ ոք չկար, որ օգնէր քեզ, ես քեզ կը դարձնեմ յաւիտենական ուրախութիւն, ցնծութիւն՝ սերնդից սերունդ:
(Արարատ թարգ․) Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։
(Գրաբար) Վասն զի եղեր դու լքեալ եւ ատեցեալ, եւ ոչ ոք էր որ աւգնէր քեզ: Եւ արարից զքեզ յուրախութիւն յաւիտենական. ցնծութիւն ազգաց յազգս: