Ա. Լոպուխին
4-5․ «Քեզ այլևս «լքված» չեն անվանելու, և քո երկիրն այլևս «անապատ» չեն կոչելու, այլ քեզ անվանելու են «Իմ բարեհաճությունը նրա վրա է», իսկ քո երկիրը կոչելու են «ամուսնացած», քանի որ Տերը բարեհաճ է քո հանդեպ, ու քո երկիրը պիտի միավորվի»: [4] «Ինչպես որ երիտասարդն է միանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի միավորվեն քեզ հետ, և ինչպես որ փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ քո Աստված է ուրախ լինելու քեզ համար»: (Սինոդական թարգ․)
Համեմատություններն ու կերպարները, որոնց մասին խոսվում է այս համարներում, Եսայի մարգարեի կողմից առավել մանրամասնորեն նկարագրվել են նաև նախկինում (Ես. 54:4-8) և մեկնաբանվել են մեր կողմից: Դրանց ընդհանուր գաղափարն այն է, որ եթե նախկինում մարմնավոր Իսրայելը (հինկտակարանյան Եկեղեցին) խզել էր իր ամուսնական կապը Տիրոջ հետ և այդ իսկ պատճառով էլ, կարծես թե, լքվել էր Նրա կողմից, ապա այժմ հոգևոր Իսրայելը (նորկտակարանյան Եկեղեցին), դեպի Աստված իր անկեղծ դարձով, կրկին արժանանում է իր Տիրոջ բարեհաճությանը և վերականգնում ու հավիտենապես ամրապնդում է այդ կապը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Իսրայելի կարգավիճակի փոփոխությունն այստեղ արձանագրվում է նաև համապատասխան անվանափոխության իրողությամբ. նախկինում այն կոչվում էր «լքված»՝ եբրայեցերեն՝ «ազուվա», իսկ այնուհետև վերանվանվում է «խեֆցի-բա», որ նշանակում է «բարեհաճությանն արժանացած»: Հետաքրքրական է նշել, որ նմանատիպ անուններն իսկապես կիրառվում էին հրեաների կողմից. օրինակ՝ «Ազուվա» էր կոչվում հրեական թագավոր Հոսափատի մայրը (Գ Թագ. 22:42), իսկ «Խեֆցիբա» անունը կրում էր հրեական թագավոր Մանասեի մայրը (Դ Թագ. 21:1):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այլեւս չես կոչուելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ: Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն, որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի:
(Արարատ թարգ․) Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը» և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ», որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։
(Գրաբար) և ո՛չ ևս կոչեսցիս Լքեալ, և երկիրն քո ո՛չ ևս կոչեսցի Աւերակ։ Զի քեզ անուն կոչեսցին կա՛մք իմ, և երկրին քում շինութիւն բնակութեան. զի հաճեսցի Տէր ընդ քեզ, և երկիրն քո խռնեսցի՛ 'ի բնակութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: