Եսայու մարգարեության մեկնություն 60:19

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը:
   
   Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լույս է տալու։

   Երեք կերպ պետք է հասկանալ այս խոսքը. նախ՝ իբրև Իսրայելի համար ասված խոսք, որ նշանակում է, թե՝ «ետդարձից հետո լուսատուների սնոտի լույսը այլևս քեզ ապաստան չի լինելու, ուստի թող Աստվա՛ծ քեզ հավիտենական հույս լինի, և լուսատուների լույսերը թող քեզանից չպակասեն»:

   Երկրորդ՝ սա վերաբերում է հավատացյալներիս․ «Արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու»։ Տե՛ս, չի ասում, թե լուսատուները պակասելու են, այլ թե՝ այնքան չեն լուսավորելու, ինչպես Աստված է լուսավորում մտքերը, «ու թեպետ Տերն է քո լույսը լինելու, սակայն արեգակը, որ Ավետարանն է, և լուսինը, որ Օրենքն է, թող չպակասեն քեզանից»:

   Երրորդ՝ ոմանք սա վերագրում են վախճանի օրվան, որովհետև այնժամ այլևս կարիք չի լինելու արեգակի լույսի և լուսնի ծագման, «որովհետև Տերն է լինելու քո հավիտենական լույսը», իսկ լուսատուներն էլ չեն նվազելու՝ մայր մտնելով ու կրկին դուրս գալով, այլ նրանց «ընթացքը» դադարելու է:
   

Ա. Լոպուխին

«Արևն այլևս քեզ որպես ցերեկային լույս չի ծառայելու, և լուսնի փայլը քեզ չի լուսավորելու, այլ Տերը կլինի քո հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը»։ [19] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 60:18

--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը:
(Արարատ թարգ․) Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։
(Գրաբար) Եւ ոչ եւս եղիցի քեզ արեգակն ի լոյս տունջեան, եւ ոչ ծագումն լուսնի տացէ քեզ լոյս ի գիշերի. այլ եղիցի քեզ Տէր լոյս յաւիտենական, եւ փառք քո Աստուած: