Եսայու մարգարեության մեկնություն 63:2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը:
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 63:1
   

Ա. Լոպուխին

2-3․ Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը, և քո հանդերձները հնձան տրորողի հանդերձի նման են։ [2] «Ես միայնակ տրորեցի հնձանը, և ժողովուրդներից ոչ ոք Ինձ հետ չէր. և Ես տրորում էի այն Իմ զայրույթով ու Իմ բարկությամբ ճմլում էի այն. նրանց արյունը ցայտում էր Իմ հագուստների վրա, ու Ես Իմ հագուստներն ամբողջությամբ բծերով պատեցի»: (Սինոդական թարգ․)
   
   «Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը, և քո հանդերձները հնձան տրորողի հանդերձի նման են» - Հաղթողին կրկին հարցադրում են ուղղում տարակուսյալները: Ու իրենց այդ հարցադրումին այսպիսի պատասխան են ստանում. «Ես միայնակ տրորեցի հնձանը, և ժողովուրդներից ոչ ոք Ինձ հետ չէր. և Ես տրորում էի այն Իմ զայրույթով ու Իմ բարկությամբ ճմլում էի այն. նրանց արյունը ցայտում էր Իմ հագուստների վրա, ու Ես Իմ հագուստներն ամբողջությամբ բծերով պատեցի»: Այս պատասխանի մեջ կիրառվում է այն նույն պատկերը, որն առկա էր նաև հարցադրման մեջ, այսինքն՝ խոսքը բովանդակում է համեմատություն այն ժամանակ Արևելքում տիրապետող խաղողի  հյութ քամելու պրակտիկայի կիրառության հետ, որի ժամանակ բնական ու անխուսափելի կերպով աղտոտվում էր այն մարդու հագուստը, որը զբաղվում էր այդ գործով: Այսպիսի համեմատությունը չի կարելի չընդունել որպես հատկապես արտահայտիչ և պատկերավոր նկարագրություն Աստծո թշնամիների պատժի վերաբերյալ այստեղ բովանդակվող գաղափարի արտահայտման տեսանկյունից:

   «Հարցադրման ունկնդիր եղողը պատասխանում է, որ Նա ճմլել է հնձանը, որի մեջ խաղողի ողկույզների փոխարեն «բանտարկված» էին Իր թշնամիները, որ Նա ոտնատակ է արել նրանց Իր զայրույթի ժամանակ, նրանց արյունը ցայտել է Իր հագուստների վրա ու կարմրացրել է դրանք» (Հայտ. 19:13): Աստծո բարկության հնձանը, որը ոտնակոխ արեց Քրիստոս-Փրկիչը, դժողքն էր, որը Նա կործանեց (Եփես. 4:8-9) Իր խաչելությունից հետո: Դժողքի դեմ այս պայքարում, Սամսոնի նմանությամբ, որը միայնակ պատերազմ էր մղում փղշտացիների դեմ, կամ էլ Դավթի պես, որը դարձյալ միայնակ պայքարում էր Գողիաթի դեմ, Քրիստոս նույնպես միայնակ էր ու Իրեն որևէ օգնական չուներ մարդկանց միջից (Մատթ. 26:56, Հովհ. 16:32, Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, Եսայի մարգարեի գիրքը, էջ 905): Չնայած որ այստեղ խոսքը կարծես թե միշտ անցյալում տեղի ունեցած իրադարձության մասին է, սակայն դա, ակնհայտորեն, արվում է այն նպատակով, որպեսզի այդ խոսքն ավելի պատկերավոր և նկարագրականշ, ավելի համոզիչ ու ներգործուն դառնա: Սակայն սույն մարգարեության, ինչպես նաև Եսայի մարգարեի մի շարք այլ մարգարեությունների փաստացի իրականացումը կարելի է «տեղայնացնել» պատմական երկու ժամանակաշրջանների վերաբերությամբ. Դա առաջին հերթին՝ քրիստոնեական ժամանակաշրջանի սկզբնահատվածն էր, որը համընկավ մի շարք հին-հեթանոսական միապետությունների անկման շրջանի հետ, և երկրորդ՝ քրիստոնեական այդ ժամանակաշրջանի ավարտը՝ Ահեղ Դատաստանի ժամանակահատվածը, երբ որ պիտի տեղի ունենա վերջին ու վերջնական հաշվեհարդարը չարի բոլոր խավարային զորությունների նկատմամբ (Ա Կորնթ. 15:24-28):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը:
(Արարատ թարգ․) Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողի հանդերձի նման են։
(Գրաբար) Վասն է՞ր կարմիր են ձորձք քո, եւ հանդերձք իբրեւ հնծանահարի, լիոյ հնծանի կոխելոյ: