Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից: Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն:
Տիրոջ պատգամները լսեք դուք, որ դողում եք Նրա խոսքերից։
Այս խոսքը ակնարկում է հետևյալը. «Ձե՛զ եմ ասում, որ լսում եք», որովհետև նրանց բավական է միայն լսելը:
Խոսեցեք ձեր ատելիների և ձեզ զզվանք պատճառողների հետ։
Սա այն նույն միտքն է, որն ասում է Տերը. «Բարիք արեք ձեր ատելիներին» (Մատթ. 5։44)։ Իսկ Պողոսն ասում է. «Եթե քո թշնամին քաղցած է՝ հաց տուր նրան, ու եթե ծարավ է՝ ջուր, և այսպես անելով կրակե կայծեր կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12։20):
Որպեսզի փառավորվի Տիրոջ անունը, ըստ այս խոսքի. «Որ տեսնեն ձեր գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։16): Այդ նույն կերպ և մեր ծուլության վերաբերյալ ասում է. «Իմ անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ, ասում է Տերը (52։5):
Աղաղակի՝ խռովության ձայն է հնչում քաղաքից, և դա այն ժամանակ, երբ թշնամիները պաշարեցին այն (Ա Մակաբ. 11։49), այլև՝ ձայն տաճարից (66։6)։ Սա այն մասին է խոսում, որ քաղաքի բնակիչները քաղաքը հանձնեցին, որովհետև տաճարին ապավինում էին իբրև մի մեծ բանի՝ բարեգործություններն անտեսելով և ասելով. «Տիրոջ տաճա՜րը, տաճա՜րը» (Երեմ. 7։4), որից էլ սկսվում է ավերը: Եվ սրանից հայտնի է, որ նեղության ժամանակ չի կարելի ապավինել այլ մեկին, բայց միայն՝ Աստծուն և հոգիների առաքինությանը:
Ա. Լոպուխին
«Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք Նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և հալածում են ձեզ Իմ անվան համար, ասում են. «Թող Տերը հայտնվի Իր փառքով, և մենք ձեզ կտեսնենք ուրախության մեջ»: Բայց նրանք պիտի ամաչեն»: [5] (Սինոդական թարգ․)
«Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք Նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և հալածում են ձեզ Իմ անվան համար, ասում են. «Թող Տերը հայտնվի Իր փառքով, և մենք ձեզ կտեսնենք ուրախության մեջ»: Բայց նրանք պիտի ամաչեն: Ահա՛ քաղաքից աղմուկ է լսվում, տաճարից՝ ձայն, Տիրո՛ջ ձայնը, Որը հատուցում է Իր թշնամիներին։ «Դեռ երկունքի ցավերով չէր տանջվում, սակայն ծնեց, նախքան նրա ցավերի սկիզբը նա մի որդի ունեցավ: Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել: Մի՞թե երկիրը մեկ օրում է ստեղծվում: Մի՞թե մի ժողովուրդ միանգամից է ծնվում, ինչպես Սիոնը, որը հազիվ սկսել էր տանջվել երկունքի ցավերով, երբ ծնեց իր որդիներին։ Մի՞ թե Ես կհասցնեմ երկունքի ու չեմ թողնի ծնել»,- ասում է Տերը,- «կամ էլ ծնելու համար ուժ կտամ, բայց արգանդը կփակե՞մ ու չե՞մ թույլատրի»,- ասում է քո Աստվածը: Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ և ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար: Որպեսզի սնվեք ու հագենաք նրա մխիթարող ստինքներից, խմեք և վայելեք նրա փառքի առատությունը: Քանի որ այսպես է ասում Տերը. «Ահա Ես նրա վրա եմ բերում խաղաղությունն ինչպես գետ, և ժողովուրդների հարստությունը որպես հորդահոս հեղեղատ ձեր վայելումի համար, ձեզ ձեռքերի վրա են տանելու և շոյելու են իրենց ծնկների վրա: Ինչպես որ մեկին մխիթարում է իր մայրը, այնպես էլ Ես պիտի մխիթարեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում: Եվ դուք պիտի տեսնեք դա, ու ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն, ինչպես երիտասարդ կանաչը, և Տիրոջ ձեռքը բացվելու է Իր ծառաների առաջ, իսկ Իր թշնամիների վրա Նա բարկանալու է» - Սա մարգարեական խոսքի մի նոր հատված է, որը քաջալերում է Իսրայելի այն զավակներին, որոնք հավատարիմ են մնացել Տիրոջն ու այդ իսկ պատճառով էլ նախատինքներ էին կրել Աստծուն ուրացած իրենց ազգակիցների կողմից:
«Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք Նրա խոսքից․․․» - Այս խոսքերը համեմատելով ավելի վաղ հնչած խոսքերի հետ (2-րդ համար)՝ մենք տեսնում ենք, որ այստեղ Տերը դիմում է Իսրայելի արդար ու հավատարիմ զավակներին, որոնց համար խորթ է մեծամտության ու հպարտության ոգին, որը համակել էր մեծավ մասամբ կուրացած ժողովրդին:
«Որոնք ատում և հալածում են ձեզ Իմ անվան համար․․․» - Սա ուշադրության արժանի մարգարեական մանրամասնություն է, որը խոսում է այն մասին, որ նախադավան քրիստոնյաների առաջին հալածիչները եղել են հին հուդայականության ներկայացուցիչները (Գործք. 6:12 և այլ տեղիներ): Քրիստոսի այդպիսի խոստովանողներին մեծ պարգև է խոստացվում նաև «Լեռան քարոզ»-ի երանությունների ժամանակ. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն ու Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն (Մատթ. 5:11):
«Թող Տերը հայտնվի Իր փառքով, և մենք ձեզ կտեսնենք ուրախության մեջ» - Սրանք հեգնանքի ու ծաղրանքի խոսքեր են, որոնք հասցեագրված են հավատացյալներին։ Այդ խոսքերը նման այն արտահայտություններին, որոնք իր մարգարեական ծառայության սկզբնական հատվածում Եսայի մարգարեն դնում էր անօրենների ու անհավատների շուրթերին. «Թող Տերը շտապի…ու մենք կտեսնենք» (Ես․ 5:19)։ Անհավատույան այս նույն խոսքերը, որոնք դուրս են գալիս դաժան, թունավոր սրտի խորքերից (Մատթ. 15:19), մենք լսում ենք քահանայապետերի, դպիրների ու փարիսեցիների շուրթերից. «Թող իջնի խաչի վրայից, ու մենք կհավատանք Նրան» (Մատթ. 27:42-43, Մարկ. 15:29-33, Ղուկ. 23:35, Վլաստով, էջ 422):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից: Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն:
(Արարատ թարգ․) Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. «Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ»։ Բայց նրանք պիտի ամաչեն»։
(Գրաբար) Լուարուք զպատգամս Տեառն, եւ որ դողայք ի բանից նորա: խաւսեցարուք եղբարք մեր ընդ ատելիս ձեր եւ ընդ գարշեցուցիչս. զի անուն Տեառն փառաւորեսցի, եւ երեւեսցի յուրախութեանն ձերում` եւ նոքա ամաչեսցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: