Եսայու մարգարեության մեկնություն 60:5

Ա. Լոպուխին

5-9․ «Այդ ժամանակ կտեսնես ու կուրախանաս, և կդողա ու կլայնանա քո սիրտը, որովհետև դեպի քեզ պիտի դառնա ծովի առատությունը, ժողովուրդների ժառանգությունը քեզ մոտ պիտի գա»։ [5] «Ուղտերի բազմությունը պիտի ծածկի քեզ, ուղտի  ձագերը՝ Մադիամից և Գեփայից, նրանք բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և գովերգելու են Տիրոջ փառքը»։ «Կեդարի բոլոր ոչխարները քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը քեզ պիտի ծառայեն, պիտի բարձրանան Իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ, և Ես պիտի փառավորեմ Իմ փառքի տունը»։ «Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ինչպես ամպը, և ինչպես աղավնիները՝ դեպի իրենց բույները»։ «Այսպես, Ինձ են սպասում կղզիները և նրանց առջևից՝ Թարսիսի նավերը, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու ոսկին, քո Տեր Աստծո և Իսրայելի Սրբի անվան համար, որովհետև Նա փառավորեց քեզ»։
   
   5-9-րդ համարներում ներկայացվում է մարգարեական-բանաստեղծական խոսքի երկրորդ բաժինը։ Այստեղ Սիոնը հանդես է գալիս որպես հավաքատեղի, որտեղ ժողովուրդների հետ միասին հոսում է նաև ամբողջ աշխարհի հարստությունները։ Հինկտակարանյան հիմնական տեսակետի համաձայն՝ «արդարությունն» իր վարձատրությունը ստանում է դեռևս այստեղ՝ երկրի վրա, ինչն արտահայտվում է «երկարակեցության» և «նյութական բարեկեցության ու բավարարվածության» տեսքով։ Ահա թե ինչու նոր, արդար Սիոնի վերաբերյալ մարգարեական պատկերը չէր կարող զերծ լինել այդ իրատեսական հատկանիշներից։ Սակայն, իհարկե, մեզ ոչինչ չի խանգարում, սուրբ հայրերին հետևելով, մեկ ուրիշ, վսեմ, հոգևոր-բարոյական իմաստ հաղորդել ա՛յն շնորհներին, որոնց մասին մարգարեն այստեղ խոսում է։ Այսպիսի ընկալման պարագայում այդ բոլոր նյութական շնորհները, որոնք թվարկվում են 6-7-րդ համարներում, ընդհանուր առմամբ կարող են ծառայել որպես մշակութային ա՛յն ներդրման խորհրդանիշը, որը քրիստոնեացած հեթանոսությունը ներմուծեց մարդկության գիտությունների գանձարան (փիլիսոփայություն, պոեզիա, արվեստ)։ այս Այդ ամբողջ հարստությունը («ժառանգությունը»), ինչպես ասվում է 5-րդ համարում, «քեզ մոտ պիտի գա», այսինքն՝ եթե դրանք ճշտությամբ գործածվեն, այդպիսով միտված կլինեն հաստատելու և տարածելու ճշմարտության ա՛յն Լույսը, որը պիտի հայտնվի Սիոնում։ Մյուս կողմից էլ՝ պետք է հատկապես ընդգծել 7-րդ համարի վերջնահատվածը, որում այդ հարստությունների մասին ասվում է, որ դրանք «պիտի բարձրանան Իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ», որտեղից էլ պարզորոշ հետևում է, որ մարդու նյութական և հոգևոր բոլոր շնորհները և հարստություններն իրենք իրենցով Աստծո առջև բացարձակապես էլ արգելված և սկզբունքայնորեն թշնամական ինչ-որ բան չեն հանդիսանում, այլ ընդհակառակը, դրանց ճիշտ օգտագործման պարագայում դրանք նույնիսկ հաճելի են Նրան։

   Այս հատվածում կան մի շարք հետաքրքիր ազգագրական վկայություններ․ Մադիամ, Գեփա, Սաբա, Կեդար, Նաբեոթ (6-7-րդ համարներ)։ Սրանք բոլորը «Սաբայի» և «երջանիկ Արաբիայի» բնակիչներն են, որոնք Սողոմոնի ժամանակաշրջանից ի վեր առավել գործուն փոխհարաբերություններ էին հաստատել հրեաների հետ և հայտնի էին իրենց հարստությամբ։ Մասնավորապես «Մադիամը և նրա որդին՝ Գեփան», Ծննդոց գրքի վկայության համաձայն (Ծննդ. 25։2-4), Աբրահամի՝ Քետուրայից սերած հետնորդներն են։ Իսկ Կեդարը և Նաբեոթը, համաձայն այդ նույն տվյալների (Ծննդ. 25:13), Աբրահամի և Հագարի որդի Իսմայելի սերունդներն են։ Հետևաբար սրանք բոլորն արաբական քոչվոր ցեղեր էին, որոնք բավականին մոտ ազգակցական կապեր ունեին հրեաների հետ։ Եվ նրանք այստեղ մարգարեի կողմից անուն առ անուն հիշատակվում են ո՛չ առանց հատուկ մտադրության. «Աստծո կողմից ընտրված, հավատացյալների հայր Աբրահամի մարմնավոր սերունդներն այստեղ ընտրվում են որպես հոգևոր զավակներ՝ ըստ Աբրահամի հավատքի, ուստի և նրանք օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ միասին» (Գաղ․ 3։9, Վլաստով, էջ 369)։ Դասական հնագրությունը և նորագույն պեղումներն այս հիշատակված բոլոր ժողովուրդներից առանձնացնում են հատկապես Նաբեոթին կամ նաբաթացիներին, որոնք ապրում էին հյուսիսային Արաբիայում։ Հայտնի է, որ նաբաթական թագավոր Նաթանայելը Ք․ ա․ մոտ 645թ․ անգամ համարձակվել է պատերազմի դուրս գալ ասորեստանյան արքա Աշուրբանիպալի դեմ։ Այս ժողովրդից մեզ են հասել վերջերս հայտնաբերված, հետաքրքիր «նաբաթական արձանագրությունները»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ:
(Արարատ թարգ․) Դու պիտի տեսնես և լուսափայլ դառնաս, և սիրտդ պիտի բաբախի ու լայնանա, որովհետև քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։
(Գրաբար) Յայնժամ տեսցես` եւ խնդասցես. երկիցես եւ զարհուրեսցիս ի սրտի քում. զի փոխեսցի ի քեզ մեծութիւն ծովու, եւ ազգաց` եւ ժողովրդոց: