Եսայու մարգարեության մեկնություն 63:17

Ա. Լոպուխին

«Ինչի՞ համար, Տեʹր, Դու մեզ թույլ տվեցիր, որ մոլորվենք Քո ճանապարհներից, որ կարծրացնենք մեր սրտերը, որպեսզի չվախենանք Քեզանից: Վերադարձի՛ր հանուն Քո ծառաների, հանուն Քո ժառանգության սերունդների»: [17] (Սինոդական թարգ․)
   
   «Ինչի՞ համար, Տեʹր, Դու մեզ թույլ տվեցիր… որ կարծրացնենք մեր սրտերը․․․» - Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներ է բերում՝ ցույց տալով, թե ինչպես է Տերը թույլ տալիս, որ մեղքի մեջ արմատացած մեղավորների սրտերը կարծրանան (Ելք 4:21, 7:3, 9:12, 10:1 և այլ տեղիներ): Այստեղ չի կարելի չնկատել մարդկային կամքի ազատությանը, ինչպես նաև սեփական փրկությանը հասնելու հարցում յուրաքանչյուրի անձնական ջանքերի կիրառության անհրաժեշտությանը վերաբերող ամենահիմնավոր ապացույցներից մեկը: Պատմական առումով այստեղ, հավանաբար, նկատի է առնվում Իսրայելի ա՛յն խստասրտության պարագան, որից նրան փորձում էին ետ պահել մարգարեները (Ես. 6:10, 29:10 և այլ տեղիներ) և որը պախարակում էին առաքյալները (Հռոմ. 11:7):

   «Վերադարձի՛ր հանուն Քո ծառաների, հանուն Քո ժառանգության սերունդների․․․» - Քանի որ ավելի վաղ (15-րդ համար) Տերը պատկերվում էր որպես Իսրայելին լքած և նրանից երես թեքած մեկը, ուստի այժմ մարգարեն աղոթում է Նրան, որպեսզի նա կրկին գթությամբ նայի Իր ժողովրդին ու դեմքով դառնա դեպի նա: «Ծառաներ» ու «ժառանգության սերունդներ» արտահայտությունների ներքո պետք է հասկանալ Տիրոջ հավատարիմ ծառաներին, որոնք ճանաչեցին Փրկչին ու դրեցին նորկտակարանյան Եկեղեցու հիմքերը: Այս «արդարների» արժանիքների շնորհիվ էլ մարգարեն հանդգնում է աղոթել ամբողջ ժողովրդի փրկության համար, նման այն բանին, թե ինչպես էր մի ժամանակ Աբրահամն աղոթում Սոդոմի ու Գոմորի բնակիչների փրկության համար՝ արդարների որոշակի թվի առկայության «շնորհիվ», չնայած որ այնտեղ անհրաժեշտ թվով արդարներ չգտնվեցին (Ծննդ. 18:23-32): Այս խոսքերին կարելի է վերագրել նաև այն իմաստը, որը դրանց հաղորդում է մեր մեկնաբաններից մեկը. «Աստծո գթությունն են խնդրում Նրա ծառաների ու Նրա ժառանգության սերունդների համար, որպեսզի փաստվեր, որ իսրայելացիները Նրա համար ընտրվել էին որպես «պտուղ»՝ իբրև Տիրոջ ծառաներ ու Նրա ժառանգորդներ: Իսկ եթե Աստված Իր երեսը նրանց կողմ չդարձնի, ապա կարող է թվալ, որ Նա հրեաներին իզուր է ընտրել որպես Իր ժողովուրդ և չի հասել Իր ցանկալի նպատակին, որ էր՝ պատրաստել նրանց Իր ժառանգության համար» (Պետրոս եպիսկոպոս, Եսայի մարգարեի գրքի բացատրություն, էջ 323):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի, որ քո ժառանգութիւնն է:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։
(Գրաբար) Զմէ՞ մոլորեցուցեր զմեզ Տէր ի ճանապարհաց քոց. խստացուցեր զսիրտ մեր չերկնչել ի քէն: Դարձ վասն ծառայից քոց. դարձ վասն ազգաց ժառանգութեան քոյ: